HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Սեդրակյանի որդին մտադիր է շարունակել Նռնաձորի պղնձի և ոսկու որոնումները

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու` Դավիթ Սեդրակյանի հիմնադրած «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն որոշել է շարունակել Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում երկրաբանական ուսումնասիրությունները: Դավիթ Սեդրակյանը, հիշեցնենք, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, Հանրապետական կուսակցության անդամ է:

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել երկարացման նախագիծը՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնելու նպատակով:

Հունիսի 25-ին Մեղրիի քաղաքապետարանում տեղի կունենան «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Ընկերությունը 2016-2019թթ. Նռնաձորի տեղամասում իրականացրել է երկրաբանական երթուղիներ, լիթոերկրաքիմիական նմուշարկում ցրման հոսքերով, նմուշարկվել են 67,5 մ ընդհանուր երկարությամբ երկու հետախուզառուներ, վերցվել են 45 ակոսային և 9 բեկորային նմուշներ: 2019-2021 թթ. ծրագրավորվող աշխատանքների մեթոդաբանությունը հիմած է լինելու նախկինում կատարված հետախուզության ժամանակ երկրաֆիզիկական մեթոդների կիրառման դրական արդյունքների վրա: Առավել հեռանկարային առանձնացված 51 հա տարածքի վրա կատարվելու է էլեկտրապրոֆիլացում՝ դիմադրության միջին գրադիենտի և հարուցված բևեռացման մեթոդներով և մագնիսահետախուզություն:

Հանքերևակումը Նռնաձոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք է, Շվանիձոր գյուղից՝ 4,5 կմ դեպի հյուսիս-արևելք: Հայցվող տեղամասի տարածաշրջանում, ինչպես նշվում է նախագծում, զարգացած են հիմնականում լեռնաանտառային գոտու լեռնային դարչնագույն անտառային հողերը:

Այս անգամ նախագծում նշվում է, որ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր երևակման տարածքը հարակից է «Արևիք» ազգային պարկին, որը մտնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ, և ազգային պարկի հետ որևէ համընկնման մասին խոսք չկա: Մինչդեռ նախորդ նախագծում հստակ նշվում էր, որ հայցվող տարածքն ու «Արևիք» ազգային պարկը որոշակի հատվածում համընկնում են:

Նախագծողներն այս անգամ խուսափել են «Արևիք» ազգային պարկի համընկնման մասին հիշատակելուց և նշել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքները դեռ ընթանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter