HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները թաքնվում են պարսպի հետեւում. Լեհաստանը ԱԳՆ-ին «բացատրում է» նոտա հղելու կարգը

-Հայաստանի քաղաքացին ինչո՞ւ պիտի վիզա ստանա Վրաստանում,- հարցրեց հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի հայ սահմանապաhը՝ անձնագիրս թերթելով, ապա դուրս եկավ խցիկից, մտավ հարեւան խցիկը, ինչ-որ բան խոսեց գործընկերոջ հետ, դուրս եկավ ու խցիկի հետեւում հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրուցեց:

Սահմանապահի հարցն ինձ էլ է հետաքրքրում, ես էլ եմ փնտրում դրա պատասխանը՝ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին վիզա ստանա Վրաստանում:  

Հիմա՝ այն մասին, թե ինչպես սկսվեց ու ինչ ավարտ ունեցավ այս պատմությունը:

Աշխատաժողով եւ համաշխարհային կոնֆերանս

Հուլիսի 1-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենում Գիտական լրագրության բալկանյան դպրոցի 4-րդ աշխատաժողովը, որին հաջորդելու է (հուլիսի 1-4) Գիտական լրագրողների համաշխարհային 11-րդ կոնֆերանսը: Հայտարարված մրցույթն անցնելուց հետո հրավեր ստացա մասնակցել թե՛ աշխատաժողովին, թե՛ կոնֆերանսին: Ընդ որում՝ մասնակից երկրների շարքում Հայաստանից, կարծես, միայն ես եմ:

Համաշխարհային կոնֆերանսի կազմակերպիչը Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնն է (JRC, Joint Research Centre), որից էլ ստացել եմ հրավերը:

Լեհաստանի դեսպանատուն. չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում

Թեեւ Հայաստանում Շվեյցարիան դեսպանատուն ունի, այն հյուպատոսական ծառայություն չի մատուցում, եւ այդ երկրի մուտքի արտոնագիրը՝ վիզան, ՀՀ-ում տալիս է Լեհաստանի դեսպանատունը: Սա Լեհաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունք է (Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, բայց Շենգենյան գոտու մեջ է մտնում): Երեւանում երկու դեսպանատները իրարից մոտ 200 մ հեռավորության վրա են:

Լեհաստանի դեսպանատանը վիզա ստանալու ընթացակարգի առաջին փուլն էլեկտրոնային համակարգում ընդունելության օր ամրագրելն ու դրանից անմիջապես հետո էլեկտրոնային դիմում-հայտ լրացնելն է: Կան դեսպանատներ, որոնց կայքերում առանց օր ամրագրելու կարելի է ներբեռնել դիմում-հայտի ձեւաթուղթն ու լրացնել թղթային տարբերակը, սակայն Լեհաստանի դեպքում այդպես չէ:

Մեկ շաբաթից ավելի փորձեցի օր ամրագրել, ինչն ուղղակի հնարավոր չէր. դեսպանատան էլեկտրոնային համակարգում միայն նշված էր, որ ազատ օր չկա մինչեւ հունիսի 27-ը, այնինչ իմ թռիչքը նախատեսված էր հունիսի 30-ին:  

Առաջին քայլս դեսպանատան էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելն էր՝ բացատրելով իրավիճակը եւ խնդրելով ընդառաջել՝ ազատ տեղ բացել հայտի համար: Պատասխանն անդեմ էր ու ոչինչ չասող՝ չեն կարող միջամտել գրանցման գործընթացին, փոխարենը յուրաքանչյուր ուրբաթ Հայաստանի ժամանակով առավոտյան 9-ին կարող եմ հետեւել էլեկտրոնային համակարգում ազատ տեղեր բացվելուն, ինչին ես տեղյակ էի ու միաժամանակ թերահավատ: Այդուհանդերձ, ուրբաթ օրը ժամը 8:30-ից համակարգչի առաջ անընդհատ թարմացնում էի էլեկտրոնային համակարգի էջը՝ ազատ տեղ գտնելու համար, սակայն ուղիղ ժամը 9-ին ազատ տեղ բացելու փոխարեն, համակարգը պարզապես փոխեց ժամկետը՝ նշելով, որ մինչեւ հուլիսի 4-ը օր ամրագրել հնարավոր չէ:

Այս իրավիճակում որոշեցի դիմել կազմակերպչին՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցչին՝ խնդրելով դեսպանատանը ներկայացնել իրավիճակը, սակայն ինձ հայտնեցին, որ Եվրահանձնաժողովն իրավունք չունի միջամտել դեսպանատան աշխատանքներին:  

«Գնացեք աղմուկ հանեք եւ կոդ պոկեք»

Այս քաշքշուկի ընթացքում պարզեցի, որ Լեհաստանի դեսպանատան նման գործելակերպին բախվող միակ մարդը չեմ:

Տեղեկություններ ստացա, որ այստեղ դիմողներն անգամ երկու ամիս շարունակ չեն կարողացել օր ամրագրել, մարդիկ էլ կան, ովքեր դիմում են տուրիստական գործակալություններին: Նրանցից մեկի օրինակով, ով տուրգործակալության միջոցով կարողացել էր օր ամրագրել, գնացի գործակալություն, որը գտնվում է Մոսկովյան փողոցում: Այստեղ լսելով Լեհաստանի անունը՝ անմիջապես ասացին, թե բացառվում է սովորական ճանապարհով (ինչպես հայտարարում է դեսպանատունը) օր ամրագրելու տարբերակը, քանի որ ամեն ուրբաթ հենց տուրգործակալություններից 10-20 աշխատող այդ գործով է զբաղվում, բայց էլի չի կարողանում օր ամրագրել:

Իմանալով Շվեյցարիա այցիս նպատակը եւ լրագրող լինելս՝ տուրգործակալությունում խորհուրդ տվեցին երկու տարբերակով գործել: Առաջինը՝ դեսպանատուն ներկայանալ լրագրողական վկայականով ու որեւէ կերպ աղմուկ բարձրացնել թեմայի վերաբերյալ, մինչեւ ներս կհրավիրեն, ինչից հետո պետք է ընդունելության տեղ ամրագրելու համար «հատուկ կոդ» վերցնել, որը հետո պիտի տրամադրեի տուրգործակալությանը, իսկ մնացածն իրենք կանեին 15 հազար դրամ վճարի դիմաց: Մեկ այլ գործակալություն նույնն առաջարկում էր 25 հազար դրամով: Երկրորդ տարբերակը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը դիմելն էր: Այս դեպքում եւս, ըստ տուրգործակալության աշխատակիցների, դեսպանատունն ինձ պիտի տար այդ «հատուկ կոդը»՝ համակարգում գրանցվելու համար: Միաժամանակ խորհուրդ տվեցին, թե քանի որ «կոդը» մեկանգամյա օգտագործման է, այն չփչացնելու համար իրենց ծառայությունից օգտվեմ:

Նույն օրը որոշեցի աշխատանքային գործունեությանս ընթացքում առաջին անգամ նման խնդրով դիմել ԱԳՆ-ին. նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով նամակ գրեցի:

Լեհաստանի դեսպանատունն անտեսում է ԱԳՆ նոտան

ԱԳՆ դիմելուց օրեր անց ինձ տեղեկացրին, որ պատրաստ են օգնել եւ պաշտոնական նոտա կհղեն Լեհաստանի դեսպանատուն: Նոտան տվեցին անձամբ ինձ՝ նշելով, որ այն կցեմ մյուս փաստաթղթերին եւ ներկայանամ դեսպանատուն: Այդպես էլ արեցի՝ համոզված լինելով, որ ձեռքիս մեջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական գերատեսչության կշիռ ունեցող փաստաթուղթն է, ու նվազագույնը դեսպանատանն ինձ ներս կհրավիրեն: Պահակակետի մոտից զանգեցի հյուպատոսական բաժին, ներկայացրի իրավիճակը, շեշտեցի, որ թղթերիս կից ունեմ նաեւ ԱԳՆ նոտան, սակայն ինքնապատասխանիչի ռոբոտային ձայնով կին աշխատակիցը ասաց, թե ինքը փոխանցում է հյուպատոսի պաշտոնական դիրքորոշումը՝ վիզա ստանալու հարցում ընդառաջում են միայն ծանր հիվանդներին եւ պաշտոնական պատվիրակություններին: Ստացվում է՝ Լեհաստանի դեսպանատունն այնպիսի պատնեշ է կառուցել ՀՀ քաղաքացիների առաջ, որը հաղթահարելու համար կա՛մ պետք է պաշտոնյա ու պաշտոնական պատվիրակության անդամ լինելու բախտ ունենաս, կա՛մ էլ ծանր հիվանդ լինելու դժբախտություն:

Այս պատասխանից հետո դեսպանատանը կրկին էլեկտրոնային նամակ գրեցի՝ կցելով ԱԳՆ նոտան, որպեսզի համապատասխան պաշտոնյան անձամբ ծանոթանա դրա բովանդակությանը: Նամակի պատասխանը ստացա 2 օր անց միայն, երբ դրա կարիքն այլեւս չունեի: Այս մասին՝ մի փոքր անց:

Մինչ այդ կրկին գնացի դեսպանատուն՝ նպատակ ունենալով վերջնականորեն համոզվել, որ ԱԳՆ նոտան դեսպանատունը հիմք չի ընդունում: Որոշել էի թեմային հանրային հնչեղություն տալ հրապարակման միջոցով, քանի որ Լեհաստանի դեսպանատան արհամարհական գործելաոճին բախված միակ մարդը չէի, բայց որ ավելի տարօրինակ ու վիրավորական էր, ՀՀ պետական դիվանագիտական մարմնի, այսինքն՝ Հայաստան պետության հանդեպ նման կեցվածքն իսկապես անսպասելի էր թե՛ ինձ, թե՛ ԱԳՆ-ի համար, որին տեղյակ էի պահել դեսպանատան արձագանքի մասին:

Վստահ էի, որ դեսպանատան պատասխանը նախորդ օրվա նման է լինելու, եւ ինձ չեն ընդունելու: Կրկին հյուպատոսական բաժին զանգեցի պահակակետի մոտից: Չէի սխալվում՝ պատասխանը նույնն էր: Աշխատակիցը նախ կրկնեց, որ չեն ընդառաջում թեկուզ ԱԳՆ նոտայի առկայությամբ, հետո ավելացրեց, թե հյուպատոսը 3 օրում կպատասխանի իմ ուղարկած էլեկտրոնային նամակին, իսկ ճշգրտող հարցին՝ ԱԳՆ նոտան ձեզ համար հի՞մք է, թե՞ ոչ, այդպես էլ չպատասխանեց: Միայն դժվարությամբ կարողացա պարզել, որ խոսողը ոչ թե հյուպատոսական բաժնից էր, այլ դեսպան Պավել Չեպլակի օգնականը՝ ոմն Մելինե: Ձայնից ենթադրում եմ, որ նույն անձն էր նաեւ նախորդ օրվա իմ հարցերին նմանակերպ պատասխանողը:

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը խոստացավ վիզա տալ… 2 ժամում

Լեհաստանի դեսպանատան գործելաոճը տեսնելուց հետո էլեկտրոնային նամակ էի գրել նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, որտեղից հայտնել էին, թե իրենց վիզան ՀՀ-ում տրամադրում է Լեհաստանը, կրկնել էին ուրբաթ օրերին տեղ ամրագրելու անհույս տարբերակը, բայց նաեւ առաջարկել էին դիմել Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատուն: Վերջինս, ի տարբերություն երեւանյան դեսպանատան, ունի հյուպատոսական բաժին, որը սպասարկում է Վրաստանում ու Հայաստանում բնակվողներին (ինչպես հայտնի է, Վրաստանի քաղաքացիներն ազատված են կարճաժամկետ (մինչեւ 90 օր) շենգենյան վիզա ձեռք բերելու պարտավորությունից): Այսինքն՝ ես կարող էի գնալ Թբիլիսի:  

Թռիչքիցս 3 օր առաջ՝ հունիսի 27-ի առավոտյան, նամակ գրեցի Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը՝ նկարագրելով իրավիճակը: Ցանկանում էի համոզվել, որ եթե ամսի 28-ին ներկայանամ դեսպանատուն, նույն օրը կարող եմ ստանալ վիզան (հունիսի 28-ն ուրբաթ էր՝ շաբաթվա ու ամսվա վերջին աշխատանքային օրը, այսինքն՝ վերջին հնարավորությունը): Զուգահեռաբար նաեւ այդ օրվա համար գրանցվեցի Շվեյցարիայի դեսպանատան էլեկտրոնային համակարգում, ինչն անչափ հեշտ էր, ներբեռնեցի ու լրացրի դիմում-հայտը: Այդուհանդերձ, մտավախություն ունեի, որ նույն օրը վիզա ստանալ գուցե չստացվի ու, ամենայն հավանակությամբ, պետք է չեղարկեմ թռիչքս: Արդեն պատրաստվում էի այդ մասին հայտնել կազմակերպիչներին:

Ամսի 27-ի կեսօրին նամակ ստացա Թբիլիսիի շվեյցարական դեսպանատնից, որով հայտնում էին, որ ինձ համար բացառություն կանեն, եւ եթե ամսի 28-ի առավոտյան 9-ին ներկայանամ դեսպանատուն փաստաթղթերի պատճաշ փաթեթով, ապա ժամը 11-ին վիզան պատրաստ կլինի: Սա ամենաանհավանական պատասխանն էր, որ կարող էի ստանալ այս ամենի ֆոնին:

Վրաստան մեկնելուց առաջ անհրաժեշտ էր վերցնել վերջին փաստաթուղթը՝ բժշկական ապահովագրությունը, որի համար դիմեցի տուրգործակալություններից մեկին: Երբ իմացան, որ գործ եմ ունեցել Լեհաստանի դեսպանատան հետ, աշխատողներից մեկը նկատեց, թե դա պետություն է պետության մեջ, ապա ավելացրեց, որ իրենք արդեն մի քանի ամիս հրաժարվել են զբաղվել Լեհաստանի վիզաներով, քանի որ այլեւս չեն ուզում մարդկանց հուսախաբ անել այլոց գործելաոճի պատճառով (ըստ աշխատակցի՝ նույնիսկ մեկ տարի առաջ պլանավորած այցելությունները չեն կայացել վիզա չստանալու պատճառով, բազմաթիվ գործնական, անձնական ու տուրիստական այցելություններ են ձախողվել): Պարզվեց նաեւ, որ ամիսներ առաջ մի քանի տուրգործակալություններ բողոքի ցույց են կազմակերպել այս դեսպանատան առաջ, սակայն ոչինչ չի փոխվել:

Տուրգործակալության աշխատակցուհին հավաստիացրեց, որ Լեհաստանի դեսպանատունն արդեն տեւական ժամանակ չունի հյուպատոս եւ փոխհյուպատոս: Չնայած դեսպանատան կայքում որպես այդպիսիք նշվում են Գրաժինա Խորոնժիկեւիչն ու Աննա Սվիտալսկան, զրուցակիցս պնդեց, որ վիզաների տրամադրումը դեսպան Չեպլակի անմիջական վերահսկողության տակ է, ու վիզաներով զբաղվում են «մեր տեղացի երեխեքը»: Անմիջապես հիշեցի, որ դեսպանատան հյուպատոսական բաժին զանգելիս ինձ հետ զրուցել էր Չեպլակի օգնական Մելինեն:

Դեսպանատունն ամենասկզբում էլեկտրոնային նամակով ինձ հայտնել էր, թե իբր իրենք օրական շուրջ 50 քաղաքացի են ընդունում, ինչին ես, բնականաբար, չհավատացի, քանի որ ամեն առավոտ աշխատանքի գնալիս անցնում եմ դեսպանատան առջեւով, եւ երբեւէ մի քանի հոգուց ավելի մարդ չեմ տեսել, ավելին՝ տուրգործակալության աշխատակցուհին ասաց, թե դրանք էլ վիզայի հետ կապված բողոք ունեցող անձինք են, իսկ այս դեսպանատունն ամիսը հազիվ 2 հոգու է ընդունում, ու ամրագրման օրերն էլ, հավանաբար, արհեստականորեն փակել են:

Ինչպես ստացա վիզան

Հունիսի 28-ի առավոտյան ժամը 9-ին Շվեյցարիայի թբիլիսյան դեսպանատան բակում էի, անվտանգության աշխատակիցը ժպիտով մոտեցավ՝ հարցնելով, թե ինչով կարող է օգնել: Մի քանի րոպե անց ներս մտա դեսպանատուն՝ առանց պայուսակս ստուգելու ու հեռախոսս անջատելու, ինչպես սովոր ենք անել Հայաստանում:

Ներս մտնելուն պես վրացուհի մի կին վարժ անգլերենով ճշտեց ով լինելս, ապա ասաց, թե ինձ սպասում էին: Խնդրեց մի քանի րոպե սպասել, քանի որ այդ պահին սպասարկում էր երկու հոգու:

Քաղաքավարի, բարեհամբույր վերաբերմունքն իսկապես անսպասելի էր, քանի որ Հայաստանում նախկինում գործ եմ ունեցել Չեխիայի եւ Գերմանիայի հյուպատոսությունների հայ աշխատակիցների հետ՝ անտարբեր, երբեմն կոշտ տոնով (Լեհաստանի կառույցի աշխատողի մասին արդեն նշեցի): Փաստաթղթերիս փաթեթը վերցնելով՝ վրացուհին ասաց, որ երկու ժամից կարող եմ գալ վիզայիս հետեւից:

Երբ երկու ժամից վերադարձա, նա ներողություն խնդրեց՝ ասելով, թե տեխնիկական խնդիր է ծագել, ու վիզան դեռ պատրաստ չէ, խնդրեց մի ժամից մոտենալ: Երկրորդ անգամ մեկ այլ աշխատակից մոտեցավ ինձ, կրկին ներողություն խնդրեց՝ նշելով, որ դեռ աշխատանքներ են տարվում՝ տեխնիկական խափանումը լուծելու համար, սակայն իրենք իրենցից կախված ամեն ինչ անում են՝ ինձ օգնելու համար (խափանումը կոնկրետ Թբիլիսիում գտնվող դեսպանատան հետ կապ չուներ, ավելի մասշտաբային էր): Հորդորեց կրկին մոտենալ 14:00-ին, ինչն իմ վերջին հնարավորությունն էր, քանի որ 15:00-ին դեսպանատունը փակվելու էր, իսկ դիմացը շաբաթ-կիրակի էր:

Այդուհանդերձ, բախտս բերեց, 90 օր ժամկետով բազմակի մուտքի հնարավորությամբ վիզա ստացա:

Թվում էր, թե այս ամբողջ պատմությունն ավարտվել է, սակայն տունդարձին Բագրատաշենի անցակետում ինձ սկսեց հարցուփորձ անել ԱԱԾ աշխատակից սահմանապահը՝ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին վիզա ստացել Վրաստանում, ինչպե՞ս է դա հաջողացրել մի քանի ժամում: Սահմանապահը խնդրեց կոնտակտային տվյալներ թողնել՝ հեռախոսահամար, փաստացի բնակության հասցե, ապա կնքեց անձնագիրս ու ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար՝ նշելով, թե իր գործն է անում:

Մի փոքր առաջ անցնելով՝ նշեմ, որ, ի տարբերություն Բագրատաշենի հայ սահմանապահի, աննրբանկատ էր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահն, ով եւս հայ էր. նույն զարմանքը, նույն «հարցաքննությունը», նույն պարզաբանումները, նույն տհաճ ձգձգումը պետական սահմանին, բայց ոչ մի ներողություն։

Լեհաստանի դեսպանատունը ՀՀ ԱԳՆ-ին «բացատրում է» նոտա հղելու ձեւը

Հունիսի 28-ի երեկոյան, երբ հայ-վրացական սահմանով տուն վերադառնալիս ստուգում էի էլեկտրոնային փոստս, պարզեցի, որ ամսի 27-ի աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 5-ն անց, դեսպանատունը պատասխանել է երկրորդ նամակիս: Ինչպես նշեցի վերեւում, դրա կարիքն այլեւս չունեի ու չէի էլ սպասում, որ արձագանք կլինի:

Այդուհանդերձ, գրությունն առաջին հերթին անուղղակի պատասխան էր ՀՀ ԱԳՆ-ին. «Տեղեկացնում ենք, որ հաստատված ավանդույթի համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ի բանավոր նոտան ուղարկվում է Լեհաստանի դեսպանատան էլեկտրոնային փոստին՝ ուղեկցվելով պաշտոնական առաքման ծառայության միջոցով ուղարկվող կոշտ տարբերակով: Նմանատիպ ցանկացած փաստաթուղթ որեւէ երրորդ կողմի միջոցով դեսպանատանը հղելը հակասում է ավանդույթին, այսպիսով՝ չի կարող ընդունվել որպես հիմնավոր փաստաթուղթ»: Ինչպես ասացի, ԱԳՆ-ն նոտան հանձնել էր ինձ, որ կցեմ մյուս թղթերին ու ներկայանամ դեսպանատուն:

Այս պատասխանն ուղարկել եմ ՀՀ արտգործնախարարություն եւ խնդրել պաշտոնական արձագանք: ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է հետեւյալը. «Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք այն դիտարկում ենք առավել լայն՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կատարման համատեքստում: Այս առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկվում են»:

Հ.Գ. «Հետքն» առաջիկայում կանդարադառնա ՀՀ-ում գործող մի քանի դեսպանատների աշխատաոճին:

Լուսանկարում՝ դեսպան Պավել Չեպլակն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը

Մեկնաբանություններ (7)

Ar. A
Նույն վիճակը Չեխիայի դեսպանատան է։
Lilli
Նույն խնդրին եմ բախվել. ընդունվել եմ համալսարան ու արդեն 2 ամիս է՝ չեմ կարողանում օր ամրագրել:
Սերոբ
Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին, ով իրականում մեր բոլորի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունն է ստանձնել։ Մեր ընտանիքը անցած ամիս նույն խնդրի առաջ կանգնեց, և չնայած պաշտոնոկան հրավերքին ու սպասված այցելությանը ստիպված չեղարկեցինք մեկնումը։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս դեսպանատունը (և ոչ միայն) ատկատի սկզբունքով աշխատում է որոշ տուրգործակալությունների հետ։ Շատ ճիշտ կլիներ, որ ԱԱԾ-ն դա ստուգեր, և ոչ թե ․․․․․
Արթուր Ղազարյան
Ընդհանրապես, Շենգենյան վիզա ստանալը ՀՀ սովորական քաղաքացու համար շատ խրթին գործընթաց է արդեն երկար տարիներ։ Օրինակ վերջերս, Գերմանիայի դեսպանատունը վիզայի տրամադրման հարցում մերժեց իմ դասախոսին, ով կայացած մանկավարժ է, ունի եկամտի կայուն աղբյուր, իսկ Գերմանիա մեկնում էր զարմուհու հարսանիքին մասնակցելու։ Ուներ շատ լուրջ հրավերք ու վիզայի ստացման համար անհրաժեշտ ամեն փաստաթուղթ։ Նրան նաև ասել էին, որ Գերմանիայում անօրինական մնալու հավանականությունը իր համար մեծ է: Դեսպանատուն ներկայանալու օրը նրան ասել են, որ իրեն սպասում էին նախորդ օրը։ Բայց իրեն ուղարկված հաստատման նամակում, որով էլ հենց սովորաբար մտնում ենք դեսպանատուն, նշված էր հենց այդ օրը, ու ստացվում է որ դեսպանատունը տեխնիկական կամ մարդկային գործոններով կապված, անհիմն ու շատ կոպիտ ձևով, մերժում է ՀՀ քաղաքացուն, էլ չասեմ դրա հետ կապված հավելյալ հետևանքները։ Լիքը դեպքեր իմանալուց հետո, մտքովդ անցնում է այն վարկածը, որ ԵՄ դեսպանատները կամ այդտեղ աշխատող մեր հայրենակիցները դեռ շարունակում են տեղացի ագենտների միջոցով «վիզայի գործ անելը», քանի որ դրա կարիքը կա, քանի որ դրա համար վճարողները կան, ու քանի որ դրա դեմ առնողը քնածա։ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը միշտ ցուցաբերում է շատ բարեհամբույր վերաբերմունք։ Մենք խումբ ենք ունեցել, ում փաստաթղթերը էլեկտրոնային ուղարկել ենք ու անձամբ ներկայանալու նույն օրը հաշված ժամերի ընթացքում ստացել վիզաները։
Նարեկ
Խնդրում եմ անդրադարձեք Գերմանիայի դեսպանատան օլայն օր նշանակելու համակարգին ևս: 4րդ շաբաթն է ինչ փորձում ենք օր նշանակել, սակայն անարդյունք: նրանց մոտ հերթագրվում են միայն հինգշաբթի 15:00ից մեկ ժամ:
Ara
Լեհաստանը ,,ոչլիարժեքության բարդույթ,, ունի... Եվրոմիության շրջանակներում էլ իրեն էքսցենտրիկ է պահում, թանկ ծախվելու համար։
Hrachya
Զարմանալի չէ դեսպանատան նման առհամարական վերաբերմունքը։ Ասեմ ավելին՝ բոլոր դեսպանատներում ՀՀ քաղաքացիները ստանում են նման վերաբերմունք, ինչը դարձել է սովորական երևույթ և դրան պատկան մարմիններից ուշադրություն դարձնող չկա։ Եվ ցավալին նա է, որ հիմնականում էդ առհամարանքին արժանանում ենք դեսպանատներում աշխատող մեր հայրենակիցներից։ Էլի եմ ասում դրանում մեղավոր է թե նախկին, թե այժմյան մեր ղեկավարությունը։ Ինչի՞ է Վրաստանում այլ պատկեր։ Տարիներ առաջ, երբ Սաակաշվիլին դարձավ Վրաստանի նախագահ, խոսակցություններ էին տարածվում, որ նա կազմակերպել է հանդիպում բոլոր դեսպանների հետ, զգուշացրել ու պահանջել է՝ Վրաստանի քաղաքացին 3-րդ սորտի մարդ չէ, չհամարձակվեք առհամարական վերաբերմունք ցուցաբելեր տարբեր հարցերով դեսպանատներ դիմողների հանդեպ։ Չհամարձակվեք անհիմն կերպ քաշքշուկի մեջ գցել մարդկան։ Ահա և իրողությունը ․․․ Շատ եմ կասկածում, որ որևէ մեկը սրանից հետևություններ կանի ու ինչոր իրավիճակ կպոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter