HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում նոր մարզադաշտի կառուցմամբ

Կառավարության այսօրվա նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարեց, որ չինական ՏԵԴԱ (Տյանցզինյան տնտեսական և տեխնիկական զարգացման գոտի) ընկերությունը հետաքրքրված է հայկական հումքի բազայի վրա շինարարության մեջ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու գաղափարով: Վերմիշյանը, դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանին, շեշտեց նաև, որ ընկերության ներկայացուցիչները բավական մեծ հետաքրքրություն ունեն հայկական ֆուտբոլում ներդրումներ անելու առնչությամբ:

Վանեցյանը, միանգամից արձագանքելով, նշեց, որ հենց կառավարությունը տարածք հատկացնի, կմեկնարկեն նոր մարզադաշտ կառուցելու աշխատանքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նոր մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, քանի որ այն հնարավարություն կտա նաև միջազգային հանդիպումներ անցկացնել Հայաստանում: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ մարզադաշտի կառուցումը չպետք է տեղի ունենա կանաչ գոտիների հաշվին:

«Կարծում եմ, որ համաչափ զարգացման տրամաբանությամբ պետք է մտածել և լավ լուծում գտնել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, օրինակ՝ օդանավակայանին մոտ գտնվելը և այլն: Այնուամենայնիվ, դա շատ կարևոր նախագիծ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, շարունակելով թեման, ասաց, որ Հայաստանն այսօր մարզադաշտ չունենալու պատճառով կարող է որակազրկվել:

«ՈւԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այսօր մենք մարզադաշտ կառուցելու խնդիր ունենք: Ես համաձայն եմ, որ մարզադաշտը չպետք է կառուցվի կանաչ գոտիների հաշվին, սակայն ուզում եմ նշել նաև, որ հիմա կառուցվող ժամանակակից մարզադաշտերը, նախատեսում են իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի: Այսինքն` մարզադաշտի շուրջը կառուցվում է ժամանակակից այգի: Մարզադաշտն ինքն իրենով գրավելու է 5-6 հեկտար տարածք, իսկ շրջակա միջավայրը 10-15 հեկտար պետք է անպայման այգի լինի: Այն պետք է նաև ժամանցի վայր լինի, ոչ միայն պարզապես մարզադաշտ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք արդեն մի քանի տարբերակ քննարկել են, և օրինակ` այն գաղափարը, որ մարզադաշտը կարող է կառուցվել Հյուսիս-Հարավ ճանապարհին հարակից որևէ վայրում, ըստ գործադիրի ղեկավարի՝ շատ լավ տարբերակ է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց «Հրազդան» մարզադաշտի ներկայիս վիճակով և հարցրեց, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան: ՀՖՖ նախագահն ասաց, որ «Հրազդան»-ը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ահռելի մեծ գումարների ներդրում է անհրաժեշտ:

«Դրանից հետո էլ պարզ չէ՝ «Հրազդան» մարզադաշտը կընդունեն, թե ոչ, որովհետև մարզադաշտերին վերաբերող ամենակարևոր խնդիրն այսօր անվտանգության ապահովումն է, մի քանի կողմից ճանապարհների առկայությունը մարզադաշտի տարհանման ժամանակ, 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը պետք է ամբողջությամբ տարհանվի, «Հրազդան»-ի դեպքում անհնար է համապատասխանեցնել այդ պայմաններին: Սակայն եթե ֆինանսական միջոցներ ունենանք, «Հրազդան»-ը պետք է վերանորոգենք և օգտագործենք տեղական խաղերի կազմակերպման համար, որի պահանջարկը էլի շատ մեծ է: Այդ թեմայով սեփականտիրոջ (սեփականատերը նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, հեղ.) հետ մի քանի անգամ հանդիպել եմ, բանակցությունները տարվում են»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարզադաշտի կառուցման վերաբերյալ քննարկումները պետք է ինտենսիվացնել և ի վերջո որոշում կայացնել:

«Տարբերակները քննարկել ենք, սկզբունքների շուրջ համաձայնել ենք: Հիմա պետք է լավագույն տեղը ընտրել, փորձագետների հետ քննարկել, որ դա իսկապես կաշխատի գլոբալ գաղափարի համար: Ի վերջո մարզադաշտը պետք է նոր փիլիսոփայություն ունենա: Եթե մարզադաշտում ընդամենը որոշ ժամանակը մեկ ֆուտբոլի խաղեր տեղի ունենան և ոչ շատ հաճախ, պետք է հասկացվի՝ այդ 100 միլիոն ներդրումը ինչի համար պետք է արվի: Պետք է շատ պարզ լինի, թե այդ ներդրումը ինչ է բերելու»,- իր մտահոգությունը հայտնեց կառավարության ղեկավարը:

Արթուր Վանեցյանն էլ ընդգծեց, որ այդ ներդրումների մեջ պետությունը մասնակցություն չի ունենալու, պետական բյուջեից գումարներ չեն ուղղվելու, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ամեն դեպքում ներդրողը պետք է իմանա, որ այդ գումարները հետ են գալու: ՀՖՖ նախագահն էլ ավելացրեց, որ այդ ամենին պետք է նայել նաև որպես բիզնես-մոդել, ոչ միայն որպես մարզադաշտ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ ասաց, որ ճիշտ չէ միայն ֆուտբոլային մարզադաշտը կառուցելը, և շատ ավելի լավ կլինի, որ մարզադաշտը կառուցվի օլիմպիական ստանդարտներով՝ մասնավորապես 50-60 հեկտար տարածքի վրա, ինչն էլ ըստ Վերմիշյանի՝ թույլ կտա նույնիսկ Օլիմպիադան անցկացնելու հայտ ներկայացնել:

«Չինացիների թեման շարունակելով՝ ցանկանում եմ ասել, որ ամբողջ Չինաստանը երազում է Եվրոպայի գավաթի խաղերին մասնակցել, բայց իրենք հնարավորություն չունեն, քանի որ Եվրոպայում չեն: Այստեղ Հայաստանը՝ իրենց օգնություն»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Քննարկման ավարտին Նիկոլ Փաշինյանը կատակելով ասաց. «Վանեցյանը կդասավորի էդ հարցերը»:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ֆեդերացիայի ծրագրերի մեջ է մտնում 33 հազար հանդիսական տեղավորող նոր մարզադաշտի կառուցումը:

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter