
Ֆիզիկային նվիրված միջազգային դպրոց և գիտաժողով Երևանում
Այսօր Երևանում մեկնարկել են ֆիզիկային նվիրված միջազգային ամառային դպրոցի աշխատանքները: Նպատակն է միավորել ֆիզիկայով հետաքրքրվող անձանց և գիտնականների` փոխանցելու բնագավառի վերաբերյալ գիտելիքները և փորձը: Դպրոցի ավարտից հետո կանցկացվի կոնֆերանս: Դպրոցի և գիտաժողովի թեման է հավասարակշռությունից դուրս գտնվող քվանտային բարդ համակարգերը բազմամասնիկային ֆիզիկայում և դրանից դուրս:
Հայաստանում այս թեմայով անցկացվող առաջին ամառային դպրոցն է և կոնֆերանսը: «Թեման կարևոր է համակարգչային, IT կիրառությունների ոլորտում, մոդելների ստեղծման համար: Սա խաչվում է ֆիզիկայի արդի բոլոր ոլորտների հետ: Այս դպրոցի նպատակն է միավորել զարգացող երկրների ուսանողներին, կարևոր է նաև այն, որ Հայաստանը գիտականորեն համագործակցի հարևան երկրների` Իրանի, Վրաստանի հետ»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատող Արփինե Փիլոյանը:
Այս տարի ամառային դպրոցին մասնակցում է մոտ 40 ուսանող-հետազոտող:
Հայաստանյան տեղական կազմակերպիչն է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, իսկ հովանավորն է ICTP տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը:
Այսօր դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Բորիս Ալտշուլերը, ով նշեց, որ դպրոցը և գիտաժողովը մեծ դեր ունեն երիտասարդ գիտնականների կայացման գործում: «Այս թեման բոլոր կողմից խաչվում է ոչ միայն ֆիզիկայի, այլև համակարգչային կիրառության համար, և արդյունքը կարելի է տեսնել պրակտիկ գործի միջոցով»,- նշեց նա:
Կալիֆոռնիայի պետական համալսարնի (Բեյկերսֆիլդ) պրոֆեսոր Վլադիմիր Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում կարևորեց Հայաստանում այսպիսի դպրոցի անցկացումը, նշեց, որ դպրոցը և դրանից հետո անցկացվող գիտաժողովը հնարավորություն են տալիս ամրապնդել կապերը ոլորտի ներկայացուցիչների հետ և նաև երիտասարդ սերնդին հնարավորություն են տալիս հետաքրքրող հարցերն ուղղել ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնականներին:
«Նպատակ է եղել, որ բոլորին միավորենք, այստեղ եկածների 70 տոկոսը համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսներ են: Հետագայում էլ եթե հնարավորություն լինի, կարող են ստացած կոնտակտների միջոցով շփումը շարունակել»,- ասաց Գասպարյանը:
Ֆիզիկային նվիրված դպրոցը բաց է մինչև մայիսի 31-ը, իսկ դրանից հետո կանցկացվի 4-օրյա կոնֆերանս: Թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ խտացված նյութի ֆիզիկան զարգանում է ամբողջ աշխարհում և լայն կիրառություն ունի: Վ. Գասպարյանը, զրույցի ընթացքում հավելեց, որ 30 տարի է՝ Հայաստանից դուրս է գտնվում, բայց կարևորում է Հայաստանում եղած գործընկերների հետ կապի պահպանումը, ըստ նրա` դպրոցը և կոնֆերանսը հնարավորություն կտան Հայաստանի անունը ևս մեկ անգամ գիտության բնագավառում շեշտելու, և սա դրական ներուժ կլինի Հայաստանի համար:
«Չեմ կարող ասել, որ ֆիզիկայի բնագավառում հեղափոխություն կլինի, բայց հավատացեք, այս երիտասարդ սերունդը, որ այստեղ նստած է, հաստատ ինչ-որ բան կսովորի»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը:
Մեկնաբանել