HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունն ու Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը վերացնելու որոշում կայացրեց:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվելուց հետո նրա և հարազատների ամբողջ գույքի՝ այդ թվում կենսաթոշակի վրա կալանք է դրվել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև այն հարցերը, որոնք նախորդ դատական նիստի ընթացքում՝ Մանվել Գրիգորյանի բացակայությամբ էին բարձրաձայնվել: Խոսքը Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների գույքի վրա դրված կալանքի և Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին է:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ հետաքրքրվելով, թե որքան է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։ Բանն այն է, որ Գրիգորյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 17-ին դիմել է Կառավարությանը՝ հայտնելով, որ Գրիգորյանը ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Խոսքն ընկերության 100 % բաժնեմասը պետությանը տրամադրելու մասին է: Այս գույքը, սակայն, գտնվում է կալանքի տակ: Ըստ Գրիգորյանի պաշտպանների հայտարարության՝ ընկերության տարածքի շուկայական արժեքը մոտ 5 մլրդ դրամ է, որը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը: Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՔԾ–ին նախաքննության ընթացքում գրություն է ուղարկել՝ փորձելով ճշտել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ուղղել էր դատարանին, ինչին ՀՔԾ-ից պատասխանել են, որ իր վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը, և առաջարկել են Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը:

Այսօր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց կալանքից հանել ընկերության գույքը, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ընկերության 100 % բաժնետերը Կարեն Գրիգորյանն է՝ Մանվել Գրիգորյանի որդին, ում համաձայնությունը առկա չէ գույքի հետ որևէ գործարք կատարելու վերաբերյալ: Գրիգորյանի պաշտպանական կողմը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանի անունից տրվել է համաձայնություն: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև դրա համար էական հանգամանքների հստակեցումը:

Դատավորն այսօր որոշեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը։

Դատարանը ցանկանում էր անցնել գործում առկա ապացույցների հետազոտմանը, սակայն Գրիգորյանի առողջական վիճակը նորից վատացավ, և նիստն հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter