
Հանձնաժողովը իրեն դատի տված քաղաքացուց վրե՞ժ է լուծում
«Հետքը» վերջերս գրել էր Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 14-ամյա Պետրոս Բադալյանի մասին, որին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չէր տրվել Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովի կողմից: Երեխայի հայրը դիմել էր դատարան, որն անվավեր էր ճանաչել հանձնաժողովի որոշումը:
«Հետքի» հրապարակումից հետո ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանը հանդես էր եկել պատասխանով:
2005 եւ 2007 թթ. երկուական տարով կարգավիճակ ստացած Պետրոսին երրորդ անգամ՝ 2009-ին, հանձնաժողովն արդեն մերժել էր պատճառաբանությամբ, թե նրա մոտ ախտորոշվել է «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, արմնկահոդի թեթեւ տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարում»: Ըստ հանձնաժողովի՝ «աննշան խանգարումը» չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակման, հետեւաբար՝ նաեւ կարգավիճակի տրամադրման: Այս պնդումը պաշտպանել էր նաեւ Միշա Վանյանը, որը գրել էր. «…«հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչ է հանդիսանում սոցիալական պաշտպանություն պահանջող սոցիալական անբավարարությունը, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով, արատներով, երեխայի զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավորից մինչև խիստ արտահայտված կայուն խանգարումների, որոնք էլ բերում են կենսագործունեության I, II և III աստիճանների սահմանափակումների` հաշվի առնելով տարիքային նորմատիվները»:
Հիշեցնենք, որ այս ոլորտը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը ՀՀ կառավարության 2003 թ. ընդունած «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» 780-Ն որոշումն է:
Կառավարության որոշման 29-րդ կետն ասում է, որ բոլոր սահմանափակումների դեպքում երեխային տրվում է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ որոշման մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե երեխայի մոտ որ աստիճանի խանգարումներն են հանգեցնում սահմանափակումների: Օրինակ՝ 26-28-րդ կետերը սահմանում են չափավորից մինչեւ խիստ արտահայտված խանգարումներով պայմանավորված սահմանափակումները եւ ըստ այդմ՝ հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ խմբերի նշանակումը: Բայց շեշտենք, որ այդ կետերը վերաբերում են չափահասներին մի պարզ պատճառով. դրանում խոսվում է հաշմանդամության խմբերի մասին, իսկ երեխաների դեպքում կիրառվում է ոչ թե հաշմանդամության խումբ, այլ ուղղակի «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, ինչը սահմանվում է առանձին՝ 29-րդ կետով: Հետեւաբար, սխալ է Մ. Վանյանի դիտարկումը, թե «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչ են հանդիսանում չափավորից մինչեւ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք էլ բերում են կենսագործունեության I, II և III աստիճանների սահմանափակումների:
Որոշման 16-րդ կետի համաձայն՝ երեխաների կենսագործունեության սահմանափակման գնահատման հիմք են հանդիսանում՝ ա) կենսագործունեության սահմանափակման հանգեցնող օրգանիզմի ֆունկցիաների խանգարման ձեւի եւ աստիճանի որոշումը, բ) կենսագործունեության սահմանափակման աստիճանի եւ տեսակի որոշումը, գ) վերականգնողական ներուժի եւ կանխատեսման որոշումը: Այսինքն՝ կան հիմքերը, սակայն չի նշվում, թե կոնկրետ որ աստիճանի խանգարում պետք է լինի, որ համարվի, թե կա սահմանափակում, եւ պետք է տրվի կարգավիճակ: Եվ ուրեմն որտեղի՞ց հանձնաժողովն ու Վանյանը որոշեցին, որ առնվազն պետք է առկա լինի «չափավոր» խանգարում:
Դատարանը մատնանշել էր նաեւ որոշման 17-րդ կետը, որը սահմանում է երեխայի կենսագործունեությունը սահմանափակող ֆունկցիաների հիմնական խանգարումները, որոնցից են ձեւախեղումները՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձեւախեղում: «Պետրոս Բադալյանի աջ ձեռքը ոչ լրիվ (180 աստիճանի փոխարեն՝ 160- հեղ.) բացելու հնարավորության բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ ձեռքը, որպես վերին վերջույթ, ունի ձեւախեղում, իսկ դրա վրա առկա ձգող սպին վկայում է արմունկի արտաքին ձեւախեղման մասին»,- նշել էր դատավոր Հովհաննես Թորոսյանը։
«Չգիտես»՝ ինչու, ոչ հանձնաժողովը, ոչ էլ պրն Վանյանը սրան չեն անդրադարձել:
Եվս մի կարեւոր հանգամանք, որը հաստատ արժանի է ուշադրության: 2009-ի դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովը, ինչպես նշվեց, Պետրոսի մոտ ախտորոշել էր «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, արմնկահոդի թեթեւ տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարում», ինչը իբր չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակման ու նաեւ կարգավիճակի տրամադրման:
Սակայն դատաքննության ժամանակ՝ 2010-ի դեկտեմբերին, Արայիկ Բադալյանի ներկայացուցչի միջնորդությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն անցկացրել էր համալիր հետազոտություն, եւ պարզվել էր, որ երեխայի մոտ առկա է «ֆունկցիայի չափավոր խանգարում»: Չնայած դատարանն անվավեր էր ճանաչել թիվ 1 հանձնաժողովի որոշումը, սակայն չէր պարտավորեցրել երեխային կարգավիճակ տալ, քանի որ նման իրավասություն չունի:
2011-ի սեպտեմբերին Արայիկը երեխային կրկին տարել էր փորձաքննության, սակայն այս անգամ էլ Պետրոսին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի տրվել հետեւյալ ախտորոշմամբ՝ «աջ արմնկահոդի հետայրվածքային սպիներ՝ առանց վերին վերջույթի և առանց հենաշարժողական ֆունկցիայի խանգարման»: Ինչպես երեւում է, այս ախտորոշումը շատ ավելի թեթեւ է, քան նախորդները, հատկապես՝ դրանից 9 ամիս առաջ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրվածը:
Հարց հանձնաժողովականներին եւ ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանին. ի՞նչ է սա նշանակում, պարոնայք: Արդյո՞ք հանձնաժողովը «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» տարբերակով չի պատասխանում քաղաքացուն, որը «համարձակվել է» իրեն դատի տալ, ինչի արդյունքում անվավեր է ճանաչվել հանձնաժողովի որոշումը, եւ հիմա էլ այնպես է անում, որ նույնիսկ «աննշան խանգարում» ախտորոշում չլինի, ինչը դատարանում տարակարծության պատճառ էր դարձել: Արդյո՞ք այդ նպատակով չի հանձնաժողովը այս վերջին անգամ տվել «…առանց վերին վերջույթի և առանց հենաշարժողական ֆունկցիայի խանգարման» ախտորոշումը:
Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի այս որոշումը վերադասի կողմից արդեն բեկանվել է, իսկ դրա նախագահ Լ. Ժամհարյանը խիստ նկատողություն է ստացել: Մանրամասները՝ առաջիկայում:
Մեկնաբանել