
Փոփոխություններ՝ պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ»-ի ժամկետներում
Խորհրդարանում քննարկվում է կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագիծը զեկուցեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Այս փոփոխություններով առաջարկվում է պայմանագրային զինծառայողության ժամկետները և տարիքային շեմերը փոփոխել։ Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։
Բալայանի խոսքով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկել է հատուկ մասնագիտությունների դեպքում այդ շեմը բարձրացնել մինչև 45 տարեկանը լրանալը, ինչն ընդունելի է կառավարության համար։
Նախագծով առաջարկվում է գործող 3-12 ամիս կամ 3 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության պայմանագիրը դարձնել 2, 3, 4 կամ 5 տարի ժամկետով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հետաքրրքվեց, թե ինչու է «Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։
«Հետազոտությունները, նաև համակարգում ներգրավվածությունը ցույց են տալիս, որ այն կառուցակարգերը, որոնցով առաջնորդվում ենք, հղկման կարիք ունեն։ Գրավչությունը բարձրացնում ենք, բայց խստացնում ենք պայմանները, օրենքի ընդունումից հետո փոփոխություններ կկատարվեն ենթաօրենսդրական ակտերում»,- ասաց Բալայանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննոս Հովհաննիսյանը խոսեց տարկետման մասին՝ հիշեցնելով, որ կառավարության 451 որոշման համաձայն՝ ասպիրանտներին ու մագիստրոսներին տարկետման իրավունք է տրվում։
«Բայց մի քանի տարի անց որոշումը ուժը կորցնելու է, քանի որ բակալավրիատից տարկետում չեն ստանում։ Կրթության շարունակականության խնդրի մասին միշտ խոսել ենք, որը, կարծում եմ, «Պատիվ ունեմ»-ով էլ չի լուծվում»,- ասաց պատգամավորը՝ հետաքրքվելով՝ ինչպես վարվել, որ կրթության շարունակականությունը չտուժի։
Փոխնախարարն արձագանքեց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա։ «Հույս ունենք, որ «Պատիվ ունեմ»-ը ավելի գրավիչ սարքելով՝ կկարողանանք այդ շարունակականությունը բակալավրիատի մասով ապահովել»,- ասաց Բալայանը։
Առաջարկվում է օրենքով ամրագրել նաև, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում: Տեղեկացնենք, որ օրենքի 21-րդ հոդվածում նշվում է, որ բացառիկ դեպքերում կառավարության որոշմամբ քաղաքացին կարող է ազատվել զինծառայությունից, սակայն օրենքում չի հստակեցվում, թե որոնք կարող են համարվել բացառիկ դեպքեր:
Նախագծով ամրագրվում է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով և պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
Մեկնաբանել