
«Արարատ-Արմենիա»-ն հռչակվեց Հայաստանի չեմպիոն
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2018-19թթ. առաջնությունը, որի վերջին՝ 36-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց «Բանանց»-ին և նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Չեմպիոնական գոլը 52-րդ րոպեին հեղինակեց «Արարատ-Արմենիա»-ի լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը և խփելով առաջնությունում իր 15-րդ գնդակը:
Եզրափակիչ տուրի մյուս հանդիպումներում «Գանձասար-Կապանը» 7:1 հաշվով ջախջախեց «Արարատ»-ին, «Լոռի»-ին 3:2 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ, իսկ «Արցախ»-ը նույն 3:2 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին:
Վերջին տուրից առաջ «Արարատ-Արմենիա»-ն 2 միավորով զիջում էր երևանի «Փյունիկ»-ին, որն իր վերջին խաղն անցկացրել էր մայիսի 26-ին՝ 2:1 հաշվով հաղթելով «Արարատ»-ին: Փյունիկցիներին չեմպիոնության համար մնում էր հուսալ, որ «Բանանց»-ն այսօր կկարողանա միավորներ խլել «Արարատ-Արմենիա»-ից, սակայն ինչպես տեսանք, վերջինս կարողացավ հաղթանակ տանել և վաստակած 61 միավորով հռչակվել չեմպիոն, իսկ «Փյունիկ»-ը 60 միավորով բավարարվեց փոխչեմպիոնի կոչումով:
Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալները բաժին հասան «Բանանց»-ին, որն իր ակտիվում գրանցեց 52 միավոր: Հայաստանի՝ նախորդ երեք տարիների չեմպիոն և նորընծա գավաթակիր «Ալաշկերտ»-ը 51 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը
«Արարատ-Արմենիա»-ն նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում՝ «Ավան-Ակադեմիա» անունով: Վերանվանումից և բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցության առաջին իսկ փորձից ակումբը դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հայաստանի բարձրագույն խմբի 2018-19թթ. առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որն իր հաշվին գրանցեց 17 գոլ: «Արարատ-Արմենիա»-ի հարձակվող Անտոն Կոբյալկոն 2 գոլով զիջեց Դեսիրեին:
«Արարատ-Արմենիա»-ն գալիք մրցաշրջանում Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, իսկ «Փյունիկ»-ը, «Բանանց»-ն ու Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտ»-ը կխաղան Եվրոպա լիգակի որակավորման փուլում:
Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես կգա 10 թիմ: Գործող թիմերին կմիանա նաև «Երևան»-ը:
Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել