HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»․ մեկնարկում է 16-րդ «Ոսկե ծիրանը»

Հաշված ժամերից կմեկնարկի տարվա սպասված կինոշաբաթը․ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնի յոթօրյա խտությունը բազմաշերտ է՝ հագեցած փորձարարական ծրագրերով եւ նորություններով, որոնք կգօրծարկվեն փառատոնի անցկացման բուն օրերին՝ հուլիսի 7-ից 14-ը ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաք Երեւանում։ 

Փառատոնի ղեկավար կազմի փոփոխությունն իր հետ բերեց ներկայացուցչական նոր լեզու եւ պատկեր, որի ընդունումը եւ քննարկումը տարբեր հարթակներում եւ կառույցներում տարբեր արձագանքների արժանացավ։ 

Գունեղ, մինիմալիստական, առավել տեքստային պատկերներ պարունակող «ծիրանյան» պաստառները խոսակցական լեզվի (սլենգի) կրիչներ են՝ այս դեպքում ավելի շատ ծածկագրեր, որոնք ուղղված են կոնկրետ թիրախային լսարանին եւ ուշադրություն գրավելու միտում ունեն։

Փառատոնային իրադարձությունն ուշադրության կենտրոնում պահելու համար տարիքային տարբեր շերտերի ներգրավումը պարտադիր պայման է․ երիտասարդ լսարանին այս անգամ «Ծիրանը» գրավում է թիրախային լեզվով՝ հոլովելով «Խուժան կինո գալի՞ս ես», «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞» եւ այլ՝ տարբեր առիթներով շրջանառված եւ արդեն հաստատված արտահայտություններով։ 

Փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը վստահեցնում է, որ ընդգծված փոփոխությունները որեւէ կերպ չեն կարող ազդել բովանդակային մասին վրա․ կիրառված լեզվի արդյունքում ի վերջո ոչ թե ձեւավորված լսարանը մեկ այլ լսարանով փոխարինելու, այլ նոր՝ պրոգրեսիվ երիտասարդությանը ներգրավելու խնդիր է դրված։

Մեդիաարտահայտչամիջոցների նորարար լուծումները, մինիմալիստական տարբերանշանը, սոցիալական մեդիայում տեղ գտած տարբերվող տեքստերն այս տարվա «Ոսկե ծիրանի» նորությունների մի մասն են միայն։ Բովանդակային իմաստով փառատոնը կներկայանա մի քանի նոր ծրագրերով եւ հարթակներով, որոնց միջոցով կփորձարկվի արդյունավետության եւ հնարավոր համագործակցությունների պոտենցիալը․ այդ առումով նախնական արդյունքներն արդեն հուսադրող են։

Թե ինչու այլեւս չի գործարկվի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը, ինչու վավերագրական եւ խաղարկային կինոն այլեւս մրցութային տարանջատում չեն ունենա, ինչ է իրենից ներկայացնում «Talent lab»-ը, «Ծուռ ծիրանը», «Pret-A-Portrait»-ը, եւ ի վերջո ինչ ակնկալել այս տարվա «Ոսկե ծիրանից», մանրամասնում է ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը, ում հետ ունեցած զրույցը ներկայացնում եմ առանց հարցադրումների․ (յուրաքանչյուր ենթավերնագիր ամբողջացնում է հարցադրման բուն նյութն ու դրան առնչվող կամ դրա մասին պատմող պատասխանը)։

Մինչ այդ նշենք, որ փառատոնի ընթացքում ցուցադրվելու է շուրջ 120 ֆիլմ (այդ թվում՝ խաղարկային, վավերագրական (լիամետրաժ եւ կարճամետրաժ), անիմացիոն), որից 49-ը մրցութային են՝ ընդգրկված տարբեր անվանակարգերում։ 

«Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»․ նախափառատոնային բանավեճ եւ երկխոսություն

Դիզայներ Վիլյամ Կարապետյանին ի սկզբանե առաջարկել ենք թարմացնել եւ «երիտասարդացնել» փառատոնի վիզուալիզացումը։ Հիմա արդեն ուսումնասիրում ենք արձագանքները, մեկնաբանությունները․  դրանք շատ են, հիմնականում՝ դրական, ինչն արդեն պարտավորեցնող է․ փառատոնը չի սկսվել, լսարանն այս իմաստով բովանդակությանը ծանոթ չէ, բայց կա քննարկում։ 

Այո, կա նաեւ բանավեճ, կա երկխոսություն տարբեր մակարդակներում՝ սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանություններից մինչեւ Լեզվի պետական տեսչության եւ Քաղաքապետարանի դիտարկումները, սակայն պաստառների՝ խոսակցական լեզվով արտահայտած մեսիջները ոչ մի կերպ չեն ազդում փառատոնի ծանրակշիռ բովանդակության վրա։ 

«Ծուռ ծիրան»՝ Վիգեն Գալստյանի համադրությամբ

Այս տարի առաջին անգամ կգործարկվի «Ծուռ ծիրան» (Twisted Apricot) էքսպերիմենտալ ծրագիրը՝ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ավանգարդ, փորձարարական, ռադիկալ եւ էքստրեմալ ֆիլմեր։

Վիգեն Գալստյանի գործոնն այս ծրագրի իրագործման համար առանցքային է․ ինքն այն բացառիկ մասնագետներից է, ով առանձնակի կրքով է վերաբերում այս տեսակ կինոյին։ Մինչ այս էլ փառատոնն այսպիսի ֆիլեր ընդգրկել է, սակայն այս տարի առաջին անգամ փորձում ենք համակարգված ներկայանալ։ 

Ծրագրում տեղ են գտել բավականին համարձակ ֆիլմեր, որոնց այդքան էլ սովոր չէ հանդիսատեսի աչքը, եւ արդյունքը կարող է անսպասելի լինել․ այս ծրագրի միջոցով փորձում ենք ստեղծել մի առանձին տարածք, որի բնորոշումը դեռ որ կարելի է «էքսպերիմենտալ» բառի շրջանակներում տեղավորել։ 

Կաննի փառատոնի հետ համագործակցության առաջին փորձի հաջող մեկնարկը

Այս տարի «Ոսկե ծիրանը» Կաննի կինոփառատոնի հետ համատեղ Երեւանում կներկայացնի հատուկ ֆիլմաշար Կաննի «Քննադատների շաբաթ» (Semaine de la critique) ծրագրի վերջին 4 տարիների հաղթող ֆիլմերով։  

Չնայած, որ նախորդ տարիներին «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվել են ինչպես Կաննի, այնպես էլ միջազգային այլ փառատոնների ֆիլմեր, այս տարվա համագործությունը, կարելի է ասել, պաշտոնական բնույթ ստացավ։ 

Ֆիլմերը ներկայացնելու եւ հանդիսատեսի հետ քննարկումներ վարելու համար Հայաստան է ժամանելու Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի համադրող, ֆրանսիացի կինոգետ Օլիվիե Պելիսոնը, ով զուգահեռ ստանձնել է նաեւ «Talent lab» աշխատարաններից մեկը վարելու գործընթացը։ Պելիսոնն աշխատելու է երիտասարդների հետ, առանցքում չորս ֆիլմերն են, որոնք մինչ այդ դրվելու են բաց ցուցադրության։ 

Այս համագործությունը նորություն էր փառատոնի համար, եւ ավելի վաղ մեզ թվում էր, թե Հայաստանից շահագրգիռ մասնակիցներ հազիվ են լինելու, այնինչ կարճ ժամանամիջոցում ստացանք նաեւ մասնակցության միջազգային հայտեր․ 10 միջազգային մասնակից Հայաստան է ժամանում հենց այս ծրագրին մասնակցելու համար։ 

Հույս ունենք՝ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, քանի որ փառատոնի կարեւորագույն գործառույթներից մեկը մասնագիտական տիրույթում կիրառական աշխատանք տանելու, աշխատարաններ գործարկելու եւ ցանկալի արդյունքներ ստանալու հանգամանքով է պայմանավորված։ Այս իմասով մենք արդեն ունենք «GAIFF Pro»-ն, իսկ այս տարի արդեն՝ «Talent Lab»-ը։ Երկու ծրագրերով պայմանավորված աշխատարանների նպատակը մեկի դեպքում արտադրական եւ կրթական, մյուսի դեպքում՝ զուտ կրթական գործառույթներն իրագործելն է։ 

Պատվավոր հյուր՝ Կառլոս Ռեյգադաս, հատուկ հյուր՝ Արթուր Արիստակեսյան

Մեքսիկացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ Կառլոս Ռեյգադասի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ռեյգադասը Հայաստանում է լինելու փառատոնի ողջ ընթացքում՝ կնոջ ուղեկցությամբ, ով պրոֆեսիոնալ մոնտաժող է եւ նաեւ Ռեյգադասի վերջին ֆիլմի դերասանուհին։ 

Փառատոնի մյուս հատուկ հյուրի անունը գուցե շատերին ծանոթ չէ․․․ Խոսքը հայկական ծագումով մոսկվայաբնակ մոլդովացի ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի մասին է։

Արիստակեսյանի ֆենոմենը։ Ռեյգադասի եւ Արիստակեսյանի հանդիպման վայրը՝ «Ոսկե ծիրան»

Խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը՝ մրցակցային մեկ անվանակարգում

Այս որոշման պատճառները մի քանիսն են։ Նախ մեզ մոտ կինոթատրոնները քիչ են, եւ, երբ առանձնացվում են խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները, ժամերը հաճախ են համընկնում, հանդիսատեսը հայտնվում է ընտրության առաջ․․․ Շատերն, ինչպես գիտենք, ավելի հակված են խաղարկային ֆիլմ դիտելու։ 

Որոշումը կարելի է դիտարկել խնդրահարույց, քանի որ թվում է՝ այսկերպ ինչ-որ իմաստով հարվածում ենք վավերագրական կինոյին, բայց մյուս կողմից վավերագրական կինոն չկղզիացնելու,  չառանձնացնելու, երկրորդական չհամարելու տրամաբանությունը կա․ հիմա վավերագրական կինոն բոլոր ծրագրերում ներառված է։ 

Եվ Կաննի, եւ Բեռլինի, եւ շատ ուրիշ փառատոններում նույն կերպ է, այլ հարց է, որ այդ փառատոններում վավերագրական ֆիլմերն ավելի քիչ են․․․ Բացի վերոնշյալ դիտարկումները, այլեւս մաքուր վավերագրությունը դժվար է տարանջատել մաքուր խաղարկայինից, կան միահյուսված ժանրային նրբերանգներ, որոնք սահմաններ են վերացնում։ 

«Տարածաշրջանային համայնապատկեր», տարածաշրջանի կինոլեզու

«Հայկական համայնապատկեր» ծրագիրն ընդլայնվեց՝ ընդգրկելով տարածաշրջանը, ըստ  այդմ էլ ստանալով «Տարածաշրջանային համայնապատկեր» համապատասխան անվանումը։  

Հայկական կինոն այլեւս դիտարկվում է մեծ կոնտեքստում, մեծ մրցակցության մեջ է հայտնվում։ Այսպես հնարավոր կլինի մեկ ընդհանուր ծրագրի համատեքստում հասկանալ տարածաշրջանի կինոլեզվի տենդենցները, առաջխաղացումն ու զարգացումը, համեմատականներ տանել մեր հարեւան երկրների եւ մեր ստեղծած կինոյի միջեւ, գնահատել մրցակցային վերջնարդյունքը։ 

Այս անվանակարգում ներկայացված են ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմեր։ Ի տարբերություն լիամետրաժի, հայկական կարճամետրաժ ֆիլմերն ավելի շատ են։

Pret-A-Portrait. ֆիլմ-դիմանկարների արտամրցութային ծրագիր

«Pret-A-Portrait» պայմանական անվանումով արտամրցութային ծրագրում կցուցադրվեն հինգ ֆիլմեր, որոնք նվիրված են տարբեր արվեստագետների։ Չգիտեմ՝ շարունակական կլինի այս թեմատիկ նախաձեռնությունը, թե ոչ, բայց այս տարվա համար հստակ է։ 

Ծրագիրը կբացվի հուլիսի 9-ին Դավիդ Վիտալ-Դյուրանի «Հայեր. արտիստների ժամանակը» (Arménie(s), le Temps des Artistes) ֆիլմով, որում իրենց ազգային ինքնության հետ տարատեսակ բախումների մասին կպատմեն Ատոմ Էգոյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռոբեր Գետիկյանը, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը եւ շատ ուրիշներ (Մոսկվա կ/թ, ժամը՝ 20։30)։

Ժյուրիի մասին

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային ժյուրին գլխավորում է հռչակավոր սցենարիստ, ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, ում 70-ամյակն է այս տարի։ Ժյուրիի կազմում է նաեւ Թեհրանի կինոփառատոնի ղեկավար, կինոռեժիսոր Ռեզա Միրքարիմին, ինչպես նաեւ փառատոնների ծրագրերի ղեկավարներ, ռեժիսորներ Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից։ 

Ժյուրիի կազմի ընտրությունը, ինչպես հատուկ հյուրերի դեպքում, ինչ-որ իմաստով նույնպես թիրախային է, որովհետեւ փառատոնի ընթացքով պայմանավորված համագործակցությունների, կապեր ստեղծելու, նոր ծրագրեր նախաձեռնելու ակնկալիքներ ունենք։ 

Հետգրություն․ Կարեն Ավետիսյանի առանձին նշումների շարքից

Եթե ես չլինեի ծրագրերի տնօրեն եւ իմ մասնագիտական՝ մշակութային լրագրողի պարտականությունները կատարեի կամ էլ լինեի հետաքրքրված հանդիսատես, առաջին ուրախացնող հանգամանքը կլիներ այն, որ ծրագիրն այսքան խիտ ու բազմազան է․ այսինքն փառատոնն առաջարկում է կինո ցանկացած նախասիրության, ցանկացած խառնվածքի տեր մարդու համար։ 

Կան ֆիլմեր, որոնք պարտադիր դիտման ցանկում պիտի ավելացնել, ինչպես օրինակ բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի, Ջարմուշի նոր ֆիլմերն են, Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմն է, Բեռլինի  ու Կաննի կինոփառատոններում հաղթած ֆիլմերն են․․․ Վերջիններս հատկապես պարտադիրներից ցանկում պետք է ընդգրկել, որովհետեւ դրանք արդեն ուղղակի ֆիլմեր չեն, այլ ձեւավորում են այսօրվա կինոլեզուն եւ միտումը։ Անկախ այն բանից, թե ինչպիսի ազդեցություն կունենան այդ ֆիլմերը, կսիրվեն, թե չէ, մեկ է՝ կոնտեքստը հնարավորություն կտա պատկերացնելու աշխարհի կինոմատոգրաֆիստական օրակարգի տենդենցները։ 

Ռեստավրացված ֆիլմերի սիրահարներին կառաջարկեմ լեհ անվանի կինոռեժիսոր Վոյչեխ Հասի 4 ֆիլմերը։ Նրանք, ովքեր յուրահատուկ մի բան են փնտրում, Ռեյգադասի եւ Արիստակեսյանի ֆիլմերը կարող են դիտել։ 

Այս տարվա «Ոսկե ծիրանը» ներկայացնում է կինո բոլորի համար․ էքսպերիմենտալը շատ է, եւ, կարծում եմ, մեր հասարակությունն էլ դրա կարիքն ունի, որպեսզի մշակութաբանական պրոցեսների եւ արվեստի հանդեպ ունեցած կարծրացած դիրքորոշումները վերափոխվեն։

Անկախ այն բանից՝ հաջորդ տարի «Ոսկե ծիրանը» կղեկավարենք մենք, թե ոչ, մտածում եմ, որ, այս պահից սկսած, իրավունք չունենք սահմանափակվել մեկ տարվա գործողությունների շրջանակով․․․ Պետք է հեռահար, ռազմավարական առումով կարեւոր էքսպերիմենտներին տեղ հատկացվի, որոնց արդարացի լինել կամ չլինելը պարզ կլինի երկու-երեք տարի անց։ 

Հ․Գ․ Կարեն Ավետիսյանի, Վիգեն Գալսյտանի լուսանկարները՝ «Բալկոն» շարքից, «Ոսկե ծիրանի» պաստառների լուսանկարները տրամադրել է փառատոնի մամուլի ղեկավար Ռոզա Գրիգորյանը։ Մյուս լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից (պաստառների դիզայներ՝ Վիլյամ Կարապետյան)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter