HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Լիխտենշտայնի ընտրանու նկատմամբ

Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում J խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Հանրապետական մարզադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիխտենշտայնի ընտրանու նկատմամբ: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր որակավորման փուլում:

Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ անցած խաղում հաշիվը բացվեց 2-րդ րոպեին: Վարազդատ Հարոյանի հրաշալի հեռահար փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը գրավեց մրցակցի դարպասը: 18-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի կատարած հարվածից հետո Լիխտենշտայնի հավաքականի դարպասապահ Թոմաս Հոբին անհաջող հետ մղեց գնդակը և վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ գնդակն ուղարկեց Լիխտենշտայնի ընտրանու դարպասը: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում մեր հավաքականը շարունակեց գրոհելը, մի քանի գոլային պահեր ստեղծեց, սակայն երրորդ գնդակը խփել չհաջողվեց:

Երկրորղ խաղակեսը կրկին մեկնարկեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների առավելությամբ, չնայած որ Լիխտենշտայնին հաջողվեց մի քանի վտանգավոր հարված կատարել Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասին, որը, սակայն, անառիկ մնաց մինչև հանդիպման ավարտը: Իսկ Հայաստանի հավաքականը մրցավարի ավելացրած առաջին րոպեին հաշիվը դարձրեց 3:0, աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը՝ դնելով հանդիպման վերջակետը:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այսօրվա խաղում մեր հավաքականի մոտ ամեն ինչ ստացվում էր` չհաշված պաշտպանությունում որոշակի թերացումները. երկար փոխանցումներ, կարճ տարածությունների վրա խաղարկումներ, ֆուտբոլիստների անհատական գործողություններ, և նույնիսկ անկյունայինի խաղարկումներն էին վտանգավոր ստացվում:

J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, իսկ այս խմբին վերջին՝ Հունաստան-Իտալիա խաղը մեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին Աթենքում:

Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը ընտրական փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին: Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու խաղերում մեր հավաքականը նախ մարտի 23-ին հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, ապա Երևանում մարտի 26-ին 0:2 հաշվով պարտվել Ֆինլանդիային: Այսօր տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 3 միավոր՝ զբաղեցնելով J խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter