HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կլասիցիզմի դասեր ու «թունավոր ելույթներ» խորհրդարանում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թեմայով

Երկու օր է խորհրդարանում իշխանական «Իմ քայլը» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև չեն դադարում բանավեճերը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացի վերաբերյալ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ մի բաժակ մածունով և իր ամբողջ ելույթը նվիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

«Երբ ընտրվեցի ԱԺ աշխատանքի, տրամադրված էի արդյունավետ, ստեղծագործ աշխատանքի, մինչև այժմ տրամադրված եմ նման աշխատանքի, բայց այդ աշխատանքը երբեմն ստիպում է, որ շեղվենք բուն նյութից և անդրադառնանք որոշ հարցերի»,- ասաց նա։

Վերջինս անդրադարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդով պայմանավորված բուհի քաղաքականացման հարցին, ինչի համար մեղադրում էր Մարուքյանը։

«Ես հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, այդ առաջարկը ստացել եմ ավելի վաղ, քան արտահերթ ընտրության օրն էր որոշված, իմ գործունեության ընթացքում շատ զգույշ եմ եղել, որ խորհուրդը չքաղաքականացվի»,- ասաց Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով՝ ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ այլ բուհերում, որոնք տնօրինում են հանրային միջոցներ, պետական գույք, որոնց բյուջեի երբեմն կեսից ավելին հանրային միջոցներ ունեն, կան վերահսկող մարմիններ:

«Այդ անդամների մի մասը նշանակվում է կառավարության կողմից, եթե խնդիր ունենք այս կարգավորման հետ, եկեք, քննարկենք՝ արդյոք պատրա՞ստ ենք բուհերին տալ այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերահսկողության գործունեություն ծավալել»,- ասաց նա։

Դանիելյանի համոզմամբ՝ Մարուքյանը հաճախ ինքն իրեն հակասում է.

«Պարոն Մարուքյանը մեղադրել է իմքայլականներին, որ ՍԴ անդամի քվեարկության ժամանակ «Չակ Նորիս» է գրվել քվեաթերթիկի վրա, դուք երաշխիք ունե՞ք, որ որևէ իմքայլական է եղել, գիտե՞ք, որ քվերակությունը փակ-գաղտնի է, սա ինչ մոտեցում է»,- ասաց նա։

Ելույթի վերջում Դանիելյանը կոչ արեց մնալ կառուցողականության շրջանակներում։

«Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա, տակն ի՞նչ կմնա։ Ես այստեղ բերել եմ մի մածուն, ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»,- ասաց նա։

Դանիելյանի ելույթին արձագանքեց Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով չկայանալ իր անունն օգտագործելու շնորհիվ։

«Ես հասկանում եմ՝ ձեր գայթակղությունը մեծ է՝ իմ հաշվին կայանալու, բայց մենք Ձեզ անգամ դա չենք թույլ տալու։ Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան նշելով՝ դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ այդ կլասիկի մակարդակին հասնեք»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ առաջացած վիճաբանության հարցին՝ Մարուքյանն ասաց.

«Ես խոսում եմ սկզբունքայնության մասին, ուզում եմ հասկանամ ձեր իշխանությունն իր ասած սկզբունքները պահո՞ւմ է, թե չէ: Հայտարարել եք, որ համալսարանի դուռը փակողը չպետք է ռեկտոր աշխատի, փաստ եմ ներկայացրել, որ դուռը փակողին ռեկտոր եք նշանակել, պատասխանը տվեք։ Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացնելու եք, «Իմ քայլից» քա՞նի պատգամավոր կա բուհերի խորհուրդներում։ Ես չգիտեի, որ Դուք անդամ եք, ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով Դանիելյանին։

Մարուքյանը հեգնեց՝ ուրախ է, որ «Իմ քայլում» Էդմոն Մարուքյանի գծով թեկնածուական են ուզում պաշտպանել, հետևում են իր գրառումներին ու հարցազրույցներին։

«Շատ շոյված եմ Ձեր պահվածքից, բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե իմ ասածները ձեզ ներվայնացնում են, նորմալ է, բայց մի բերեք ներվայնությունները այս ամբիոնից տարածեք, թունավոր ելույթ էր դա։ Մի հատ ժպտացեք, գարնան վերջին օրն է վերջին հաշվով, կարելի՞ է այդքան չկամություն ցուցաբերել այս ամբիոնից»,- ասաց նա։

Մարուքյանը կոչ արեց «չխցկվել բուհերի խորհուրդներ»։

«Ձեր շատ գործընկերներ, միգուցե նաև Դուք ասում եք՝ ընդդիմությունը սաղ օրը խոսում է, գործ չի անում՝ փորձելով մարդկանց մոլորության մեջ գցել։ Ստեղի գործը խոսելն է, գրածը խոսելով ներկայացնել, դա՞ էլ սովորացնենք»,-ասաց նա։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց, որ խորհրդարանի ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորացնի։

Մարուքյանի ելույթին հաջորդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը։

«Ստիպված եմ նորից անդրադառնալ պարոն Մարուքյանին: Դուք՝ որպես իրավաբան, պետք է ծանոթ լինեիք բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդի ձևավորման կարգին։ Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից 25 տոկոս, ու դա չի ենթադրում, որ քաղաքական գործիչը, խորհրդում լինելով, քաղաքականացնում է»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս հիշեցրեց, որ ԵՊՀ խորհրդի նախագահը կուսակցական չէ, Բժշկական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Պոլիտեխնիկի և մի շարք այլ բուհերի խորհուրդների նախագահները կուսակցական չեն։

«Այդ բոլորը չտեսնելն ու ասել նախկինի պես է, ինչպես ՀՀԿ-ն էր անում, սա անբարոյականություն է, ինչպես Դուք եք ասում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենց իշխանության ժամանակ Վանաձորի պետական համալսարանի խորհրդի անդամ է նշանակվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը։

«Ես եմ զանգել Ձեր եղբորը, որովհետև տեսել ենք, որ նա մեծ գործ է անում COAF սմարթ կենտրոնում ու խնդրել ենք, որ նա լինի Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Մարուքյանը տեղից արձագանքում էր, որ իր եղբայրը պատգամավոր է ընտրվել, սակայն հրաժարվել է մանդատից։

Հովհաննիսյանն արձագանքեց՝ այն, որ խորհրդի անդամը կուսակցական է, դա չի նշանակում բուհը քաղաքականացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter