
Սասուն Խաչատրյանը պնդում է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար առկա է ապացույցների բավարար համակցություն
«Թե ինչ կարգավիճակով կհարցաքննվեն, երբ կհարցաքննվեն, այդ հարցերին, խնդրում եմ, չպատասխանեմ»։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ներգրավված մեղադրյալներին։
«Դուք էլ համոզվեցիք, որ սպանության հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ։ Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։
Հարցին, թե արդյոք Գեղամ Պետրոսյանն ընդունո՞ւմ է իր մեղքը, Սասուն Խաչատրյանն արձագանքեց, որ Պետրոսյանն այս պահին ցուցմունք չի տալիս։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է բանակը ներգրավված եղել մարտի 1-ի դեպքերին, Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի ուզում ցուցմունքների բովանդակությունից խոսել։
«Բայց որքանով հայտնի է ինձ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այդ մասին բարձրաձայել են, բայց աղբյուրներում այդ տեղեկությունները կան, ես դրանք չեմ հերքում»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը վստահեցրեց՝ ՀՔԾ-ն ունեցել է բոլոր հիմքերը Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար։
«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է, դրա առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կալանք կիրառելու հիմնավոր պայման՝ հիմնավոր կասկած և խափանման միջոցի հիմք՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը։ Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը, այսքանից ավելի ոչինչ չեմ ցանկանում ասել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ կա ապացույցների բավարար համակցություն։
Հիշեցմանը, որ վարչապետը խորհրդարանում ասել է, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, արդյոք հնարավո՞ր է բոլորը բացահայտել, Սասուն Խաչատրյանն արձագանքեց.
«Իհարկե բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ինչն օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը, բայց թե՛ ես, թե՛ մեր ծառայությունը լավատես ենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները բացահայտվեն»։
Մեկնաբանել