HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կարծում եմ` ինքնաբուխ ակցիա էր». ոտիկանապետ Վալերիյ Օսիպյանը` վարչապետի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու մասին

«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր»,-  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ՀՀ դատարանների մուտքերն արգելափակելու մայիսի 20-ի գործողություններին, ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Դիտարկմանը, թե ակցիան վարչապետի կոչով էր, ոստիկանապետը պատասխանեց, թե ամեն դեպքում տեղի ունեցածը տեղավորվում է «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում:

«Ես դա  համարում եմ ինքնաբուխ շտապ հավաք»,- հայտարարեց Վալերիյ Օսիպյանը՝ վստահեցնելով, թե մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ժամանակ ոստիկանությունն անգործության չի մատնվել, պարզապես ընտրել է բացատրական աշխատանքներ իրականացնելու մարտավարությունը:

Անդրադառնալով իր եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014 թվականին տեղի ունցած դանակահարության դեպքին՝ Օսիպյանը նշեց, որ տեղյակ չէ՝ եղբորորդին այս պահին ինչ կարգավիճակ ունի:

«Եղբորս ընտանիքի հետ շփվում եմ, բայց իր հետ չեմ շփվում, քանի որ ասել եմ՝ մինչ դու չապացուցես քո անմեղությունը, դու իրավունք չունես ինձ հետ շփվելու։ Քանի որ առաջին օրվանից անցել է 5 տարի, առաջին օրվանից ինքը ինձ վստահեցնում է, որ ինքը չի և ինքը ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել։ Այո, ինքը եղել է կռվի մասնակից, բայց ինքը չի եղել դանակահարողը»,– նշեց Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիս ամսին Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր երեք օր անց, շուտով Սեդրակ Օսիպյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Օսիպյանի եղբորորդին իրավապահներին ներկայացել էր միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց էր ընտրվել:

Այն բանից հետո, երբ արդեն հայտնի էր դարձել վերը նշված միջադեպի մասին, Սամվել Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, բարձրաձայնել  էր,  որ 2014-ին Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը փորձել է համոզել, որպեսզի մյուս որդին՝ Սարգիս Հովհաննիսյանն, իր վրա վերցնի դանակահարությունը: Վալերիյ Օսիպյանի վերաբերյալ մամուլում արված հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվել է, իսկ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել էր: Վերջերս գործի քննությունը նորից ակտիվ կերպով իրականացվում է: Վանուշ Ալեքսանյան ու վերջինիս հարազատները հրաժարվել են իրենց՝ նախկինում տված ցուցմունքներից, համաձայն որի՝ Ալեքսանյանին հարվածել է կապուտաչյա մի երիտասարդ՝ Սեդրակ անունով (Օսիպյանի եղբորորդի Սեդրակ Օսիպյանն ունի կապույտ  աչքեր-հեղ):

Այս պահին գործով մեղադրյալ է ներգրավված Սարգիս Հովհաննիսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ: Վերջերս Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվել է  ՌԴ-ում:

Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ միջադեպից անմիջապես հետո Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սմբուլ Հովհաննիսյանը, որդուն ուղարկել է ՌԴ:

«Խնդրում եմ ինձ բացատրեք՝ եթե դու չես, ապա ինչու 2-3 ժամ անց դու քո որդուն տանում ես, Հայաստանից ճանապարհում ես»,- հարցրեց Վալերիյ Օսիպյանը:

Մեր դիտարկմանը, որ Օսիպյանի եղբորորդին ևս միջադեպից հետո փախուստի է դիմել, և հարցին՝ այդ դեպքում Սեդրակ Օսիպյանն ինչո՞ւ էր նման քայլի դիմում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, թե, ամեն դեպքում, երբորորդին իր խափանման միջոցը փոխելու որոշումից հետո մնացել է Հայաստանում և այս պահին ևս գտնվում է այստեղ:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված միջադեպին, մասնավորապես՝ հանգամանքին, որ ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որում Բալասանյանն է գտնվել, Օսիպյանը նշեց, որ Բալասանյանի հետ կապված խնդիր չի եղել: Հարցին՝ ում մոտ էին ոստիկանները զենք փնտրում, ոստիկանապետը չպատասխանեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter