HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերմինե Նաղդալյանի ընտանիքն ուզում է շահագործել Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ուզում է շահագործել Սիսիանի մոտակայքում գտնվող Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը` բաց եղանակով: Այդ նպատակով ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունն ու բնապահպանական կառավարման պլանը:

Հացավանի այս հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Հացավան գյուղից հարավ-արևմուտք՝ Սիսիան գետի միջին հոսանքում, ողողահունի ձախափնյա մասում: Հանքի մոտակա բնակավայրերն են Հացավան (2,6 կմ է հեռու), Թասիկ (1 կմ), Աշոտավան (4,5 կմ) գյուղերը, իսկ Սիսիան քաղաքի հետ այն կապված է ասֆալտապատ ճանապարհով (15 կմ), որն անցնում է անմիջապես հանքավայրի հարևանությամբ:

 

Ընկերությունը հանքավայրը շահագործելու է շինարարության համար խիճ, կոպիճ և ավազ ստանալու նպատակով:

«Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2005 թվականին: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ այն հիմնադրել է Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Ընկերությունը 2016-2018թթ. տնօրինել է Բեգլարյանի և Նաղդալյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը, իսկ 2018թ. օգոստոսից տնօրեն է նշանակվել Լաուրա Ալեքսանյանը:

Ընկերությունը հանքավայրը նախատեսում է շահագործել 25 տարի: Նախագծում նշվում է, որ բացահանքի օտարման տարածքը կազմում է 2 հա, որը գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար պիտանի չէ: Հողատարածքների կադաստրային արժեքը կազմում է 16,7 հազար դրամ՝ 1 հա-ի համար:

Հացավան գյուղում հաշվառված են երկու հուշարձաններ՝ 17-18-րդ դարերի գյուղատեղի՝ «Կամնի» և «Տեր Վարդան» լճակների մոտ, որոնք հանքավայրից ընդամենը 1,3 կմ են հեռու: Հանքավայրից 2 կմ հեռու է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի հուշարձանը՝ գյուղի արևելյան եզրին, Սիսիան-Թասիկ ճանապարհի աջ կողմում:

Հանքավայրի շահագործման համար այս տարվա հունվարին հանրային լսումներ են անցկացվել: Թասիկ ու Հացավան բնակավայրերի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն են հայտնել նախագծին: Ավելին, Թասիկի վարչական ներկայացուցիչ Խաչիկ Հովհաննիսյանը նշել է, որ տասնյակ տարիներ իրենց ճանապարհն անբարեկարգ է եղել, և այժմ համայնքն ուրախ է այս հանքավայրի հանքարդյունահանման կապակցությամբ, որովեհտև գիտեն, որ այդ աշխատանքների ընթացքում գոնե նվազագույնը կբարեկարգվեն բնակավայրերի ճանապարհները:

Հացավան բնակավայրի ներկայացուցիչ Շուշան Մարգարյանն էլ նշել է, որ իրենք ողջունում են ընկերության գալուստն իրենց համայնք, և եթե այսօր որևէ համայնքում ինչ-որ չափով ներդրումներ կամ սոցիալ-տնտեսական հարցերի լուծում տրվում է, ապա տրվում է միայն տվյալ բնակավայրում տարվող որևէ գործունեության արդյունքում:

«Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Էդիկ Մանուչարյանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ գարնանը Սիսիան գետի հունը փոխվելու է դեպի հանք՝ պաշարները վերականգնելու նպատակով:

Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը գենետիկորեն կապված է Սիսիան գետի ժամանակակից հունային նստվածքների հետ և գետաողողային տիպի հանքավայր է: Գտնվելով Սիսիան գետի ողողահունում՝ հետախուզվող տեղամասում գետնաջրերի մակարդակն անմիջական կախվածության մեջ է գետում ջրի մակարդակից: Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում կատարված դիտարկումներով պարզվել է, որ հուլիս-սեպտեմբեր և դեկտեմբեր-մարտ ամիսներին կուտակի սահմաններում գետաջրերն ունեն նվազագույն մակարդակ: Հանքավայրի հատվածում գետի դեպի ձախ թեքման հետևանքով գետը հոսում է ողողահունի աջ մասով:

Կապված գետում ջրի հայելու մակարդակից՝ տատանվում է նաև ջրի մակարդակը շահագործման խրամներում:

Բացի դրանից, հանքավայրից 1500 մ հեռավորությամբ՝ Սիսիան գետի հունը շրջափակող մեղմաթեք լեռնալանջի վրա, 2006թ. արձանագրվել է մոտ 85 հա մակերեսով հին, արդեն իսկ կայունացած սողանք, որը դասակարգվել է որպես վտանգ չներկայացնող:

Չնայած վերը թվարկած հանգամանքներին՝ համաձայն ընկերության, հանքավայրի շահագործումը որևէ էական ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter