
Արթուր Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանին ենթադրյալ սպառնալիքներ հնչեցնելու առթիվ քրեական գործ չի հարուցվել
«Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ Արթուր Դանիելյանը հունիսի 10-ին «Ադեկվադ»-ի գրասենյակից ձեռնաշղթաներով բերման էր ենթարկել: Ոստիկանությունը հայտնել էր, որ նա բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար, իսկ խմբի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, խոսքը, մասնավորապես առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքների մասին էր:
Ըստ նախապատրաստվող նյութերի՝ Արթուր Դանիելյանը ասուլիսներից մեկի ընթացքում արել է հետևյալ արտահայտությունը. «...Էս ամեն ինչի արդյունքում շուտով կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխեն»։
Նշենք, որ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքը Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցանք է, իսկ այս հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա:
Մեկնաբանել