HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Արձանագրվեց, որ կա ճգնաժամ դատական համակարգում. դատարաններն իրար չեն վստահում»

Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը՝ Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ կյանքից զրկելու կասկածանքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի արդյունքն է։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն երեկ ձերբակալել էր Գեղամ Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով։

«Ես կարծում եմ, որ սա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետևողական աշխատանքը, բոլորս ենք, չէ՞, հասկանում, որ վերջին տասը տարվա ընթացքում ոչ թե քննություն է եղել, այլ արվել է ամեն ինչ, որ փաստերը կոծկվեն։ Էն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է` ամեն ինչ է փոխված, և էս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ մարդ ձերբակալվի… Էդ լուրը իմանալուց հետո ես էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, մի բան ակնհայտ է, որ բոլոր սպանությունները պետք է բացահայտել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց փաստահավաք խմբի հրապարակած նյութերը. «Հարցաքննությունից ակնհայտ է, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե ճշմարտություն են պատմում, այլ փորձում են կոծկել, տեսարան կար, որ մի պաշտոնյա ասում է, որ ավտոմատները լցրել է մեքենայի բեռնախցիկը և բաժանել ինչ-որ մարդկանց»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ նույն գործի շրջանակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հնարավոր է՝ Սահմանադրական դատարանը քննի, Փաշինյանն ասաց, որ իրավական գնահատականներ չի կարող հնչեցնել, բայց, ընդհանուր առմամբ, կարող է արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով, և բոլորի իրավունքները պաշտպանված են։

«Մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգով, իսկ վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում նման հարցեր լուծելը»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց դատական համակարգի վերաբերյալ իր` նախկինում տված գնահատականը: «Ես ասել եմ, որ որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը չեմ քննարկելու, բայց փաստն այն է, որ դատական համակարգը չունի Հայաստանի ժողովրդի վստահությունը»,- ասաց նա։

Հարցին, թե երբ է մեկնարկելու դատավորների ունեցվածքը վեթինգի ենթարկելու գործընթացը, Փաշինյանն ասաց, որ այն արդեն գործնականում մեկնարկել է։

«Այս ամեն ինչի արդյունքում արձանագրվեց, որ կա ճգնաժամ դատական համակարգում. Վճռաբեկ դատարանը ՍԴ-ի դեմ է հայտարարություն անում, դատավորների խորհուրդը` ԲԴԽ-ի դեմ, ԲԴԽ-ն ևս հայտարարություններով է հանդես գալիս, սա է այս փուլի ամենակարևոր արդյունքը։ Դատական համակարգը արձանագրեց, որ ճգնաժամի մեջ է, դատարաններն իրար չեն վստահում»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ որքան էլ ինքը պահում է իր խոստումը և չի միջամտում դատարանների աշխատանքին, միևնույն է` իրեն մեղադրում են, և յուրաքանչյուր որոշման սլաքներն իր դեմ են ուղղում։ Ըստ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու իր որոշման նպատակը ի ցույց դնելն էր, որ ինքը որևէ կապ չունի դատական համակարգի հետ։ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծվելու են հակակոռուպցիոն դատարաններ, ինչը ենթադրում է նաև դատավորների աշխատավարձի բարձրացում։

«Առանց դատավորների աշխատավարձի բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ, ինձ պետք չէ մարիոնետային դատարան։ Ես հավատում եմ էն իդեալներին, որոնց հիման վրա փոփոխություններ ենք արել, եթե պետք լիներ մարիոնետային դատարան, այն պատրաստ էր»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բյուջեով հնարավոր էր բարձրացնել դատավորների աշխատավարձը, սակայն հանրությունը դա չէր ընդունի, կասեր՝ սոցիալական խնդիրները թողած` դատավորների աշխատավարձն են բարձրացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter