
Դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը վստահ է՝ Հատուկ քննչական ծառայությունը կա՛մ կբողոքարկի որոշումը, կա՛մ նոր՝ վերացական հիմք կստեղծի՝ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը նորից դատարան ներկայացնելու և դատարաններից նրան կալանավորելու որոշում կորզելու համար:
«Հատուկ քննչական ծառայության համար Վահագն Հարությունյանին կալանավորելը գերխնդիր է»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ դատարանը խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 31-ին:
Առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ էր քննվում հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը:
Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր:
2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, բայց նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու նորից կալանքի միջնորդություն ներկայացրել:
Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:
Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում պետք է ի կատար ածվի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի, փաստորեն, գործը նորից ուղարկվել էր առաջին ատյանի դատարան:
Մեկնաբանել