
Կոնստանտին Օրբելյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Նազենի Ղարիբյանի
Դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի նախարարության։ Դիրիժորը պահանջում է մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչել և որպես հետևանք անվավեր ճանաչել նաև մարտի 3-ի՝ նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին թիվ 16-Ա հրամանը։
Հայցադիմումի մեջ որպես երրորդ անձ է նշված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ–ը։ Հայցադիմումը մակագրվել է մայիսի 23-ին վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Կոստանտին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր պայմանագիրն օրինական է եղել, սակայն այլ հարց է եղել արդյոք իշխանությունները դա լեգիտի՞մ են համարել, թե՞ ոչ։
Մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը 2019թ.-ի մարտի 29-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանին ազատել է թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ազատման հիմքում դրված է այն, որ Օրբելյանը 2017 թվականի օգոստոսի 2-ին առանց մրցույթի, թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո էլ շարունակել է համատեղությամբ զբաղեցնել գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը։
Մեկնաբանել