HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Գագիկ Հեբոյանի գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին. Կոտայքի մարզի 4 դատավոր ինքնաբացարկ է հայտնել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ  առկա տեղեկատվության՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Հովհաննես Ավագյանը, Գեղամ Մարգարյանը, Վարդան Ստեփանյանը և Գոռ Շահբազյանը ինքնաբացարկ են հայտնել նախքան գործը Տաթևիկ Գրիգորյանին մակագրվելը:

Նշենք, որ Տաթևիկ Գրիգորյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, գործը մակագրվել է նրան, քանի որ գործուղվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին  փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Գործի նախաքննության ավարտի մասին հաղորդագրության մեջ Հատուկ քննչական ծառայությունը նշել էր, որ դատավորն, ըստ մեղադրանքի քաղաքացուն  3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց  պահանջել է  1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ  դոլար կաշառք, սակայն  սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու  հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց  1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

«Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Հիշեցնենք, որ Հեբոյանը  ձերբակալվել էր մարտի 27-ին,  դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որոնք բավարարվել էին:

Դրանից հետո դատավորին մեղադրանք է առաջադրվել ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Այս պահին դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

    

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter