
Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի գավաթը զիջեց «Չելսի»-ին
Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում լոնդոնյան երկու ակումբների պայքարում ուժեղ գտնվեց «Չելսի»-ն և 4:1 հաշվով պարտության մատնեց «Արսենալ»-ին՝ նվաճելով գավաթը: Հանդիպումը տեղի ունեցավ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, այդ պատճառով «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց այն:
Առաջին խաղակեսն անցավ «զինագործների» փոքր առավելությամբ, սակայն լուրջ գոլային պահեր այդպես էլ չստեղծեցին՝ չհաշված Գրանիտ Ջակայի հեռահար հարվածը, որը փոքր-ինչ շեղությամբ անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով: Առաջին կեսում «Չելսի»-ին հաջողվեց երկու հարված կատարել «Արսենալ»-ի դարպասին, սակայն երկու դեպքում էլ թիմին փրկեց դարպասապահ Պետեր Չեխը, որն իր կարիերայի վերջին հանդիպումն էր անցկացնում: Այնուամենայնիվ, առաջին 45 րոպեներն անցան առանց գոլերի:
Երկրորդ խաղակեսը գերգոլառատ ստացվեց: Խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց «Չելսի»-ի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: 60-րդ րոպեին «ազնվականները» կրկնապատկեցին իրենց առավելությունը, աչքի ընկավ Պեդրո Ռոդրիգեսը, իսկ 65-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Էդեն Ազարը՝ հաշիվը դարձնելով 3:0: 69-րդ րոպեին «Արսենալ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ Ալեքս Իվոբիի գոլի շնորհիվ, և երբ թվում էր՝ հանդիպման ինտրիգը վերականգնվել է, Էդեն Ազարը ևս մեկ գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 4:1:
Այսպիսով, Լոնդոնի «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ չի մեկնելու Բաքու: Վերջին 20 օրերին Հենրիխ Մխիթարյանի՝ եզրափակչին մասնակցել-չմասնակցելու հարցը համաշխարհային մարզական մամուլի գլխավոր թեմաներից մեկն էր, այնուամենայնիվ հայ ֆուտբոլիստը որոշեց բաց թողնել հանդիպումը:
Մխիթարյանն այս պահին գտնվում է Հայաստանում: Հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ նա լուսանկար էր հրապարակել սոցցանցերում և քաջալերել իր թիմակիցներին և երկրպագուներին. «Ամբողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել էր 30-ամյա հայ կիսապաշտպանը:
Մեկնաբանել