
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու
Լրագրողների հետ այսօրվա՝ հուլիսի 3-ի ճեպազրույցի ընթացքում Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև Լեհաստանի դեսպանատան մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը: Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այս հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Պավել Չեպլակը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանումներ տալու, ինչպես նաև նրան ներկայացվել է Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը:
Մի քանի օր առաջ «Հետք»-ի հետ զրույցում Աննա Նաղդալյանը նշել էր, որ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի համատեքստում: Այսօր ԱԳՆ խոսնակն ասաց, որ այդ գործընթացի կատարման թերացումները Հայաստանի ԱԳՆ-ի համար անընդունելի են, և իրենք խստորեն անդրադառնալու են այդ հարցին:
«Եվրամիության հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և մենք այս հարցում մշտապես հետամուտ ենք լինելու»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ «Հետք»-ի լրագրողը իր հոդվածում գրել էր մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացքում Հայաստանում Լեհաստանի դեսպանության ստեղծած արհեստական խոչընդոտների մասին, ինչի հետևանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար «Հետք»-ի լրագրողը ստիպված եղավ մեկնել Թբիլիսի, որտեղ էլ Շվեյցարիայի դեսպանատունը շատ արագ տրամադրեց մուտքի արտոնագիրը: Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը մուտքի արտոնագրեր է տրամադրում ոչ միայն Լեհաստան, այլև Շվեյցարիա, Սլովակիա և Սլովենիա այցելությունների համար:
Լեհաստանի դեսպանատան հետ կապված «Հետք»-ի լրագրողի պատմությունը միակը չէր: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նույնպես իրենց դժգոհությունն են արտահայտել Լեհաստանի դեսպանության գործելաոճի վերաբերյալ: Առաջիկայում «Հետք»-ը կանդրադառնա Հայաստանում օտարերկրյա դեսպանատների՝ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացին:
Մեկնաբանել