HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյան. «Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ԱԱԾ լավագույն սպաներից է, ազնիվ գեներալներից մեկը»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ինչպես և պաշտոնը ստանձնելիս, այնպես էլ հիմա այն կարծիքին է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արզուման Հարությունյանը պրոֆեսիոնալ է։

Այս մասին խորհրդարանում մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը, երբ հիշեցրինք, որ պաշտոնը ստանձնելիս ասում էր՝ Արզուման Հարությունյանը ոլորտի լավագույններից է, և եթե դա այդպես է, ինչու է աշխատանքից հեռացվել։

«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանն ԱԱԾ լավագույն սպաներից է, ազնիվ գեներալներից մեկը, նա իր անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։

Մեր դիտարկմանը, թե հանրապետության նախագահի հրամանագրով է վերջինս ազատվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ընթացակարգն է այդպիսին, և ԱԱԾ տնօրենի դիմումը բավարարվել է։

«Նա դիմում է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ, որը բավարարվել է, և նա ազատվել է պաշտոնից։ Դիմումը բառացիորեն գրված է եղել՝ խնդրում եմ ազատել կենսաթոշակային տարիքիս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»,- ասաց նա։

Երբ հիշեցրինք, որ Արզումյան Հարությունյանի՝ պաշտոնից ազատմանը անմիջապես հետևել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, որը ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբայրն է, արդյոք այս դեպքերն իրար հետ կապված չեն, Վանեցյանը չցանկացավ պատասխանել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի տեղակալի՝ թափուր մնացած պաշտոնին, Վանեցյանն ասաց, որ այդ պաշտոնում, ըստ օրենսդրության, պետք է նշանակվի ԱԱԾ ոլորտից որևէ պաշտոնատար անձ։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հանրապետության նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով ԱԱԾ հնաբնակ պաշտոնյա Արզուման Հարությունյանն ազատվել էր պաշտոնից։ Արզուման Հարությունյանը նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի խնամին է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter