HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս քամուն տալ 122 միլիոն դոլար. հին կառավարության դասերը՝ նոր կառավարությանը

«Աղքատը վճարում է կրկնակի»

Մի իմաստուն ժողովուրդ

Ինչո՞ւ հիշեցի ժողովրդական այս իմաստությունը։ Որովհետև չնայած ոռոգման ջրի հետ կապված խնդիրների սոցիալ-տնտեսական, քաղաքական սրությանը` Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր 16 կառավարություններից և ոչ մեկը չի կարողացել լուծում տալ այդ խնդիրներին` բերելով պարզագույն մի արդարացում՝ փող չկա։

Օրերս հրապարակված արդեն նոր` զուտ հեղափոխական կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) ինձ ստիպեց հետ գնալ մինչև հեռավոր 2007 թվականը և տարիների այդ խորքից հետ գալ մեր օրեր՝ հասկանալու, թե չեղած փողը ինչի վրա է ծախսվել և ինչի վրա է ծախսվելու արդեն հիմա, երբ տնտեսական հեղափոխություն է հռչակվել։

Կառավարությունը սուբսիդավորել է, սուբսիդավորում է և դեռ կսուբսիդավորի ՋՕԸ-երի բյուջեի ճեղքվածքը։ Ստորև բերված գրաֆիկը ցույց է տալիս այդ սուբսիդավորումների մասին տարեկան տվյալները։

IMG_20190627_164939.png (155 KB)

Գրաֆիկում կապույտ կորը ցույց է տալիս կառավարության ռազմավարություններով ՋՕԸ-երին հատկացվելիք սուբսիդավորումների պլանավորված չափաքանակը, կարմիր կորը` փաստացի տրամադրված չափաքանակը։

Այս սուբսիդիաները ամեն անգամ տրամադրվել են որոշակի ռազմավարություններով` ելնելով կանխավարկածից, որ տարեցտարի նվազեցնելով ՋՕԸ-երին ոտքի կանգնեցնելու համար նախատեսված սուբսիդիաները, ի վերջո ՋՕԸ-երը կգան ինքնածախսածածկման։ Սակայն կարմիր կորն ապացուցում է, որ դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև ամեն անգամ կառավարությունըոչինչ չշահելովհաջորդ ռազմավարության մեջ գրել է՝ կրկին փորձիր։ Նույնիսկ ձևական փորձ չի արվել իրար հաջորդող ռազմավարություններից որևէ մեկում արձանագրելու թե ինչու՞ նախորդ անգամ չստացվեց։ Դրա փոխարեն վարչապետերը մեկը մյուսի հետևից ակնարկել են թե «մեզ ու նախորդներին մի՛ համեմատեք, էսա կտեսնեք, որ ամեն ինչ մեր ծրագրածով կգնա»։

Արդյունքում մենք` հարկատուներս 2007-2019թթ.-ին վճարել ենք մոտ 58 միլիարդ դրամ, կամ որ նույնն է 122 միլիոն դոլար` ստանալով ոչինչ։ Այդ գումարները հիմնականում ուղղվել են էլեկտրացանցի հանդեպ ՋՕԸ-երի պարտավորությունները մարելուն։

Առանցքային նշանակություն ունի հարցը, թե ինչու՞ են ՋՕԸ-երը պարտք մնում ՀԷՑ-ին:

Բանն այն է, որ ոռոգման ջրի մատակարարման երկու եղանակ կա` մեխանիկական և ինքնահոս։ Մեխանիկական եղանակը ենթադրում է էլեկտրական պոմպերի գործադրմամբ ցածր կետից դեպի բարձր կետ ջրի մղում` ինչը, բնականաբար, բարձրացնում է ջրի ինքնարժեքը։ Ինքնահոս եղանակի պարագայում՝ ջուրը բարձր կետից հոսում է դեպի ցածր կետը, ինչը դրական է ազդում ինքնարժեքի վրա։ Սակայն ջրի դիմաց և մեխանիկական, և ինքնահոս եղանակով ոռոգող ջրօգտագործողները վճարում են միջինացված 11 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության եզր ունենալու համար նշենք, որ օրինակ՝ Խաչիկ գյուղին մեխանիկական եղանակով ոռոգման ջուր հասցնելու ինքնարժեքը մոտ 250 դրամ/խմ է։ Սա նշանակում է, որ ինքնարժեքից ցածր գին սահմանելով՝ ՋՕԸ-երի բյուջեում առաջանում է ճեղքվածք, որը տարիներ շարունակ սուբսիդավորվել է պետական բյուջեից, դեռ չհաշվենք, որ ինքնահոս եղանակով մատակարարվող ջուր սպառողներն են նաև հանդիսացել «սուբսիդավորող»` ակնհայտորեն 11 դրամից ցածր ինքնարժեք ունեցող ջրի դիմաց ավելի բարձր վճարելով։

Հարց է ծագում. իսկ հնարավո՞ր է ջուրը մատակարարել ինքնարժեքով` ինքնահոսը 11 դրամից էժան, մեխանիկականը` թանկ։

Ո՛չ, որովհետև հողագործությունը սոցիալական խնդիր է լուծում Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների համար, ովքեր համատեղության կարգով սոցիալապես խիստ խոցելի են և որևէ կառավարություն չի գնացել ու չի գնա, օրինակ, սահմանամերձ Խաչիկ գյուղում ոռոգելի գյուղատնտեսությունը ոչնչացնելու ճանապարհով։ Սա նախևառաջ քաղաքական խնդիր է։ Ուրեմն իր ակունքում առնչվում է հանրային համերաշխությանը։

Ո՞րն է համերաշխության գոյություն ունեցող մոդելը. ինքնահոս եղանակով ոռոգման ջուր օգտագործողները և ընդհանրապես ոռոգման ջուր չօգտագործող հարկատուները իրենց գրպանից ու պետական բյուջեից վճարում են մեխանիկական ջուր օգտագործողների փոխարեն։

Սա կարող է ժամանակավորապես արդար համարվել, եթե մեխանիկական ջուր օգտագործողը «երախտագիտության ժեստ» անի։ Ո՞րն է այդ ժեստը. 250 դրամ արժեցող ջրով 160 դրամ արժեցող ցորեն չմշակելը, ջրախնայող տեխնոլոգիաներին անցնելը, թանկ մշակաբույս աճեցնելով սեփական մեջքը ուղղելն ու վճարունակ դառնալը, ագրոխորհրդատվությանը հետևելը, իր հարևանների հետ միատեսակ մշակաբույսի, միասնական վարուցանքի, պարարտացման անցնելը (այլ կերպ ասած՝ կոոպերացումը)։ Սրանք զարգացման հիմնական ուղենիշեր են, որոնք ձեռնտու են թե՛ այդ գյուղացուն, թե՛ սուբսիդավորող հանրությանը։ Որովհետև մենք չենք կարող անվերջ վճարել մեր եղբայրների փոխարեն, որովհետև մենք վճարել ենք 122 միլիոն դոլար, բայց ոչ մեր կյանքն է լավացել, ոչ իրենցը։

Լիրիկական զեղումներից հետ գալով պետք է արձանագրենք, որ միամտություն կլինի կարծել, թե մի առավոտ մեխանիկական ջուր օգտագործողը կարթնանա ու կորոշի գնալ այս ճանապարհով։ Նախ, որովհետև «երախտագիտության» համար սկզբնական ներդրումների կարիք կա (կաթիլային ոռոգման համակարգ, չորասեր բարձրարժեք կուլտուրաների տնկիներ, տրակտոր, խորհրդատվություն․․․), երկրորդ՝ աշխարհի ոչ մի կետում այդպես չի լինում։ Ուստի համերաշխության նոր մոդելի ձևակերպման բեռը մնում է պետական կառավարման համակարգի ուսերին։

Խնդիրը հասկանալի է սահմանափակ ռեսուրսները ուղղորդել այնտեղ, որտեղ այդ ռեսուրսները առավելագույն թվով խնդիրներ կլուծեն։ Պարզ հայերենով ասենք՝ մի ձեռքով երկու ձմերուկ բռնել։ 

Որո՞նք են այն խնդիրները որ մենք պետք է լուծենք

  1. Էլեկտրաէներգիայի խնայողություն
  2. Ջրի խնայողություն
  3. Գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերության բարձրացում

Ի՞նչպես լուծել դրանք

Պետք է արմատապես վերանայել սուբսիդավորման համակարգը «Սուբսիդիաներ ՋՕԸ-երին» մոդելից անցում կատարելով «Սուբսիդիաներ գյուղացուն» մոդելին։ Մեխանիկական և ինքնահոս եղանակով ոռոգման ջրերի վրա տարբերակված սակագներ կիրառելով՝ նվազեցնել ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնողների ջրի սակագինը՝ ինչը համակարգի հանդեպ վստահության բարձրացման և պատշաճ վճարումների խթան կդառնա անարդարացիորեն ավել վճարող ինքնահոս եղանակով ջուր սպառողների մոտ, իսկ այս փոփոխության բերումով թանկացող մեխանիկական ջուր սպառողների համար անցնել անհատական սուբսիդավորման համակարգի։ Ընդ որում՝ պետք է սուբսիդավորել ոչ թե ջրի վճարը, այլ ջրախնայողությունը։ Այսինքն օգնել, որ մարդը նույն գործն անելիս ավելի թանկ ջուրը ավելի քիչ սպառի՝ դրանով հանգեցնելով մի վիճակի, որ թանկացումից առաջ և հետո մարդը վճարում է նույնքան։ Դա կարող է լինել կաթիլային համակարգի անցնելու դեպքում՝ պետությունը դա կսուբսիդավորի ավելի շատ քան հիմա է անում, կարող է լինել չորասեր-բարձրարժեք մշակաբույսի անցնելու դեպքում՝ պետությունը դա կսուբսիդավորի, կարող է լինել մեծ տարածքի վրա գրագետ կոոպերատիվ գյուղատնտեսություն ծավալելու բերումով՝ պետությունը դա կսուբսիդավորի։ Ասենք ավելին՝ պետությունը հենց հիմա այդ բոլորը սուբսիդավորում է, բայց այդ սուբսիդավորումը հեղափոխական տեմպերով չի ազդում գյուղոլորտի վրա, որովհետև նախ սուբսիդիաների չափն է փոքր, երկրորդ այս շղթայական կապերը պատշաճ չեն տրվել։ Ինչպե՞ս կարելի է ոռոգման ջրի մատակարարման սուբսիդավորումը առանձնացնել ջրախնայող տեխնոլոգիաների սուբսիդավորումից ու հույս ունենալ, որ ինչ-որ մեկը կաթիլային համակարգի կանցնի։

Անհատական սուբսիդավորման չափը որոշելու մեթոդաբանության հիմքում պետք է դրված լինեն գործակցավորված չափորոշիչներ, որոնք կանդրադառնան հետևյալ հարցերին, թե սուբսիդավորման հավակնորդը

  • Գիշերայի՞ն, թե՞ ցերեկային ժամերին է ոռոգում իրականացրել (գիշերային ոռոգումն արդյունավետ է՝ ցածր գոլորշացման և էժան էլեկտրաէներգիայի տեսանկյունից)։
  • Ջրախնայող համակարգ ներդրվա՞ծ է, թե՞ բաց հողային հուներով է ոռոգում իրականացնում։
  • Բարձրարժե՞ք մշակաբույս է մշակում, թե՞ ցածրարժեք։
  • Հետևո՞ւմ է ագրոխորհրդատվությանը, թե՞ ոչ (սկսած ակոսների ձևից ամեն բան ազդում է օգտագործվող ջրի ծավալների վրա)։
  • Իր հարևան հողատերերի հետ միատեսա՞կ մշակաբույս է մշակում, թե՞ տարբերվող ջրային ռեժիմով։ 
  • և այլն

Ակնհայտ է, որ մեխանիկական ջրի կրճատումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման և եթե դրա հիմքում դրվի օրինակ կաթիլային ոռոգումը և բարձրարժեք-չորասեր մշակաբույսերի մշակությունը՝ ապա նաև գյուղոլորտի եկամտաբերության բարձրացման։

Երբ խոսում ենք համերաշխության նոր մոդելի մասին, պիտի հասկանանք, որ հարկ վճարողի հանդեպ արդար չէ գերնորմատիվային հողերում մեխանիկական եղանակով ոռոգման պայմաններում 45 անգամ ջրման պահանջ ունեցող վարունգ մշակելը և ակնկալելը, որ ինչ-որ մեկը եղբայրաբար պիտի վճարի քո փոխարեն։ Գուցե հոդվածն ընթերցողն արձագանքի, թե ի՞նչ իրավունք ունենք մենք մարդուն պարտադրել, որ վարունգ չմշակի, չէ՞ որ սա ազատ շուկա է։ Ոչ մի պարտադրանք։ Ազատ շուկա է՝ թող մշակի, թող վճարի ջրի դիմաց։ Եթե դա իր շահերից չի բխում և մեր շահերից չի բխում՝ կարող ենք պայմանավորվել, փոխադարձ շահերի շուրջ գալ համաձայնության ջրախնայող տեխնոլոգիաներ և բարձրարժեք-չորասեր մշակաբույսեր սուբսիդավորման դիմաց։ 

Հիմա մի փոքր էլ խաղանք թվերի հետ՝ ցույց տալու, որ աղքատը վճարում է կրկնակի

Հայաստանում մեխանիկական եղանակով ոռոգվող հողատարածքների ընդհանուր մակերեսը մոտ 30,000 հեկտար է, մոտ 95 հազար հեկտար էլ ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Մեխանիկական եղանակով ոռոգվող 30,000 հա հողատարածքների ոռոգման համար միջինում տարեկան ծախսվում է 142 մլն կՎտ *ժամ էլեկտարական էներգիա։ Էլեկտրաէներգիայի ներկայիս սակագնով դրա դիմաց վճարման ենթակա գումարը մոտ 6 մլրդ դրամ է։ Այսինքն ՋՕԸ-երի բոլոր մյուս ծախսերը (աշխատավարձեր, հարկեր, տնտեսական և ներկայացուցչական ծախսեր, նյութեր, ապրանքներ, ծառայություններ․․․) չհաշված՝ միայն էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը 6 մլրդ դրամ է, որից կառավարությունը տարեկան միջինում սուբսիդավորել է 5 միլիարդ դրամը։ Այսպիսով՝ տարիների ընթացքում կառավարությունը մոտ 120 միլիոն դոլար քամուն է տվել, մոտ 17 միլիոն դոլար էլ պատրաստվում է քամուն տալ 2020-2022 թվականներին։

Համեմատության համար ասեմ, որ օրինակ տարեկան 120 մլն կՎտ *ժամ էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն ունեցող Մասրիկի արևային էլեկտրակայանի կառուցման համար պահանջվել է 50 միլիոն դոլար ներդրում։ Այսինքն տեսականորեն, եթե ընդունենք, որ այդ կայանը կարող էր կառուցած լինել կառավարությունը հենց ոռոգման ջրի մատակարարման համար անհրաժեշտ 142 մլն կՎտ *ժամ պահանջարկը բավարարելու համար, ապա տեսականորեն հնարավոր կլիներ 50 միլիոն դոլարով փակել հոսանքի փողի թեման և դեռ մի 70 միլիոն դոլար էլ կմնար քամուն տալու համար։ Բայց կառավարությունը, բնականաբար, ազատ 50 միլիոն դոլար չունի։ Էդ դեպքում, եթե 10 տարի առաջ օրինակ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով պետական պարտք ներգրավեր ապա միայն այդ սուբսիդիաների գումարներով վարկը փակած-վերջացրած կլիներ, էլեկտրակայանն ու էժան հոսանքն էլ կմնար մեր ջրային տնտեսությանը, մի 50 միլիոն էլ դեռ կմնար՝ քամուն տալու համար։

Կամ, մեկ այլ տարբերակ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման արժեքը մեկ հեկտարի համար մոտ 2700 դոլար է։ Եթե այդ ողջ 30,000 հեկտարի վրա պետությունը մարդկանց պարզապես նվիրեր այդ համակարգը, դա կկազմեր 81 միլիոն դոլար և ևս մի 40 միլիոն կմնար քամուն տալու համար: Դրանից բացի՝ մոտ 65 տոկոս կկրճատվեր ջրի ծախսը, 35 տոկոս կբարձրանար բերքատվությունը։

Այս տարբերակներից որևէ մեկի կիրառման դեպքում մենք երկու անգամ պակաս կվճարեինք, քան վճարել ենք և վերջնարդյունքում խնդիրը լուծած կլինեինք։ Իսկ հիմա վճարել ենք կրկնակի և կանգնած ենք նույն 10 տարի առաջվա կոտրած տաշտակի առաջ։ Բայց տասը տարի առաջվա մեռելներին հանգիստ թողնենք՝ գանք մեր օրեր։

2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այս կառավարությունը նախատեսել է 8,4 մլրդ դրամ սուբսիդիա տրամադրել ՋՕԸ-երին։ Դա, բնականաբար, չի ծածկելու դրանց բյուջեների ճեղքվածքը։ Հետևաբար ՋՕԸ-երի սնանկացումը զուտ ժամանակի հարց է, եթե չլինեն ռեֆորմներ։ Բայց 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով ոչ մի նման հեղափոխական ռեֆորմ նախատեսված չէ։

Փոխարենը նախատեսված է 1,5 մլրդ դրամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորում ծրագրով, 5,7 մլրդ գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցության տրամադրում ծրագրով, 7,5 մլրդ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրով (որի մեջ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտները ներկայացված են համատեղ, ուստի չեմ կարող նշել, թե ո՞ր մասն է վերաբերելի բուսաբուծությանը)։

Այսպիսով՝ առաջիկա 3 տարիներին իրար հետ սերտորեն կապված ծրագրերով կառավարությունը նախատեսում է ծախսել մոտ 23 մլրդ դրամ, սակայն այդ ծրագրերը միմիանց հետ չփոխպայմանավորելով, ընդհանուր ռազմավարություն չվարելով՝ բաց է թողնում դրանից առավելագույն օգուտներ քաղելու հնարավորությունը։ Ուստի կարելի է այս բոլոր ծրագրերի համար նախատեսված միջոցները մեկտեղել և վերջապես հասկանալով, թե հանրագումարում ո՞րն է մեզ համար ցանկալի գյուղատնտեսությունը՝ ուղղել այդ ուղղությամբ։

Բացի դրանից, ՋՕԸ-երը չեն կարող սպասել, դրանք դանդաղ վախճանի մեջ են։ Դրանց սնանկացման դեպքում կառավարությունը պատասխան պիտի տա մոտ կես միլիոն շահառուի առաջ։ Ուստի օր առաջ հարկավոր է բեկել դրանց գահավիժման ճանապարհը։

Ի դեպ, Եվրոպական Միությունը պատրաստ է ֆինանսավորել մեր կողմից բերված ենթակառուցվածքային ծրագրերը։ Հույս ունեմ նկատեցիք, որ ոռոգման համակարգն ու էներգետիկան ենթակառուցվածքային են։ Ամենայն բարիք։

Մեկնաբանություններ (1)

Ինեսսա Գաբայան
Հարգելի Միքայել, շնորհաալություն վերլուծության համար: Դեռևս 2000-ականների սկբից, երբ ջրային տնտեսության ղեկավարումն անցավ էներգետիկների ձեռքը (սկզբում` որպես պետկոմիտեի նախագահներ, հետագայում` կոմիտեն էներգետիկայի նախարրութան ենթակայությանը տանելով) արդեն կանխորոշվեց ջրային տնտեսության ճակատագիրը` ծառայելու ՀԷՑ-ին: Այսինքն` որքան վատ լինի պոմպակայնների վիճակը, որքան ցածր լինի դրանց օգգ-ն, և այլն, այնքան հոսանքի ծախսերը մեծ կլինեն և կշահի ՀԷՑ-ը: Դրա համար էլ Էներգետիկայի նախ-ը շահագրգռված չէ մեխանիկական համակարգերը ինքնահոսով փոխարինելու ծրագրերում, խոշոր պոմպակայանների կապիտալ վերականգնելու և ընդհանրապես, ոռոգման համակարգը պակաս էներգատար դարձնելու համար: Ինչ վերաբերում է սուբսիդիաներին, ապա շատ զգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter