HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նոր հաշվարկներով՝ եկամտային հարկի համահարթեցումը կհանգեցնի բյուջեի տարեկան 30 մլրդ դրամի կորստի

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է Կառավարության կողմից։ Առաջարկվող փոփոխությունները երկար ժամանակ ու բավականին բուռն քննարկվել են մասնավոր բանավեճերում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, գրվել են մի շարք հոդվածներ, ուսումնասիրություններ և այլն։ Հենց այս փաթեթով է առաջարկվում անցում կատարել եկամտային հարկի համահարթեցման, նվազեցնել շահութահարկը, բարձրացնել խաղային ոլորտի հարկերը և այլն։ Քննարկվում է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է։ Ըստ նրա՝ այս փոփոխությունները հետապնդում են երեք հիմնական նպատակադրում՝ արտահանմանն ուղղված ճյուղերի բարելավում, միկրոձեռնակատիրության և փոքր ձեռնակատիրության միջավայրի բարելավում և վերջին մեկ տարում նկատված հրատապ խնդիրների լուծում։

Եկամտային հարկի համահարթեցում. ամենաաղմկահարույց առաջարկներից մեկը

Նախագծերի այս փաթեթով առաջարկում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկը և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ։ Առաջարկվում է 2020 թվականից եկամտային հարկը սահմանել 23 % բոլորի համար՝ ներկայում գործող պրոգրեսիվ համակարգի փոխարեն և այնուհետև երեք տարիների ընթացքում այն շարունակաբար նվազեցնել մինչև 20 %։ Հիշեցնենք, որ եկատային հարկի համահարթեցմանը դեմ են արտահայտվել մի շարք տնտեսագետներ ու այլ ոլորտների մասնագետներ, ըստ որոնց՝ դա բերելու է բարձր և ցածր վաստակող խավերի միջև «անդունդի» խորացման և ընդհանուր առմամբ՝ դրանով չի պահպանվում հարկման ու սոցիալական արդարության սկզբունքը։

Եկամտային հարկի իջեցմանը զուգահեռ նախատեսվում է վերականգնել սոցիալական վճարի (կուտակային կենսաթոշակային վճարների) պետության և մասնակիցների միջև հավասարությունը, որի պարագայում երկու կողմերը վճարելու են մասնակցի աշխատավարձի 5 %-ի չափով։ Ներկայում պետության մասնակցության չափը 7.5 % է, իսկ քաղաքացունը՝ 2.5 %:

Այս փոփոխությունները ենթադրում են հարկային  եկամուտների կորուստ։ Ըստ Արման Պողոսյանի` նոր հաշվարկներով, որոնք հիմնված են 2018 թվականի տվյալների վրա, եկամտային հարկի գծով կորուստը տարեկան կկազմի շուրջ 30 մլրդ դրամ, իսկ շահութահարկի գծով կորուստը՝ 11  մլրդ դրամից փոքր-ինչ ավել։

Նախատեսվում է կորուստները փոխհատուցել անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին։ «Կառավարությունը չի առաջարկում ԱԱՀ բարձրացում, քանի որ այն իր բնույթով ընդգծված ռեգրեսիվ հարկատեսակ է, և դրա յուրաքանչյուր տոկոսային կետով բարձրացում ուղղակի հարված կարող է հասցնել աղքատությանը։ Ամենաօպտիմալ լուծումն, ըստ Կառավարության, ակցիզային հարկի բարձրացումն է։ Սա հիմնավորվում է նրանով, որ համադրելի երկրների փորձի ուսումնասիրությամբ գալիս ենք այն համոզման, որ ակցիզային հարկի բեռը մեր երկրում էականորեն ցածր է։ Որոշ ապրանքատեսակների գծով այդ տարբերությունը բազմապատիկն է։ Ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությունը կատարվում է ոչ թե պարզունակ, այլ համակարգային փոփոխությամբ։ Առաջարկվում է ակցիզային հարկի խառը մոդելից անցում կատարել միջազգային պրակտիկայում առավել ընդունված հաստատուն դրույքաչափերին։ Ներկա համակարգն ունի մի շարք բացասական կողմեր, որոնց անդրադառնալու առիթներ կունենանք դեռ։ Նշեմ միայն մեկը՝ այն անհավասար հարկային բեռ է ենթադրում ինչպես ներմուծվող և տեղական արտադրության համեմատության համատեսքտում, այնպես էլ՝ տարբեր գնային սեգմենտներում գտնվող ապրանքների համեմատության համատեքստում, քանի որ հարկը հաշվարկվում է արժեքային հիմքով։ Բացի այդ, ստացվում է, որ մենք արժեքային հիմքով երկու հարկատեսակ ենք կիրառում՝ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ, որը նույնպես ընդունելի չէ միջազգային պրակտիկայում»,- ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշեց Ֆինանսների փոխնախարարը։

Երեք համակարգ՝ հինգի փոխարեն

«Փոփոխությունների հաջորդ խումբն, ըստ էության, համակարգային նշանակության փոփոխություններն են։ Այստեղ կառավարությունն առաջարկում է սկզբունքային պարզեցման գնալ և հինգ աստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ ընդամենը երեքը»,- ասաց Արման Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայիս հարկային օրենսդրության համաձայն գործում է հարկման 5 համակարգ։ Առաջինը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգը, որի տարեկան առավելագույն շրջանառության շեմը 9 մլն դրամն է, երկրորդը՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգը՝ մինչև 18 մլն դրամ շեմով, շրջանառության համակարգը՝ մինչև 58.35 մլն դրամ շեմով, որին հաջորդում է ավելացված արժեքի հարկի համակարգը։ Մյուսն էլ արտոնագրային հարկման համակարգն է, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակ­­­ներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճա­­­րում են արտոնագրային հարկ՝ հաստատուն գումար։

Այժմ Կառավարությունն առաջարկում է վերացնել արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակար­գից կարող են օգտվել ինչպես իրավա­բա­նա­կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, այն­պես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրաց­ման շրջանառության տարեկան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Շահաբաժիննների հարկումը ռեզիդենտների և ոչ ռեզիդետների համար

Նախագծերի փաթեթով առաջարկվող մյուս փոփոխությունը շահաբաժինների հարկման բեռի նվազեցումն է։ «Այստեղ մենք որոշակի անհավասար պայմաններ ունենք մեր հայաստանյան սուբյեկտների՝ քաղաքացիների և ռեզիդենտ կազմակերպությունների, և ոչ հայաստանյան սուբյեկտների՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, կազմակերպությունների միջև։ Մասնավորապես, ռեզիդենտ կազմակերպություններից ստացված շահաբաժինները չեն հարկվում, իսկ ոչ ռեզիդենտներինը հարկվում են 10 % դրույքաչափով։ Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է այդ թիվը կիսով չափ նվազեցնել ու սահմանել 5 %: Ֆիզիկական անձանց պարագայում օտարերկրացիները հարկվում են 10 % դրույքաչափով, տեղացիները՝ 5 %-ով։ Նախագծով առաջարկվում է հավասարեցնել հարկման պայմանները»,- նշեց Ֆինանսների փոխնախարարը։

Ոլորտային փոփոխությունները. ուշադրության կենտրոնում խաղատներն են

Առաջարկ կա հարկային փոփոխություններ մտցնել որոշակի առանձին ոլորտներում։ Հիմնական ոլորտներից մեկը խաղային ոլորտն է՝ վիճակախաղերի ու շահումով խաղերի կազմակերպումը։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների գործունեության մասին է։ Առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից տոտալիզատորների հարկումն իրականացնել շահութահարկով, իսկ մեկ տարի հետո՝ 2021  թվականից, շահութահարկի դաշտ տեղափոխել նաև շահումով խաղերի ոլորտը, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կազմակերպվող շահումով խաղերի ոլորտը։ Իսկ մինչև այս փոփոխությունների իրականացումն առաջարկվում է 20 %-ով բարձրացնել այս ոլորտներում գործող ընկերությունների կողմից վճարվող պետական տուրքի դրույքաչափերը։

«Խնդիրն այն է, որ մեր համախառն ներքին արդյունքում այս ոլորտները մեծ կշիռ ունեն և երբ յուրաքանչյուր անգամ խոսում ենք որակյալ տնտեսական աճ ապահովելու մասին՝ ներառական աճի, հենց այն նկատի ունենք, որ ՀՆԱ-ի կառուցվածքը պետք է փոխվի հօգուտ այն ոլորտների, որոնք ներկայացնում են տնտեսության իրական հատվածը, իրական արժեք են ստեղծում և բաշխում հասարակության տարբեր խմբերի միջև։ Երբ փորձում ենք գնահատել այս ոլորտի հարկման արդյունավետությունը, շատ մտահոգիչ իրավիճակի ենք հանգում. հավաքագրվող հարկերի ծավալն ու այս ոլորտների շրջանառությունը պարզապես անհամատեղելի են։ Սա, մեր գնահատմամբ, այն բանի հետևանքն է, որ խաղային ոլորտի կազմակերպիչները գտնվում են հարկման այլընտրանքային համակարգում՝ մի դեպքում պետական տուրք, մի դեպքում արտոնագրային վճար։ Այսինքն՝ որևէ կապ չկա նրանց վերջնական ֆինանսական արդյունքի և վճարվող հարկերի միջև»,- իր ելույթում նշեց Արման Պողոսյանը։

Ոլորտային փոփոխություններից նա առանձնացրեց նաև վերջին շրջանում աղմուկ հանած փոխանակման կետերի և գրավատների հարկման խնդիրը. «Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ֆինանսավարկային ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման համար նախատեսված պետական ոլորտի դրույքաչափերը։ Ի սկզբանե նախատեսված էր փոխանակման կետերի և գրավատների գործունեության համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնել՝ դարձնելով 3 մլն դրամ փոխանակման կետերի համար և 6 մլն դրամ՝ գրավատների համար։ Քննարկումների արդյունքում որոշվել է փոխզիջման գնալ»։

Նախագծով նաև առաջարկվում է անհատ տաքսու վարորդներին ազատել պետական տուրք վճարելուց։

Մյուս ոլորտային փոփոխությունը կապված է հանրային սննդի կազմակերպման հետ։ 2018 թվականի հուլիսի մեկից հանրային սննդի կազմակերպման գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվեց շրջանառության հարկի համակարգ։ Նախատեսվում էր երեք փուլով բարձրացնել նրանց հարկային բեռը։ Ըստ Արման Պողոսյանի՝ քննարկումների արդյունքում, սակայն, որոշվել է չգնալ հարկային բեռի բարձրացման։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկների քննարկումը Ազգային ժողովում շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter