HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեց գիտնականներին չեն ստիպում, բայց խրախուսում են կենսաթոշակի գնալ

Հաջորդ տարվա հունվարից անսպասելի չեն լինի մի շարք գիտական ինստիտուտների աշխատակիցների բողոքներն ու դժգոհության ալիքը: Պատճառը գիտության ոլորտի ֆինանսավորման ձեւի փոփոխությունն է ու դրանից բխող հետեւանքները:

Հայաստանի գիտության ոլորտում երկու կարեւոր փոփոխություն է նախատեսվում: Առաջինը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի նախագիծն է, որի համաձայն՝ գիտության ոլորտը բազային ֆինանսավորումից անցնելու է վարկանիշավորված ֆինանսավորման, իսկ երկրորդը՝ «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրինագիծը, որը մշակվել է գիտության կոմիտեի (ԳԿ) կողմից:

Ներկայում բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքներն իրարից անջատ են: ԳԿ նախագահ Սամվել Հարությունյանը հիմնավորում է, թե ինչու է առհասարակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թ., Հարությունյանը նկատում է, որ անցած տարիներին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել գիտության ոլորտում, օրինակ՝ ստեղծվել է գիտության կոմիտեն (2007 թ.), որից հետո միջազգային նոր գիտական կապերն են զարգացել, ավելի քան 40 միջազգային համաձայնագրեր են ստորագրվել, ոլորտում ի հայտ են եկել նոր հասկացություններ, ինչպես օրինակ՝ գիտաչափության գաղափարը, որը վերջին 4-5 տարիներին գիտական հանրությունում առօրեական թեմաներից է դարձել, եւ այս ամենը գործող օրենքում չի ամրագրվել: Այսօր, ըստ մեր զրուցակցի, նախկին խորհրդային հանրապետություներից Հայաստանը եվրոպական տարածքին ամենաշատն ինտեգրվածներից մեկն է, իսկ ԱՊՀ-ում մեր երկրի գիտաչափական պարամետրերը լավագույնն են: Հետեւաբար, ըստ Հարությունյանի, ստեղծված իրավիճակում նոր օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է:

ԳԿ նախագահն ասում է, որ դեռ 2011-ին քննարկման էր դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այն մի կողմ էր դրվել ու փոխարենը նույն տարում ընդունվել էր «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը: Մասնագիտությամբ ֆիզիկոս Ս. Հարությունյանն ասում է, որ բազմիցս, այդ թվում՝ խորհրդարանում ելույթի ժամանակ բացասական կարծիք է հայտնել այդ օրենքի վերաբերյալ: Նշում է, թե ակադեմիայի մասին օրենքը բավականին անորակ է, կառույցին վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն:

Կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք, ըստ Հարությունյանի, իրենք կրկին բարձրացրել էին գիտության մասին նոր օրենքի անհրաժեշտության հարցը: Ասում է, թե անձամբ պնդում էր, որ չեղարկեն ակադեմիայի մասին օրենքը, փոխարենը ԳԱԱ-ին առանձին գլխով անդրադառնան նոր օրենքում: Սամվել Հարությունյանը նշում է, որ 2016-ին կարծես հաջողվել էր համոզել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին իրականանցնել իրենց առաջարկը: Դրանից հետո սկսել էին աշխատել նոր օրինագծի մշակման ուղղությամբ, սակայն իշխանափոխություն տեղի ունեցավ: Եվ հիմա ԳԿ-ն առաջարկում է իրար միացնել բարձրագույն կրթության (գործող օրենքը կոչվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին») եւ գիտության մասին օրենքները:

Ընդ որում՝ միացյալ օրենք ունենալու գաղափարն էլ նոր չէ: Դեռեւս 2009-ին ԿԳ այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանի ժամանակ կար նման նախաձեռնություն, քանի որ, Հարությունյանի կարծիքով, բարձրագույն կրթությունն ու գիտությունն առանց իրար հնարավոր չէ պատկերացնել. դրանք տրամաբանորեն դրանք խիստ փոխկապակացված են: Մինչդեռ ներկայում, մեր զրուցակցի փոխանցմամբ, երկու օրենքներում հաճախ հանդիպում ենք հակասական դրույթների: Միաժամանակ նշում է, որ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո խնդիր էր դրվել մտնել եվրոպական համաշխարհային գիտակրթական տարածք, Հայաստանը պետք է ընդուներ այդ աշխարհում գործող խաղի կանոնները, համաձայն որոնց՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միասնական պետք է լինեն:

2018-ի իշխանափոխությունից հետո ԳԿ-ին հաջողվել է համաձայնության գալ նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկու օրենքները միավորելու վերաբերյալ, եւ այժմ նոր օրինագիծը գտնվում է քննարկումների փուլում: ԳԿ նախագահի բնորոշմամբ՝ ներկայացված փաստաթուղթը շատ ավելի որակյալ է, քան մինչ այժմ գործող առանձին օրենքները:

Նոր օրինագծի դրույթներից մեկը քննարկումների տեղիք է տվել: Համաձայն դրա՝ գիտական աստիճան եւ առնվազն 20 տարվա ստաժ ունեցող այն անձը, որն անցել է կենսաթոշակի ու այլեւս գիտական գործունեություն չի ծավալում, ամեն ամիս ստանալու է լրավճար: Վերջինս հավասար է լինելու այն ամսական հավելավճարին, որը ստանում են գիտական գործունեություն ծավալողները (գիտության թեկնածուներն ամսական ստանում են 25. 000 դրամ հավելավճար, իսկ դոկտորները՝ 50.000՝ ներառյալ հարկերը): Այսինքն՝ այսպես փորձ է արվում գիտական աստիճան ունեցող կենսաթոշակառուներին համոզել, որ գիտության ոլորտից դուրս գալուց հետո շարունակելու են ստանալ աստիճանի համար տրվող գումարը, ինչը նշանակում է, որ կարիք չկա ամեն կերպ ձգտել պահպանել աշխատանքը:

Ս. Հարությունյանն ասում է՝ կարծիքը, թե այդպիսով փորձում են ազատվել կենսաթոշակի անցած գիտնականներից, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Կոմիտեի նախագահն ընդգծում է, որ այսօր Հայաստանում գիտությունը գնալով ծերանում է, եւ պատկերը փոխելուն է միտված նշված քայլը. 65-ն անց գիտնականների թիվը ավելի քան 25 տոկոս է, մինչդեռ պետք է լիներ մինչեւ 7 տոկոս:

Կոմիտեի ստեղծումից հետո, ըստ «Հետքի» զրուցակցի, որը 2007-ից մինչ օրս ղեկավարում է այն, մի շարք ծրագրերով փորձել են խրախուսել երիտասարդների մուտքը գիտություն, սակայն դա էլ իր հակառակ ազդեցությունն է ունեցել, ինչն այդ ժամանակ չէին կարող կանխատեսել: Մինչեւ 35 տարեկանը երիտասարդ գիտնականը հմտանում է, հղկվում եւ դառնում պահանջված դրսի գիտական աշխարհի կողմից, եւ քանի որ Հայաստանում գիտության ֆինանսավորումը քիչ է, աշխատավարձերը՝ ցածր, գիտնականն ընդունում է արտերկրում մի քանի հազար եվրոյով աշխատանքի առաջարկն ու հեռանում Հայաստանից: Սրա հետեւանքով գիտության ոլորտում առաջացել է տարիքային «փոս» կոչվածը՝ միջին տարիքի գիտնականների խիստ պակասը, ինչը «Հետքը» եւս արձանագրել է ակադեմիական ինստիտուտներ կատարած այցերի ժամանակ:

Ս. Հարությունյանն ասում է՝ գիտությունը կոլապսի մեջ կհայտնվի, եթե լուծում չգտնվի տարիքային «փոսը» լրացնելու համար, որովհետեւ տարեց գիտնականների թիվն ամեն տարի կրճատվում է, իսկ նրանց փոխարինողները՝ միջին տարիքի ներկայացուցիչները, շատ քիչ են: «Հիմա այդ հարցը լուծելու ճանապարհը ո՞րն է. այդ տարեց գիտնականներին ասենք, որ շնորհակալ ենք, խրախուսում ենք թոշակի գնալը, չենք ստիպում, այդ 50 հազարներն էլ ցմահ վճարում ենք, իսկ ազատված գումարները, որոնք աշխատավարձի ձեւով ստանում էին, կուղղենք երիտասարդներին, ավելի բարձր աշխատավարձ կտանք, կգայթակղենք, կասենք՝ մի՛ գնացեք աշխատելու Գերմանիայում, 1500-2000 դոլար աշխատավարձ կտանք, մնացեք աշխատելու Հայաստանում»,- ասում է ԳԿ նախագահը՝ ավելացնելով, թե վստահ է, որ երիտասարդները կնախընտրեն այդ գումարով աշխատել իրենց հայրենիքում, քան օտար երկրում՝ մի քանի անգամ ավել գումարով:

«ԳԿ-ի կարեւորագույն առաքելություններից մեկն էլ այն է, որ ոչ միայն մտածենք այսօրվա մասին՝ այնպես անենք, որ մարդիկ մի քիչ բարձր աշխատավարձ ստանան, այլեւ վաղվա, այսինքն՝ ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք, որ սահուն, նորմալ սերնդափոխություն լինի, եւ որ մեզնից հետո փոխարինողներ լինեն»,- նշում է Սամվել Հարությունյանը:

Շարունակելի. հոդվածի երկրորդ մասում կխոսենք գիտության վարկանիշավորման մասին:

Լուսանկարում՝ Սամվել Հարությունյանը

Մեկնաբանություններ (2)

Ashot
Զարմանալի է, որ այս մարդը ստեղծելով ինստիտուցիոնալ կոռուպցիոն համակարգ չի ընկրկում նույնիսկ հեղափոխությունից հետո: Ով՞ է այս մարդու թիկունքը, չէ որ նրա ստեղծած համակարգը հիմնահատակ ոչնչացնում է գիտությունը: Ամեն դեպքում, ով պաշտպանում է այս մարդուն եւ նրա գործնեությունը նա հակահայկական եւ հակապետական գործնեություն է ծավալում, քանի, որ գիտական համակարգի վերացումը հայաստանի համար հավասարազոր է պետականության վերացմանը:
Artur Grigoryan
Հետաքրքիր հոդված է: Դեռ իմ դիտարկումները չեմ անի (դրանք առչնվում են կրթության ու գիտության ֆինանսավորմանը, գիտություն-տնտեսություն, մասնավորապես՝ գիտություն-արդյունաբերություն, գիտություն-գյուղատնտեսություն, գիտություն-տեխնոլոգիաներ, գիտություն-մշակույթ միջոլորտային փոխհարաբերություններին, գիտական ինստիտուտների, մասնավորապես՝ ԳԱԱ կառուցվածքին ու կադրային քաղաքականությանը, գիտության միջազգային փորձի ուսումնասիրություններին և այլն): Կսպասեմ սույն հոդվածի շարութնակությանը (2-րդ մասին)՝ իմանալու, թե գիտության վարկանիշավորման ինչպիսի հայեցակարգային հիմնադրությներ եք ներկայացնելու: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter