HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վիտամին D դեղերը գրանցվել են հավելումների անվան տակ

Կենսաբանական ակտիվ հավելումները նույնականացվում են իբրև սնունդ և վերահսկվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դրանց գրանցումը, ի տարբերություն նույն նպատակի համար ծառայող դեղամիջոցների, արագ և քիչ ծախսատար գործընթաց է:

«Հետք»-ն ուսումնասիրել է այդ շուկան և պարզել, որ Հայաստանում կենսաբանական ակտիվ հավելումների անվան տակ գրանցվել են դեղեր՝ մասնավորապես վիտամիններ՝ բարձր դեղաչափով, որոնց գերդոզավորումը կարող է թունավոր ազդեցություն ունենալ օրգանիզմի համար:

 

Վերջին 4 տարիներին Հայաստանում կենսաբանական ակտիվ հավելումների տեսակների թիվը կրկնակի աճել է։ 2018թ. տվյալներով՝ պետական գրանցում ունի և դեղատներում վաճառվում է 396 անուն կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ), որոնցից ամենաշատը բերված է ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Սլովենիայից և Իտալիայից։

Կենսաբանական ակտիվ հավելումները կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով և Մաքսային միության՝ «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով:

ԿԱՀ-երի մի մասը պարաֆարմացեվտիկ խմբի հավելումներ են, որոնք իրենց հատկանիշներով մոտ են դեղերին․ դրանք հիմնականում օգտագործում են պրոֆիլակտիկ նպատակով և քիչ չափաքանակով՝ կարող են նպաստել օրգանիզմի բնականոն կենսագործունեության վրա:

Լայն տարածում ունեն հատկապես վիտամիններ պարունակող հավելումները։

ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգը, որով և կարգավորվում են կենսաբանական ակտիվ հավելումների թույլատրելի դեղաչափերը, սահմանում է այնպիսի դոզաներ, որոնց դեպքում հավելումները չունեն բուժիչ հատկություն, այլ ընդամենը լրացնում են սննդակարգը։

Սակայն, ուսումնասիրելով պետական գրացում ստացած կենսաբանական ակտիվ հավելումները, մենք պարզել ենք, որ Հայաստանը որպես կենսաբանական ակտիվ հավելում է գրանցել ԿԱՀ-երի համար անթույլատրելի դոզա պարունակող վիտամիններ, որոնք արդեն համարվում են դեղորայք և պետք է լինեին առողջապահության նախարարության տիրույթում։

Մասնավորապես, պետական գրանցում ունեն և դեղատներում վաճառվում են  2500 ՄՄ, 5000 ՄՄ և 10000 ՄՄ (միջազգային միավոր) չափաբաժնով վիտամին D3 կենսաբանական ակտիվ հավելումներ։

Այնինչ գործող ՄՄ ՏԿ 021/2011 վիտամին D-ի օրական օգտագործման համար բավարար չափաքանակ է սահմանում 400 ՄՄ, իսկ թույլատրելի վերին սահման՝ 600 ՄՄ : Այսինքն՝ 4-16 անգամ ավելի քիչ:

Այդ երեք հավելումներն էլ 2017թ. գրանցել է «Տոնուս Լես» ՍՊԸ-ի «Էֆ-Դի- էյ լաբ» փորձարկման լաբորատորիան.

  • 2017թ․ օգոսոտոսի 2-ին լաբորատորիան գրանցել է «Վիտամին D3» 2500 ՄՄ (արտադրող՝ ամերիկյան Quest Vitamins Ltd,  իրացնող՝ «Դեմի Ֆարմ»
  • 2017թ․ ապրիլի 19-ին գրանցել է «Վիտամին D3» 5000 ՄՄ  (արտադրող՝ «Նատրոլ» ՍՊԸ, ներկրող՝ «Մագտոնի» ՍՊԸ):
  • 2017թթ. սեպտեմբերի 6-ին էլ գրանցել է նույն ընկերությունների արդեն՝ «VITAMIN D3» 10000 ՄՄ դեղաչափով վիտամինները։

Բոլորը՝ որպես կենսաբանական ակտիվ հավելում։

Նշենք, որ վերջերս մենք ուսումնասիրել էինք տղամարդկանց պոտենցիայի բաձրացման համար նախատեսված կենսաբանական ակտիվ հավելումները, որտեղ ևս խախտումներ էր թույլ տվել «Էֆ-Դի-էյ լաբ»-ը։

Մասնավորապես՝ գրանցել էր արգելված տրիբուլուս (տատաշ) բույսը պարունակող հավելում։ Մեր հրապարակումից հետո ընկերության տնօրեն Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են դեպքն ու որոշել շուկայից հետ կանչել այդ հավելումները՝ ավելացնելով, որ իրենց լաբորատորիայում դեռևս այս տարվա փետրվարից ստեղծվել է մոնիտորինգային խումբ, որն ուսումնասիրում է իրենց լաբորատորիայի իրականացրած գրանցումները՝ դրանցում եղած անհամապատասխանությունները հայտնաբերելու նպատակով:

Եվ, քանի որ նախկինում նորմատիվ փաստաթղթերի դաշտը հստակ չէր, այդ պատճառով իրենց մոտ «ոչ ճիշտ գրանցումներ կատարելու նախապայմաններ էին առաջացրել»:

 

Վիտամին D. ինչի՞ համար է պետք և ի՞նչ չափաքանակով

Միջազգային տարբեր ուսումնասիրություններով՝ վիտամին D-ի oրական անհրաժեշտ չափաբաժինը 1-70 տարեկանում սահմանվում է մինչև 15 մկգ (միկրոգրամ) կամ 600 ՄՄ:

«Հետք»-ը խնդրել էր «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ին պարզաբանել՝ ի վերջո որ դոզավորման դեպքում է վիտամին D3-ը կենսաբանական ակտիվ հավելում, իսկ որ դեպքում՝ դեղ:

Լիազոր մարմինը, սակայն, չկարողացավ հստակ դեղաչափեր նշել՝ հավելելով, որ թեև ՀՀ ազգային օրենսդրությամբ վիտամին D-ի դեպքում դեղի չափաքանակը սկսվում է 400 ՄՄ-ից, սակայն ԵԱՏՄ-ում ընդունված իրավական ակտերն այս դեպքում ավելի առաջնահերթ են:

 Վիտամին D կամ կալցիֆերոլ

Oրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական միացությունների, կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խումբ, ռախիտը կանխարգելող վիտամին:

Հիմնականում առաջանում է մաշկի մեջ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործությունից և որոշ չափով՝ սննդի միջոցով:

 

Երևանի պետական բժշկական համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբոնի վարիչ Նարինե Միրզոյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ հստակ սանդղակ նշել չի կարող, սակայն հայտնեց, որ իր վերաբերմունքը առհասարակ վիտամին պարունակող կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ միանշանակ չէ, և դրանց կիրառումը համարում է բավականին «սխալ մոտեցում».

«Միջազգային գիտական տվյալներով, որոնք վաղուց արդեն հայտնի են, եթե անձը նորմալ է սնվում, ստանում է սննդակարգով բոլոր իրեն անհրաժեշտ նյութերը, վիտամինների ավելցուկները միայն վնաս են հասցնում, օգուտ մենք չենք տեսնում»,- ասում է Ն. Միրզոյանը՝ հավելելով, որ վիտամին D-ի գերդոզավորումը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա:

«Թույլատրված օրական չափաքանակից ավելի կիրառման դեպքում գրանցվում է գերվիտամինոզ, որովհետև D վիտամինը, A վիտամինը և E վիտամինը, հատկապես՝ A-ն և D-ն ունեն գերդեղաչափավորման թունավոր հատկություններ,- նշում է Ն. Միրզոյանը:- Կարող է օրգանիզմի թունավորում տեղի ունենալ»:

D վիտամինի պակասը, սակայն, ևս կարող է վատ ազդեցություն ունենալ՝ թե՛ փոքր, թե՛ մեծ տարիքում: Մասնավորապես, օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումն ու ֆոսֆորը, ինչի հետևանքով ոսկորները կարող են թուլանալ և ծռվել՝ առաջացնելով ռախիտոսկրակակղանք  ինչպես նաև՝ ավելացնել օստեոպորոզի ռիսկերը:

Վիտամին D-ի՝ օրգանիզմին անհրաժեշտ չափաքանակը կարող է որոշել բժիշկը՝ հատուկ հետազոտություններից հետո:

Մեկնաբանություններ (3)

Руслан
Регистрация БАД через Армению sgr-bad.ru
Anna
Добрый день. Просьба подсказать, какая государственная структура Армении осуществляет государственную регистрацию БАД? К кому можно обратиться? Спасибо заранее.
Քրիստինե Միլիտոնյամ
Որ խնդրեմ կասեք վիտամին D 9 տաչեկան երեխային կարողենք տալ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter