HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը բողոքարկել է կաշառք ստանալու գործի վարույթը վերսկսելու որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այսօր քննեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կաշառք ստանալու գործից անջատված մասով մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքը՝ քրեական գործը նոր երևան եկած հանգամանքով վերաբացելու որոշման դեմ:

Նելլի Բաղդասարյանն ընթերցեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գրությունը, որով վերջինս հայտնում էր, որ իրեն է մակագրվել Արամ Հարությունյանի բողոքը՝ քրեական գործի վարույթը վերսկսելու որոշման դեմ: Դատավոր Բաղդասարյանը քննարկման առարկա դարձրեց Արաքս Դիլանյանի և Արամ Հարությունյանի բողոքները մեկ վարույթում միացնելու հարցը՝ նկատի ունենալով, որ դատավարության բոլոր մասնակիցները նույն անձինք են: Արամ Հարությունյանի պաշտպանի բողոքին ծանոթանալու և բողոքները մեկ վարույթում քննելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատարանը ժամանակ տրամադրեց կողմերին և հետաձգեց բողոքի քննությունը:

Նշենք, որ Արամ Հարությունյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գործը հարուցվել է 2015 թվականին, ապա 2017-ին կարճվել՝ ապացույցների անբավարարության հիմքով:

2018-ին, սակայն, գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է:

Վերաբացման դեմ մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքի քննությանը որպես շահագրգիռ անձինք մասնակցում են Սիլվա Համբարձումյանը, գործով մեղադրյալներ Արամ Հարությունյանի և Սուրեն Ավագյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Վերջինս այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Նելլի Բաղդասարյանին՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ քրեական գործի վերաբացման որոշումը կայացրել է դատախազ Վահագն Մուրադյանը, ում ենթակայության ներքո աշխատում է դատավորի դատախազ ամուսինը՝ Արիս Բարսեղյանը: Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժեց անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն, ըստ մեղադրանքի, գործարար Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար, ապա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի իրական ծագումը թաքցրել:

Արաքս Դիլանյանը մեղադրվում է կաշառք ստանալու օժանդակություն կատարելու, Վիկտոր Մարտիրոսյանը՝ կաշառքի օժանդակության և փողերի լվացման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter