
Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դահլիճում է
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մեկնարկեց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության ներկայացրած բողոքների քննությունը:
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին: Ներկա է նաև նրա ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը:
Նշենք, որ նիստից դեռ երկու ժամ առաջ դատարանի բակում ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա էր իրականացվում, որը այս պահին շարունակվում է:
Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, մայիսի 18-ին քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Վերը նշված երկու որոշումները դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, և դրանք մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին:
Մեկնաբանել