Արմավիրի մարզի 3 համայնքներում սպասվում են մրցակցային արտահերթ ընտրություններ
Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Նորակերտում, Վարդանաշենում և Ապագայում, հունիսի 9-ին կայանալու են համայնքապետի արտահերթ ընտրություններ: Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ 3 համայնքներում էլ մրցակցային ընտրություններ են սպասվում, իհարկե, եթե ընթացքում չլինեն ինքնաբացարկ հայտնողներ:
Նորակերտում առաջադրվել է 4 թեկնածու: Բոլորն էլ անկուսակցական են: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պետրոսյանը ևս առաջադրվել է: Ըստ գյուղում շրջանառվող լուրերի` վերջինս Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է:
Նշենք, որ Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը 2018թ. դեկտեմբերի 12-ին հրաժարականի դիմում ներկայացրեց համագյուղացիների ճնշման արդյունքում: Օրեր շարունակ բողոքի ակցիաները ստիպեցին համայնքապետին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում գրել:
Վարդանաշենում թեկնածուները 3-ն են, դարձյալ՝ անկուսակցական: Երկու թեկնածուները մենատնտես են, մեկը՝ անհատ ձեռնարկատեր: Վարդանաշենի համայնքապետ Արթուր Մանուկյանը համայնքապետ էր ընտրվել փետրվարի 17-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ, սակայն մարտի 5–ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել:
Ապագա համայնքում առաջադրվել է 3 թեկնածու: Բոլորն էլ անկուսակցական են: Առաջադրվածների թվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ավագյանը: Ապագայի համայնքապետ Արտաշես Բարսեղյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել 2019թ. փետրվարի 28-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել