HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Arm Food Lab. փորձարարական խոհանոց-ստուդիա Դիլիջանում (լուսանկարներ)

Արվեստաբան Անի Հարությունյանի հետ ծանոթացել եմ Դիլիջանում 2017 թվականի գարնանը, երբ բացահայտեցի «Caffeine Brew Lab»-ը։ Այդ նույն ժամանակ Անիի հետ երկու անգամ բարձրացել ենք մոտակա սարերից մեկը․ ես՝ լուսանկարելու համար, Անին՝ մի քանի նոր բույս հետազոտելու։ Ցանկացած տարօրինակ տերեւ, բույսի ցողուն ձեռքի մեջ շոշափելուց, հոտը զգալուց հետո Անին ծամծմում էր, հետո գլխով դրական շարժում անում՝ «ուտելի է»․․․

Անիի այս յուրահատուկ հետազոտությունը վերջին երկու տարիների ընթացքում ամբողջացավ մեկ նախագծի տեսքով, որի անվանումը Arm Food Lab է։

Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցավ փորձարարական խոհանոց-ստուդիայի բացումը։ Arm Food Lab-ը գաստրոնոմիկ նախաձեռնություն է, որի նպատակն է հետազոտել ՀՀ եւ ԼՂՀ ուտելի բնաշխարհը, ավանդական խոհարարարական տեխնիկաներն ու սնվելու մշակույթը։ Փորձարարական խոհանոցում օգտագործվելու են բացառապես տեղական, սեզոնային եւ թարմ մթերքներ, որոնց համադրությունները թույլ են տալու բացահայտել հայկական մթերքների գաստրոնոմիկ հեռանկարները եւ սննդի արժեշղթան։

Բացման արարողության ընթացքում Անին ներկայացրեց վայրի եւ գյուղատնտեսական մթերքների մասին ինստալյացիան։ Տեղական ուրցի կողքին փոքրիկ տարաներով շարված են անուշահոտ բուսաթերթիկներ, որոնց անունները դժվար թե որեւէ մեկը իր համային հիշողության մեջ ամրագրած լիներ, ապա մարինացված հատիկներ են, պտուղներ, նրբորեն հյուսված ավելուկներ, թթու լավաշներ։

Յուրաքանչյուր մթերքի հետ անհատական աշխատանքը հնարավորություն էր ընձեռել ամբողջացնել պատկերը, որը բնորոշում է տեղականի առանձնահատկությունը, էսթետիկան, ներկայացնում էկոհամակարգը եւ միկրոկլիման։

Համադրողի իր տեքստում Անին գրում է․

«ՀՀ ե ԼՂՀ հարուստ կենսաբազմազանությունը, հայկական բնաշխարհի ուտելի էկոհամակարգերը, սնվելու մշակույթն ու ավանդական խոհարարական ժառանգությունը մեզ ոգեշնչեցին սկսել այս նախագիծը՝ ձեւավորելու ժամանակակից հայկական խոհանոցի մեր տեսլականը: Սննդի արժեշղթան, սնվելու արժեհամակարգն ու հայկական ժամանակակից խոհանոցը աշխարհին հետաքրքիր դարձնելու մեր որոնումներում մենք կարեւորում ենք հետեւյալ գաղափարների հետ աշխատանքը. գիտակցված սպառում, ապահով եւ մաքուր, բնական միջավայր, գրագետ գյուղատնտեսներ եւ արտադրողներ, պատրաստված հավաքորդներ, ոգեշնչված երիտասարդ խոհարարներ։

Հայկական ժամանակակից խոհանոցը աշխարհի գաստրոնոմիկ քարտեզին տեսանելի դարձնելու մեր նպատակը պայմանավորված է այն համոզմամբ, որ մեր երկրի հարուստ բնաշխարհը եւ ազգային խոհանոցից ժառանգած սկզբունքներն ու մոտեցումները շատ ասելիք ունեն:

Գաղափարի հիմքում դրված է «օգտագործել բացառապես տեղական եւ բացառապես սեզոնային մթերքներ» սկզբունքը: Մենք սովորում ենք գտնել, խնամքով մշակել, սիրել եւ արժանի կերպով ներկայացնել այդ մթերքները, իմանալ դրանցից յուրաքանչյուրի պատմությունը, բացահայտել տեղանքը, կլիման եւ պատրաստման լավագույն եղանակները: Մենք որոնում ենք հայկական հողի համը, գեղագիտությունը եւ այդ ամենը էթնիկ ու էթիկ կերպով իդենտիֆիկացնող տարրերը»:

Այնպես որ Arm Food lab-ը պետք չէ շփոթել ռեստորանի, սրճարանի հետ, սակայն այն ցանկացած պահի կարող է դառնալ վայր, որտեղ հետազոտական աշխատանքի մասնակիցը կարող եք լինել նաեւ դուք՝ ստեղծելով ձեր համադրությունը եւ/կամ մասնակցելով համադրության տրամադրող ընթացքին։

Խոհանոց-ստուդիան աշխատանքային օրերին կգործի որպես հետազոտական-կրթական հարթակ, հանգստյան օրերին՝ որպես փորձարարական ռեստորան։

Հ․Գ․ Լուսանկարները՝ բացման արարողությունից։ Գլխավոր լուսանկարում Arm Food Lab-ի հեղինակ եւ իրականացնող Անի Հարությունյանն է։

Մեկնաբանություններ (1)

Հերմինե Սարգսըան
Հրաշալի գաղափար է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։