HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը պատգամավորների երաշխավորությամբ ազատ է արձակել սպանության գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, այսօր որոշել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատել կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի (հայտնի է Ալավերդցի Վահագն անունով- հեղ.) օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Խոսքը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակներում կաշառք վերցնելու մասին է:

Նշենք, որ Շուշանյանի համար երաշխավորել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը և Արտյոմ Ծառուկյանը: Դատարանը երեք ամիս առաջ քննել և մերժել էր այս, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության այլ պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Շուշանյանին, սակայն կաշառքի գործով նախորդ դատական նիստի ընթացքում Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նորից միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ գրավ կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության շուրջ երեք ամսվա ընթացքում ընդամենը մի քանի վկա է լսվել: Ըստ պաշտպանի՝ դատաքննության նման ընթացքը չի կարող խոսել այն մասին, որ քննություն իրականացնող մարմինն առանձնահատուկ փութաջանություն է դրսևորել կալանքի տակ գտնվող ամբատանյալի մասնակցությամբ նիստը ողջամիտ ժամկետում քննելու ուղղությամբ: Ըստ պաշտպանի՝ անկախ նրանից՝ դատաքննության ձգձգման պատճառներն օբյեկտիվ են, թե ոչ, դրանից կալանքի տակ ամբաստանյալը տուժել չի կարող:

Միջնորդության դեմ առարկել են մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ու տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Սահակյանը նշել է նաև, որ անձնական երաշխավորության համար վճարվելիք գումարն, ըստ դատարան ներկայացված անդորրագրերի, վճարված է ոչ թե պատգամավորների, այլ ամբաստանյալ Շուշանյանի  եղբոր անունից: Բացի այդ՝ մեղադրողն ու Լուսինե Սահակյանը գտնում են, որ Շուշանյանին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից հետո ոչինչ չի փոխվել, դեռևս պահպանվում են նրա կալանքի տակ մնալու հիմքերը:

Մեզ հետ զրույցում Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ նա արդեն ազատ է:

Լուսանկարում՝ Թաթուլ Շուշանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter