HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ տարվանից գիտական մի շարք հաստատություններ հնարավոր է փակվեն. գիտության ոլորտի ֆինանսավորման ձեւը փոխվելու է

սկիզբը

Հաջորդ տարվանից հայաստանյան մոտ 90 գիտական կազմակերպություններ, ինչպես նաեւ կրթական հաստատություններ, որոնց ստորաբաժանումներն իրականացնում են գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն, անցնելու են վարկանիշավորված ֆինանսավորման ձեւին: Այս փոփոխությունից հետո գործունեության արդյունավետության ցուցանիշի (ԳԱՑ) ցածր լինելու պատճառով փակվելու են որոշ հիմնարկներ:

Մինչ օրս գիտական հաստատությունները բազային ֆինանսավորմամբ են աշխատում, որը հաշվարկվում է տվյալ հաստատության աշխատակիցների թվով, այսինքն՝ որքան մեծ է հաստատությունն ու որքան շատ աշխատող ունի, այնքան ավելի շատ ֆինանսավորում է ստանում՝ առանց հաշվի առնելու տվյալ հիմնարկի աշխատանքի արդյունավետությունն ու գրանցած գիտական արդյունքը:

Գիտության կոմիտեի (ԳԿ) նախագահ Սամվել Հարությունյանն ասում է, թե նման մոտեցումը հանգեցրել է նրան, որ մի շարք ինստիտուտներ ուռճացրել են աշխատակիցների թիվը եւ, օրինակ, մեկ հաստիքի համար 4 մարդ են ընդունել աշխատանքի, որպեսզի ավելի բարձր ֆինանսավորում ստանան: Այս պարագայում գումարների բաշխումը տեղի է ունեցել հախուռն եւ, կարելի է ասել, ոչ ազնիվ ձեւով: «Հետագա անալիզը ցույց տվեց, որ ինստիտուտներ կան, որոնց աշխատակիցների թվաքանակը փոքր է, բայց ավելի շատ գիտական արդյունք են տալիս, քան այն հիմնարկները, որոնց աշխատակիցների թվաքանակը 2-3 ագամ մեծ է: Դրա համար այդ խնդիրն արդիական դարձավ»,- նշում է ԳԿ նախագահը:

Ս. Հարությունյանի փոխանցմամբ՝ վարկանիշավորված ֆինանսավորման հարցն առաջին անգամ դրվել է 2012 թ., երբ ԳԿ-ն (այն ժամանակ կոչվում էր ԳՊԿ՝ գիտության պետական կոմիտե) կառավարության որոշման նախագիծ էր պատրաստել՝ վարկանիշավորման միջոցով բյուջեի բաշխման տարբերակ առաջարկելով: Այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ մեր զրուցակցի, ասել էր, թե վարկանիշավորումը կարող է բերել սոցիալական մեծ լարվության, ու ժամանակավրեպ է մտածել այդ մասին, քանի որ այն տարիներին գիտության ոլորտում աշխատավարձերն ավելի ցածր էին, քան այսօր են: Նախկին վարչապետը ԳՊԿ-ին նաեւ ասել էր, որ ժամանակը կգա, եւ կանեն դա:

Ըստ Հարությունյանի՝ 2007-ի համեմատ գիտության բյուջեն ավելացել է 2,5 անգամ՝ 6 մլրդ դրամից դառնալով 14,5 մլրդ, ինչը հնարավորություն է տալիս սկսել վարկանիշավորման քաղաքականությունը: Ներկա նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավանություն է տվել ԳԿ-ի առաջարկին, որն ամրագրվելու է նախարարի հրամանի տեսքով:

Ի՞նչ է վարկանիշավորված ֆինանսավորումը

Եթե պարզ ձեւակերպենք, ապա գաղափարը հետեւյալն է. գիտական հաստատությունն ինչքան բարձր վարկանիշ ունի, այնքան ավելի բարձր ֆինանսավորում կունենա: Իսկ վարկանիշը պայմանավորված է գիտական արդյունքով, տպագրված հոդվածների քանակով, գիտաժողովների մասնակցությամբ, միջազգային գիտական կապերով, ասպիրանտների թվով եւ այլն, որոնք միավորների տեսքով կորոշեն տվյալ հաստատության ֆինանսավորումը: Այս դեպքում էական չէ աշխատակիցների թիվը:

Նախարարի հրամանի նախագծում նշվում է, որ գիտական հաստատությունները գնահատվելու են 7 տարբեր չափանիշներով, որոնցից ամենակարեւորը, Սամվել Հարությունյանի փոխանցմամբ, գիտաչափական տվյալներն են՝ տվյալ հիմնարկի տպագրած հոդվածները, դրանց կատարված հղումները, միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ռեյտինգային ամսագրերում տպագրված ոհդվածները եւ այլն: Գիտաչափական տվյալը կոնկրետ հաստատության գործունեության արդյունավետության 50 տոկոսն է կազմելու, իսկ մյուս 50-ը կլինեն մնացած 6 չափանիշները: Միեւնույն ժամանակ հաստատության ուղղվածությամբ պայմանավորված որոշ շեշտադրումներ փոխվելու են, օրինակ, եթե հայագիտական է, ապա սարքավորումները երկրորդական դեր ունեն, իսկ եթե ֆիզիկայով զբաղվող ինստիտուտ է, ուրեմն դրանք կարեւոր են: Համեմատվելու են նույն պրոֆիլն ունեցող ինստիտուտների գիտաչափական տվյալները, այսինքն՝ հայագիտական կամ հումանիտար ինստիտուտը չի կարող մի հարթության մեջ դիտարկվել, ասենք, բնագիտական որեւէ հիմնարկի հետ:

ԳԿ-ն արդեն ստեղծել է հարթակ ու ծանուցումներ է ուղարկել գիտական հաստատություններին, որոնցից յուրաքնաչյուրն, իր գաղտնաբառը հավաքելով, հարթակում լրացնելու է անհրաժեշտ տվյալները: Վարկանիշավորված ֆինանսավորման տրամաբանությունն այն է, որ որքան աշխատակցի գործունեության արդյունավետությունը ցածր է, այնքան հիմնարկի ֆինանսավորումը փոքր էլինելու: Սրանից, ըստ Ս. Հարությունյանի, տուժելու է այդ նույն հաստատության արդյունավետ աշխատող գիտնականը: Եվ այս պարագայում հենց լավ աշխատող գիտնականներն էլ սկսելու են իրականացնել վերահսկողական գործառույթ՝ ինստիտուտի ղեկավարին հորդորելով ձերբազատվել անարդյունավետ աշխատողներից, քանի որ դրանից տուժում են իրենք:

Արդյունավետության ցուցանիշների հիման վրա գիտական հաստատությունները բաժանվելու են 4 կատեգորիայի՝ տարակարգի: 4-րդ տարակարգի հիմնարկները համարվելու են «անբուժելի» ու փակվելու են հենց հաջորդ տարվանից: Իսկ 3-րդում հայտնվածներին 3 տարի ժամանակ է տրվելու՝ արդյունավետության ցուցանիշը բարելավելու համար (այսինքն՝ նպատակ պիտի ունենան հայտնվել 1-ին կամ 2-րդ տարակարգում), այլապես դրանք եւս փակվելու են:

«Դուք ուղղակի չգիտեք, կան հիմնարկներ, որոնք ֆորմալ գրված են թղթի վրա, բայց ո՛չ նորմալ աշխատանքի են գնում, ո՛չ հոդված են տպագրում, իրենց համար նստած աշխատավարձ են ստանում: Բայց կան նաեւ փայլուն հիմնարկներ, որոնք լավ են աշխատում, որոնք ե՛ւ տնտեսության համար կարեւոր են, ե՛ւ ռազմական ոլորտում մեծ ներդրումներ ունեն: Ինչո՞ւ պետք է նրանք նույն չափով ֆինանսավորում ստանան, չէ՞ որ այս երկրի համար մեծ գործ են անում, իսկ այն հիմնարկը, որը չի աշխատում, պետք է փակվի: Կմնան նրանք, որոնք ավելի լավ են աշխատում, եւ գումարները կբաշխվեն ավելի ազնիվ: Այն հիմնարկը, որը լավ է աշխատում, պետք է լավ վճարվի»,- ասում է ԳԿ նախագահը:

Հարցին, թե արդյոք հայտնի է փակվելիք ինստիտուտները թիվը, Ս. Հարությունյանը պատասխանում է, որ գիտի, բայց չի ասի, որովհետեւ հնարավոր է, որ պատկերն ավելի աղետալի լինի, ու իրենք փոխեն գնահատման թվերից մեկը, քանի որ չի ցանկանում, որ հիմնարկները կտրուկ փոխվեն: «Այն հիմնարկները, որոնք գիտական ադրյունք են տալիս, չի կարելի փակել: Իսկ նրանք, որոնք բուժման ենթակա չեն, ինչ էլ անես, միեւնույնն է՝ չեն վերականգնվելու»,- նկատում է Հարությունյանը:

Որպես ֆիզիկոս՝ ասում է, թե Հայաստանում ֆիզիկայի մի քանի ինստիտուտ կա, որոնց մեծ մասը զբաղվում է նույն գործով, ապա հարցնում է՝ ի՞նչ իմաստ ունի այդքան ինստիտուտ պահելը, եթե դրանք մեծամասամբ նույն գործով են զբաղված: Ըստ Հարությունյանի՝ դա նշանակում է գումարների փոշիացում: «Ավելի լավ չէ՞ ունենալ 35-40 լավ կահավորված, լուսավոր սենյակներով, բարեկեցիկ պայմաններով հինարկ, քան 100 հատ վատ վիճակում գտնվող, տանիքը կաթացող, ջեռուցման համակարգ չունեցող հիմնարկներ, իմաստը ո՞րն է: Ինչքան հիմնարկը բարեկեցիկ, լավ վիճակում է, այնքան մարդիկ հավեսով են աշխատում, դա գիտական արդյունքի վրա ազդում է»,- նկատում է ԳԿ նախագահը:

Փակված հաստատությունների շենքերը հանձնվելու են պետությանը, իսկ ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված գումարներն ուղղվելու են մյուսների աշխատավարձերի ֆոնդին: 4-րդ տարակարգում հայտնված ու փակված հիմնարկների ադմինիստրատիվ աշխատողները կրճատվելու են, իսկ գիտնականները աշխատանքը կշարունակեն իրենց պրոֆիլով մոտ ինստիտուտներում: Հարությունյանն ասում է, որ լավ գիտնականները պետք է դուրս չմնան, կոպիտ ձեւակերպմամբ՝ տեղի կունենա աճուրդ. մյուս հաստատությունների ղեկավերներին կներկայացվի յուրաքանչյուր գիտնականի գործունեությունը, կխրախուսվի պրոֆիլով մոտ մասնագետներին աշխատանքի ընդունել:

«Նպատակն այն չէ, որ մենք այդ մարդկանցից ազատենք, հակառակը՝ ուզում ենք աշխատող մարդկանց թիվը շատացնել, մարդիկ, ովքեր պահանջարկ ունեն, բարձր միավորներ, ուզում ենք խրախուսել: Իսկ ազատված գումարներն ուղղվելու են աշխատավարձի ֆոնդին»,- ասում է Սամվել Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter