HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի չարաշահումների վերաբերյալ քրգործով խուզարկվել են Գագիկ Բեգլարյանի եղբոր տունն ու ավտոտնակը

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանն ու դրան կից ավտոտնակում: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը օրեր առաջ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն՝ ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:

Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600 մլն դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:

Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1 մլրդ 10 մլն դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Լուսանկարը Factor.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter