HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կոտայքի մարզի դատարանում հնարավոր չէ բացառել դատավոր Գագիկ Հեբոյանի շփումը վկաների հետ». դատարանի որոշումը

Ինչպես գրել ենք, Կոտայքի մարզի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի վերաբերյալ գործով նիստերն անցկացնել ոչ թե Կոտայքի, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական դեպարտամենտին խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է դատավորը արտագնա նիստ անցկացնելու մասին որոշում կայացրել: Ի պատախան մեր հարցի՝ դեպարտամենտը տրամադրել է դատավորի որոշումը, համաձայն որի՝ արտագնա նիստ անցկացնելու հանգամանքը պայմանավորված է արդարադատության շահով և գործի արդարացի քննության պահանջով՝ գործով վկաների և դատավոր Գագիկ Հեբոյանի շփումը բացառելու և այլ հանգամանքներով:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշել է, որ դատարանների վարչական շենքերի արգելված գոտում գտնվում են դատական նիստերի մասնակցության համար դատարան բերվող ձերբակալված և կալանավորված անձանց կալանախցերը, ապա, հղում կատարելով Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմանը՝ փաստել, որ արգելված գոտի կարող են մուտք գործել, ի թիվս այլոց, դատական կարգադրիչները, սահմանափակ գոտի՝ տվյալ դատարանի աշխատակազմի աշխատողները:

Դատարանը փաստել է նաև, որ Հեբոյանի վերաբերյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանց՝ վկաների գերակշիռ մասը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի աշխատակիցներ և դատական կարգադրիչներ են:

Մասնավորապես՝ վկա Աշոտ Մարտիրոսյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի օգնականն է, վկա Մարգարիտ Լևոնյանը՝ հիշյալ դատարանի գրասենյակի գործավարը, վկաներ Արսեն Սիմոնյանը, Սասուն Սիմոնյանը, Ռիտա Ստեփանյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Հրայր Սահակյանը՝ հիշյալ դատարանում ծառայություն իրականացնող դատական կարգադրիչներ:

«Փաստորեն, վերջիններիս և կալանքի տակ գտնվող մեղադրյալ Գագիկ Հեբոյանի շփումը դատական նիստերի նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի փակ գոտում բացառել հնարավոր չէ, ինչն ակնհայտորեն հակասում է արդարադատության շահին»,- որոշման մեջ նշել է դատավորը:

Ավելին, Տաթևիկ Գրիգորյանը նշել է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերի քրեական մասնագիտացում ունեցող բոլոր դատավորները, հաշվի առնելով իրենց և մեղադրյալ Գագիկ Հեբոյանի միջև եղած անձնական մտերմությունը, կայացրել են ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումներ, ուստի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերից յուրաքանչյուրում, ըստ դատավորի, քրեական գործով դատական նիստեր անցկացնելը կարող է օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ մտավախություն առաջացնել այն մասին, որ բացակայում են դատավորի անաչառության վերաբերյալ բավարար երաշխիքները և ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նախագահող դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ կարող է կասկածի տակ դրվել քրեական գործի քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը:

«Հետևաբար, դատարանը գտնում է, որ արդարադատության արդյունավետության շահերից բխում է սույն քրեական գործով դատական քննությունը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ցանկացած նստավայրում չանցկացնելը, ուստի, կարևորելով արդարադատության շահը և գործի արդարացի քննության պահանջը, անհրաժեշտ է սույն քրեական գործով դատական նիստերն անցկացնել արտագնա՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Նույն գործով մեղադրյալ է նաև փատաբան Վահագն Դանիելյանը. վերջինս, ըստ մեղադրանքի, կատարել է դատավորի կողմից կաշառք ստանալու օժանդակություն:

Այսօր կայացել է գործով առաջին դատական նիստը:

 

Լուսանկարում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter