
Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Քոչարյանը դատարան մուտք գործում դատարանի փակ գոտուց:
«Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկու դատական նիստ է` Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ մտնում է փակ մուտքով: Դատարանից, առնվազն պաշտպանության կողմից պարզաբանում եմ ակնկալում, թե դա ինչի՞ հիման վրա և ի՞նչ նկատառումներից ելնելով է կատարվում: Կարծում եմ, դա չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:
Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցրեց, որ մեղադրյալ Քոչարյանի հետ որևէ շփում չի եղել, ավելին, հայտնեց նաև, որ ինքը հանձնարարություն չի տվել Քոչարյանի մուտքը դատարան փակ գոտով թույլ տալու կամ չտալու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, հարցին անդրադառնալով, հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր նախագահները, այդ թվում՝ պաշտոնաթող, օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որի պայմաններում տեղաշարժվում են անվտանգության ծառայողների ուղեկցությամբ, և այդ տրամաբանության մեջ կարող են նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործել այլ մուտքից՝ ի տարբերություն հատուկ կարգավիճակ չունեցող անձանց, օրինակ՝ դատախազի:
«Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ, թող միանա դատավորին ներկայացված մեր ինքնաբացարկի միջնորդությանը»,- ասաց Օրբելյանը:
Նշենք, որ առաջին ատյանում գործի քննության ժամանակ Քոչարյանի պաշտպաններն էին հարց բարձրացրել, թե ինչու է գլխավոր դատախազը դատարան մուտք գործում փակ գոտուց:
Դատական նիստի ընթացքում Պն նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միացան դատավոր Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը: Նշենք, որ ինքնաբացարկի հիմքում այն հանգամանքն է, որ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալների գործով բոլոր բողոքները մակագրվել են Դանիելյանին: Ըստ պաշտպանների՝ բողոքներից յուրաքանչյուրը պետք է առանձին մակագրվեին:
Միհրան Պողոսյանը հայտնեց, որ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոքի գործով Դանիելյանը պատշաճ դատարան չէ և բացարկ հայտնեց դատավորին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն հայտնված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակի այսօր՝ ժամը 15:15-ին:
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:
Մեկնաբանել