
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար առաջադրվել էր նաև ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:
Քննարկումների ժամանակ ներկաներից մի քանիսը ակնարկեցին, որ Գեղամ Գևորգյանը իշխանություններին ցանկալի թեկնածու է և որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել Գևորգյանին ընտրելու համար, սակայն Գեղամ Գևորգյանը իր ելույթում նշեց, թե իր համար ցավալի է, որ իր անունը կապվում է հեղափոխության կամ հակահեղափոխության հետ:
«Չեմ ամաչում այն կադրերից, որ պարբերաբար ցուցադրվում է, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: Ինձ համար առավել ցավալի է, որ այդ մասին դատողություններ են անում մարդիկ, որոնք այդ ժամանակ դռան հետևում փակված դողացնում էին, չգիտեին, թե ինչ անեին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նկատի ուներ 2018թ. ապրիլի 13-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարաները ԵՊՀ-ում ցանկանում էին բարձրանալ ռեկտորի աշխատասենյակ, սակայն այն ժամանակ դեռ պրոռեկտոր եղած Գեղամ Գևորգյանը թույլ չէր տալիս բարձրանալ ռեկտորի մոտ: Այս մասին այսօր խոսել էր նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ-ն 2006 թվականից ղեկավարած Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ եթե ինքը հրաժարական չտար, միևնույն է՝ իրեն պաշտոնանկ էին անելու իր բնորոշմամբ՝ օրենքի խախտումներով: Հոգաբարձուների խորհուրդն այսօր ընդունեց Սիմոնյանի հրաժարականը:
Գեղամ Գևորգյանը 2008 թվականից զբաղեցրել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը, սակայն 2019թ. մարտի 15-ին Արամ Սիմոնյանի հրամանով՝ ազատվել էր պաշտոնից՝ անվստահության հիմքով: Գևորգյանը ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր է: Նրա ամբողջական կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել