HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքը դեռ կալանքի տակ է. պաշտպանները դիմել են վերաքննիչ դատարան

Երկու ամիս առաջ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, արձանագրել է, որ  Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը խախտել է նրա իրավունքը, բայց գույքը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ:

Գևորգյանի պաշտպանները բողոքարկել են գույքի վրա դրված կալանքը վերացնելու իրենց միջնորդությունը փաստացի մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Բողոքը երեկ մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին:

Այսպես, մայիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քննելով Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը, գտել է, որ այդ որոշմամբ խախտվել է Գևորգյանի իրավունքը: Պաշտպանները բողոք էին ներկայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք էր դրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում, որը չի նախատեսում գույքի բռնագանձման լրացուցիչ սանկցիա: Նշենք, որ թեև հետագայում Գևորգյանին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել, որն արդեն որպես լրացուցիչ սանկցիա նախատեսում է գույքի հնարավոր բռնագանձում, կալանք դնելու բողոքարկվող որոշումը կայացվել է մինչև կաշառքի դրվագով մեղադրանքը:

Դատավոր Ռոբերտ Պապոյանը, մայիսի 8-ի որոշմամբ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքի խախտումը, վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ-ի վրա խախտումը վերացնելու պարտավորություն չի դրել այն պատճառով, որ դատական ակտի կայացման պահին Մարտի 1-ի գործը, որով անցնում է Արմեն Գևորգյանը, արդեն դատարան էր ուղարկվել, այսինքն` ՀՔԾ-ն այլևս գործով վարույթն իրականացնող մարմին չէր և չէր կարող վերացնել Գևորգյանի իրավունքի խախտումը:

Սակայն, փաստացի, անձի իրավունքի խախտումն արձանագրված է: Նկատի ունենալով Ռոբերտ Պապոյանի որոշումը` Գևորգյանի պաշտպանները դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին` խնդրելով վերացնել նրա գույքի վրա դրված կալանքը:

Մեզ հետ զրույցում նախկին փոխվարչապետի պաշտպաններից Էրիկ Ալեքանյանն ասաց, որ դատավոր Գրիգորյանին դիմել են Մարտի 1-ի գործը կասեցված լինելու ընթացքում: Պաշտպանն ասում է` Գևորգյանի պաշտպանական թիմը գիտակցում է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը տառացի մեկնաբանելով՝ կարելի է ասել, թե գործը կասեցված լինելու ընթացքում դատարանն իրավասություն չունի դատավարական գործողություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու, բայց այս դեպքում, ըստ Ալեքսանյանի, խոսքն անձի սեփականության իրավունքի գերակայության մասին է, ուստի դատարանին  դիմելով` իրենք խնդրել են քննարկել հարցը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը պատասխան գրությամբ հայտնել է, որ միջնորդությունը կքննարկի, երբ գործը վերսկսվի:

«Մենք այս գրությունը դիտարկում ենք որպես որոշում, և դրա դեմ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ էության, մենք իրավունքի խնդիր ենք բարձրացնում, խնդրում ենք, որպեսզի նման պայմաններում, երբ գործը կասեցված է, բայց խոսքը գնում է անձի անքակտելի իրավունքի մասին, որը գերակա է, դատարանները նախադեպ ստեղծեն և չշարժվեն Քրեական դատավարության օրենսգրքի թերի կարգավորմամբ այն մասին, որ եթե գործը կասեցված է, ուրեմն որևէ դատավարական գործողություն չի կարող իրակաանցվել: Ստացվում է, որ գործը կարող է տարիներով կասեցված լինել, իսկ անձը չի կարողանա անգամ իր աշխատավարձից օգտվել: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի գոյատևի»,- հարցնում է Էրիկ Ալեքանյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու որոշումը կայացվել է մայիսի 20-ին: Այս գործի շրջանակներում ի սկզբանե Արմեն Գևորգյանը մեղադրվում էր արդարադատության  իրականացմանը խոչընդոտելու մեջ: Այժմ նախկին փոխվարչապետը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու և կաշառք ստանալու մեջ: Կալանքի տակ է Գևորգյանի ամբողջ գույքը, այդ թվում` աշխատավարձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter