
Կապանում նավթ և գազ որոնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի նախագծին, որով նավթի և գազի երկարաբանական ուսումնասիրություններ է նախատեսվում Կապան համայնքի տարածքում, որն անվանում են նաև 6-րդ պայմանական տարածք:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մայիսի 17-ին է հաստատել ԲՆ փորձաքննական եզրակացությունը, որը հրապարակվել է ԲՆ կայքում մայիսի 29-ին:
Գլխավոր մասնագետ Զարուհի Զուռնաչյանը 3 փորձաքննական պահանջ է առաջադրել ընկերությանը: Այն է՝ բացառել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները հատուկ պահպանվող և անտառային տարածքներում:
Երկրորդը՝ խստագույնս հետևել նախնական գնահատման հայտնի փաստաթղթերում ամրագրված բնապահպանական միջոցառումների կատարմանը և սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը:
Երրորդը՝ հորատման տեղամասը և խորությունը որոշելուց հետո՝ մինչև իրականացումը, անհրաժեշտ է բնապահպանության նախարարություն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ հորատման աշխատանքների իրականացմամբ:
Չնայած մայիսին է հաստատվել այս նախագիծը, բայց ընկերությունը նախատեսել էր աշխատանքները սկսել 2019թ. ապրիլին և ավարտել 2024թ. մարտին: Ընկերությունը նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրությունը կատարելու է սեյսմովիբրատորների օգնությամբ:
«Ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա»,- արձանագրել է մասնագետ Զարուհի Զուռնաչյանը:
Եզրակացության մեջ նաև նշվում է, որ Կապանում կայացած հանրային քննարկումներին հնչել են իրարամերժ կարծիքներ: Հանրության մի մասը դեմ էր արտահայտվում հանքարդյունահանմանը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին, դրա փոխարեն առաջարկելով մարզում զարգացնել առաջատար տեխնոլոգիաները:
Հիշեցնենք, որ «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք: Այն հիմնադրվել է Հայաստանում՝ կանադական ծագման ընկերությունների կողմից և նպատակ ունի գազի և նավթի որոնումներ իրականացնել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Մեկնաբանել