HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկային միջնորդության մակարդակը 2018 թվականին բարձրացել է

2018 թվականին համաշխարհային տնտեսության միտումները, մետաղների շուկաների գնանկումն ու Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, ըստ Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) վերլուծաբանների, բացասաբար չեն ազդել Հայաստանի տնտեսության ու արտահանման վրա։ ԿԲ-ում համոզված են, որ սա վկայում է արտահանելի ճյուղերի վարկունակության բավարար մակարդակի պահպանման մասին։

Գլխավոր դրամատունն այսօր հրապարակել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականը: «Զուտ ընթացիկ մասնավոր տրանսֆերտների և արտագնա աշխատողների զուտ վարձատրության նվազման միտումը որոշակի բացասական ազդեցություն ունեցել է տնային տնտեսությունների եկամուտների վրա։ Միևնույն ժամանակ, շարունակվել է ֆինանսական համակարգի հաճախորդների եկամուտների ու վարկունակության վրա նշված գործոնների ազդեցության չեզոքացումը»,- նշված է հաշվետվության մեջ։

2018 թվականի ընթացքում բանկերի տնտեսությանը տրամադրած վարկային պորտֆելն աճել է 16.5 %-ով։ Ընդ որում՝ իրավաբանական անձանց տրամադրած վարկերն ավելացել են 10.6 %-ով, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը՝ 26.1 %-ով։ Ըստ հաշվետվության՝ ռեզիդենտների վարկային ներդրումներում առավել խոշոր տեսակարար կշիռներ ունեն սպառողական, արդյունաբերությանը և առևտրի ոլորտների տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 23.3 %, 17.5 % և 14.9 %:

Ըստ արժութային կառուցվածքի՝ վարկային պորտֆելում արտարժութային վարկերի տեսակարար կշիռը նվազել է 6.4 տոկոսային կետով և կազմել 57.1 %:

Նախորդ տարի, ըստ հաշվետվության, բանկերի վարկային պորտֆելի որակը բարելավվել է։ Մասնավորապես՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 4.4 %: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է սպառողական, գյուղատնտեսության, հանրային սննդի ու այլ սպասարկման ոլորտի կետերում, որոնց տրամադրված վարկերի կազմում այսօրինակ վարկերը կազմում են 5-7 %-ը։

Ըստ նույն աղբյուրի՝ 2018 թվականի ընացքում ամբողջ ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ և վարկեր/ՀՆԱ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 4 և 4.1 տոկոսային կետով։ Այդպիսով, տարվա ընթացքում ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 97.6 %, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 53.9 %:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը շարունակում է մնալ բանկային համակարգը, որին բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների 85 %-ը։

Իսկ եթե միայն բանկերի ցուցանիշներն ենք դիտարկում, ապա բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 83.1 %` տարվա ընթացքում ավելանալով 4.9 տոկոսային կետով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է 3.8 տոկոսային կետով՝ կազմելով 48.9 %: Վերջինը ցույց է տալիս բանկային միջնորդության մակարդակը, որը 2017 թվականի տվյալներով կազմել է 45.1 %:

Ըստ Կենտրոնական բանկի՝ «Ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ»:

Ապահովագրական, արժեթղթերի շուկաների և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տեսակարար կշիռը փոքր է։ «Այս համատեքստում ֆինանսական հաստատությունների կայունության գնահատման առումով առավելապես կարևորվում են բանկային համակարգի ռիսկերի բացահայտումն ու գնահատումը»,- նշված է հաշվետվության մեջ։

Ընդհանուր առմամբ, ըստ ԿԲ-ի, 2018 թվականի ընթացքում ֆինանսական ու արժութային շուկաներում պահպանվել է կայունությունը: « ՀՀ ԿԲ-ի  իրականացրած սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի և կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները և ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը»,- այսօր ԿԲ-ում լրագրողների հետ հանդիպմանը հաշվետվությունը ներկայացնելիս նշեց Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նշված ասուլիսին հարց հնչեց՝ արդյոք ԿԲ-ն նախատեսու՞մ է առաջիկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել, որին ի պատասխան՝ Ա. Գրիգորյանը նախընտրեց զերծ մնալ կանխատեսումներից։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ այսօրվա նիստին ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter