
«Իմ քայլ»-ի առաջադրած ԲԴԽ-ի անդամի թեկնածուն քաղգործի շրջանակներում ներկայացնում է Յուրի Խաչատուրովի շահերը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել` հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
Բեքմեզյանը իրավաբանական գիտությունների թեկանծու է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ: 2015-2017 թվականներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ է եղել, 2015թ.-ից առ այսօր տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ է, «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենը, փաստաբանների պալատի անդամ:
Նշենք, որ Գրիգոր Բեքմեզյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերն է ներկայացնում ընդդեմ Ստեփան Գրիգորյանի քաղաքացիական գործով:
Ըստ Յուրի Խաչատուրովի՝ «Ա1+»-ում հրապարակվել է տեսանյութ, որում ինքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելուց հետո անցում է կատարում 2016 թվականի ապրիլյան քառoրյա պատերազմին:
«Խաչատուրովի դեպքում, ես համոզված եմ, պետք է ստուգել ոչ միայն մարտի դեպքին իր դերը, դերակատարությունը, այլ պետք է ստուգել ապրիլյան պատերազմին իր մասնակցությունը 2016 թվականին», «ես բազմիցս ասել եմ՝ զարմանալի է ինձ համար, որ մեր մի քանի գեներալներ կամ չեն եղել իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, չգիտեմ տարբեր տեղերում են եղել և արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները ու երկրորդը՝ ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների և հարազատների հաշիվները մինչև պատերազմը ապրիլյան և անմիջապես հետո, քանի որ տարածքները ձրի չեն հանձնվում»,- Ստեփան Գրիգորյանի այս և մի շարք այլ արտահայտությունների համար է Խաչատուրովը հայց ներկայացրել նրա դեմ:
Գործն այս պահին դեռևս դատարանում է: Կապ հաստատեցինք Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա դադարե՞լ է ներկայացնել Խաչատուրովի շահերը: Ի պատասխան՝ Բեքմեզյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ, քանի որ ստեղծված պայմաններում նրա շահերն այլևս ներկայացնել չի կարող:
Բեքմեզյանը նշեց, որ տվել է իր համաձայնությունը ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական՝ հունիսի 20-ին մեկնարկող նիստում:
Լուսանկարում (© iravaban.net)՝ Գրիգոր Բեքմեզյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել