HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչո՞ւ է կանաչել Սևանը․ պարզաբանում են մասնագետները

Արբանյակից արված լուսանկարներից երևում է՝ Սևանի որոշ ափերում ջուրը կանաչավուն գույն է ստացել։

Օգտատերերը սոցիալական ցանցերում հրապարակում են լճի կանաչավուն պատկերով լուսանկարներ՝ ահազանգելով լճի փոփոխված վիճակի մասին։

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը Սևանի ափամերձ հատվածների կանաչելու գործընթացը պայմանավորում է մի քանի գործոններով, այդ թվում՝ օրգանացմամբ և ակտիվ ջրամբարային էֆեկտով, որով ամեն տարի լճից մեծ ծավալով ջուր է դուրս բերվել։

Ասում է՝ մեկ օր շուտ պետք է դադարեցնել նյութեր արտանետել Սևան, լճի ափամերձ տարածքների ջրածածկ անտառները պետք է մաքրվեն, ափամերձ օբյեկտների կոյուղու և այլ աղտոտված ջրերը չլցվեն լիճ։

Այսեր Ղազարյանը ստեղծված իրավիճակի պատճառ է համարում նաև լրացուցիչ ջրառը։ «Ակտիվ ջրամաբարային էֆֆեկտի արդյունքում էկոհամակարգը սթրես է ապրում։ Ինքնամաքրման գործընթացն այն մակարդակի վրա չի լինում, որ էկոհամակարգը ի վիճակի լինի ինքնուրույն չեզոքացնել բացասական գործընթացները, այդ թվում՝ կապտականաչ ջրիմուռների մասով»,- ասում է Ղազարյանը։

Մյուս գործոնը ձկնապաշարների նվազումն է։ Ըստ նրա՝ լճում առկա օրգանիկան պետք է ի վերջո դառնա ձկան կեր և ֆոսֆորի որոշակի քանակություն ձկան միջոցով դուրս բերվի, այնինչ այն չի կատարվում, որովհետև մասսայական ապօրինի ձկնագողություն է։

«Առնվազն մի քանի տարի Սևանին ընդհանրապես չպետք է ձեռք տալ, և փորձել վերոնշյալ խնդիները դադարեցնել, որպեսզի կայունացնենք լիճը, բերել այն վիճակի, որ ինքն իրեն կարգավորի»,- նշեց Այսեր Ղազարյանը։

Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Ճենտերեճյանը լճի կանաչավուն վիճակը պայմանավորում է կապտականաչավուն, ամենայն հավանակությամբ՝ անադեմա ցեղի բույսի ծաղկմամբ։ Ասում է՝ բույսի տարածման վրա ազդել և ազդում է նաև բարձր ջերմաստիճանը։ «Այդ տեսակը Սևանա լճում նոր չէ, դա նորություն չի լճի համար, այն հայտնաբերվել է 80-ական թվականներին, իսկ այդ բույսի լոկալ աճ հիմնականում նկատվել է ծոցերում, ծանծաղուտներում»,- նշում է նա։

Կարեն Ճենտերեճյանը լճի վիճակը համարում է անհանգստացնող, սակայն ընդգծում է՝ դա չի նշանակում, որ քաղաքացիները չպետք է գնան Սևան, նրանք միայն չպետք է լողան լճի ծաղկած ափերում։

«Լոկալ ծաղկումը, որ մենք այսօր ունենք, բավական լուրջ է, բայց այսօրվա օրով դա համատարած դեռ չի, մեկ օրվա մեջ կարող է համատարած դառնա»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Ճենտերեճյանը։

Նախարարի խորհրդականը դժվարացավ նշել, թե կապտականաչավուն բույսի տարածման հիմնական պատճառը որն է․ կոմունալ համակարգերից լիճ թափվող ջուրը, թե ափամերձ տարածքների աղտոտվածությունը։

«Սա սպանիչ բան չէ, բայց կանխարգելելու կարիք ունի։ Այժմ կարող ենք ասել, որ սա հնարավոր է բուժել, ժամանակ պահանջող գործընթաց է։ Մենք պետք է կրճատենք սնուցիչ տարրերի, այդ թվում՝ ֆոսֆորի քանակը, որը գալիս է լիճ, որ հնարավորինս պակասի ծաղկման պրոցեսը»։

Նախարարի խորհրդականը լճի ափերի կանաչելու պատճառ չի համարում Սևանից լրացուցիչ ջրառի ավելացումը, ասում է՝ այն անմիջական բացասական ազդեցություն կունենա լճի համար այն դեպքում, եթե լճի ջրի ընդհանուր բալանսը բացասական լինի։

Նրա փոխանցմամբ՝ մաքրման կայանների վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դրանք միայն մեխանիկական մաքրում են կատարում, կենսաբանական մաքրում իրականացնելու հնարավորություն չունեն, այսինքն՝ լիճ թափվող նյութերը չեն կարողանում անվտանգ ձևով լիճ ուղարկել։

Ըստ Կարեն Ճենտերեճյանի՝ Շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս նախորդ տարվանից մեծ աշխատանք է իրականացնում՝ փորձելով հնարավորինս կանխել հանգստյան գոտիների կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ, քայլեր է ձեռնարկում, որպեսզի ափամերձ յուրաքանչյուր օբյեկտ ունենա իր մաքրման կայանը։

Կարեն Ճենտերեճյանը հիշեց, որ համատարած ծաղկում լճում տեղի է ունեցել 1964 թվականին, երբ 15 տարի շարունակ յուրաքանչյուր տարի շուրջ 1 մետրով իջել է ջրի մակերեսը, միևնույն ժամանակ ավելացել է ծառերի քանակը լճում:

«SOS Սևան»

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստեղծել են «SOS Սևան» նախաձեռնությունը և բոլոր հետաքրքված քաղաքացիներին հրավիրում են քննարկման՝ Սևանի փրկության առաջակությունների մշակման և Կառավարությանը ներկայացնելու համար:

«Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Սևանա լճի աննախադեպ ծաղկում: Գիտնականներն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճի ներկայիս աղետալի վիճակի մասին և կոչ անում շտապ միջոցներ ձեռնարկել լճի փրկության համար, որպեսզի Սևանա լճի համար անդառնալի հետևանքներ չունենանք: Ցավոք, պատկան մարմինները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նսեմացնում են առկա վտանգները և չեն առաջարկում առաջնահերթ քայլեր Սևանի փրկության համար»,- նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել նախաձեռնության անդամները։

Նշենք, որ «SOS Սևան» նախաձեռնության հավաքը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում։

Գլխավոր լուսանկարը՝ Արման Սուլեյմանյանի, արբանյակից արվածները՝ sentinel-hub.com-ի

Մեկնաբանություններ (2)

Էդգար
Կանաչ է թէ ոչ բնավ կապ չունի! Միայն այն փաստը որ Սեւան են թափվում մի շարք գետեր որոնք աղտոտված են սանհանգույցներից այնտեղ թափվող կեղտաջրերից,արդեն իսկ նողկանք է առաջացնում։ Սեւանում լողանալուց առաջ մտածեք ու հիշեք որ այնտեղ են թափվում կոյուղաջրեր տարբեր համայնքներից։ Գետերի վրա չկան մաքրման կայաններ։ Այնպես որ Սեւանը կարող եւ կանաչել եւ դեղնել եւ էլ չգիտեմ ինչ գույներ ստանալ!Իսկ ով չի գիտակցում իրական վիճակը։եկեք տեսեք համոզվեք! Այդ մենք ենք ապրում այս ավազանում եվ լավ գիտենք ինչ է կատարվում։ինչ է նշանակում այս ափը մաքուր է մյուսը կեղտոտ? Կոյուղաջուրն այդքան ինտելեկտ չունի վոր մտածի (սպասի գնամ հավաքվեմ մի կողմ որ ամեն տեղ չաղտոտեմ) պարզ է որ խառնվելու է ամբողջ ջրին եւ դառնում սուր վարակիչ հիվանդությունների պատճառ!
ani
before the authorities allow buildings , they MUST built wastewater-cleaning systems and set up LAWS for obligatory collectings of thes dirtwaters. AND CONTROL the applications , without any ( corrupted ) exceptions ! Authorities are designated for that . It's their duty to protect and conserve the country, right ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։