HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկերն առաջին կիսամյակում գերակատարվել են 63 մլրդ դրամով, սակայն երրորդ եռամսյակի համար մոտ 25 մլրդ դրամի թերակատարում է կանխատեսվում

Այս տարվա առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 713.4 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Բյուջեով սահմանված և ճշգրտված ծրագրի համաձայն` առաջին կիսամյակում հարկերը պետք է կազմեին 650.7 մլրդ դրամ։ Այդպիսով, հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է շուրջ 63 մլրդ դրամով կամ 9.6 %-ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Երրորդ եռամսյակի համար, սակայն, բավարար փաստեր կան` կանխատեսելու, որ հարկային եկամուտները թերակատարվելու են, այսինքն` ավելի քիչ հարկ է հավաքվելու, քան նախատեսված է։

ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ ի սկզբանե երկրորդ և երրորդ եռամսյակների համար, իրենց կարծիքով, սխալ են պլանավորվել հարկային եկամուտների ցուցանիշները։ Այսինքն՝ ՊԵԿ-ը հիմա համաձայն չէ այդ ցուցանիշների հետ։ Բանն այն է, որ ճշգրտված պլանի համաձայն` այս տարվա երկրորդ եռամսյակի համար հարկերի ավելի փոքր ցուցանիշ է նախանշվել, քան երրորդ եռամսյակի համար։ Մինչդեռ, ըստ Դավիթ Անանյանի, վերաբաշխումը պետք է ճիշտ հակառակը լիներ, քանի որ սովորաբար տարվա առաջին կիսամյակը, առավելապես՝ ապրիլն ու հունիսը, հարկերի կատարման առումով առավել արդյունավետ են, և այդ ամիսներին ավելի շատ հարկ է հավաքագրվում։ Ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, իսկ հունիսը՝ կանխավճարների կատարման։

Ըստ հարկերի հավաքագրման պլանի՝ այս տարվա առաջին եռամսյակի համար նախատեսված է հավաքագրել 285.1 մլրդ դրամ, երկրորդ եռամսյակում՝ 365.7 մլրդ դրամ, երրորդ եռամսյակում՝ 373.7 մլրդ դրամ և չորրորդում՝ 382.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշները պլանավորելիս Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունում նախորդ տարիների բյուջեի փաստացի կատարողականը։

Ինչպես տեսանք, առաջին երկու եռամսյակներում պլանը գերակատարվել է մոտ 63 մլրդ դրամով, կասկածի տակ է երրորդ եռամսյակը։ «Հարկերը պլանավորելիս պետք է եռամսյակների համամասնություններն այլ կերպ պլանավորվեին։ Մասնավորապես, երկրորդ եռամսյակի 365.5 մլրդ դրամի փոխարեն պետք է պլանավորվեր մոտ 405 մլրդ դրամ, որի պարագայում առաջին եռամսյակում հարկերը կգերակատարվեին ոչ թե 63 մլրդ դրամով, այլ՝ 23 մլրդ դրամով։ Իսկ երրորդ եռամսյակի համար պետք է ունենայինք մոտ 350 մլրդ դրամ»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշն այս տարի գերակատարվելու է 62 մլրդ դրամով։ Ըստ էության, այդ ցուցանիշն ապահովվել է միայն առաջին կիսամյակում։ Դավիթ Անանյանը շեշտում է, որ առաջիկա երկու եռամսյակների համար նման մակարդակի գերակատարում սպասել պետք չէ՝ հաշվի առնելով երրորդ եռամսյակի համար նախատեսված ծրագրային բարձր ցուցանիշը. «Եթե մենք ճիշտ համամասնություն ունենայինք սահմանված, մենք կունենայինք առաջին կիսամյակով 23 մլրդ դրամի գերակատարում, երրորդ եռամսյակի համար՝ 15 մլրդ դրամի, չորրորդ եռամսյակի համար՝ 25 մլրդ դրամի»։

Այսպիսով, ՊԵԿ նախագահի այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ եթե երրորդ եռամսյակում հարկերը պլանավորվածից քիչ լինեն, դրա «մեղքը» ՊԵԿ-ն իր ուսերին չի վերցնում, «մեղավորները», ըստ նրա, բյուջեն պլանավորողներն են։

Մեր հարցին՝ ինչու՞ հարկային եկամուտները պլանավորելիս հաշվի չի առնվել, որ երկրորդ եռամսյակում ավելի շատ հարկ է հավաքագրվում, քան երրորդում, և արդյո՞ք կարելի է ասուլիսին հնչած հայտարարություններից արդեն իսկ ենթադրել, որ երրորդ եռամսյակում պլանավորվածից քիչ գումար է հավաքագրվելու, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ նման ռիսկեր կան։ «Սովորաբար պետական բյուջեի եկամուտների կատարման, դատողությունների և կանխատեսումների համար պետք է հատենք գոնե տվյալ տարվա մարտ ամիսը։ Մինչդեռ համամասնությունները սահմանվում են մինչև այդ տարվա սկիզբը։ Հետևաբար, Ֆինանսների նախարարությունն այդ ցուցանիշներն ուղարկում է ՊԵԿ, և դեռևս կանխատեսումներ կատարելու համար բավարար հիմքեր չունենալով՝ ՊԵԿ-ը համաձայնել է այդ կանխատեսումների հետ։ Հիմա մենք գտնում ենք, որ երրորդ եռամսյակի համար կանխատեսված 373.7 մլրդ դրամը պետք է լիներ մոտ 350 մլրդ դրամ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մոտ 405 մլրդ դրամ։ Այո, կարող ենք ասել, որ երրորդ եռամսյակում 373.7 մլրդ դրամը մոտավորապես 20-25 մլրդ դրամով չի կատարվելու, այսինքն՝ ռիսկ այսօր կա, որը չեզոքացվելու է չորրորդ եռամսյակում»։

ՊԵԿ նախագահը նաև շեշտեց, որ չնայած երրորդ եռամսյակի համար սպասվող ռիսկերին, տարեկան արդյունքներով, այունամենայնիվ, հարկային եկամուտների պլանը գերակատարվելու է։ Նշենք, որ ըստ ճշգրտված պլանի՝ տարվա համար սպասվում է 1 տրլն 407 մլրդ դրամի հարկային եկամուտ։ 

2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ հարկերի ծավալն աճել է 24.7 %-ով

Ըստ Պետական եկամուտների կոմիտերի տրամադրած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկերի ընդհանուր ծավալն աճել է մոտ 137 մլրդ դրամով կամ 24.7 %-ով։ Ինչպես նշեցինք, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում հարկերի ծավալը կազմել է 713.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 571.8 մլրդ դրամի դիմաց։

Մասնավորապես, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 553 մլրդ դրամ՝ աճելով 134.1 մլրդ դրամով կամ 32 %-ով։

Իսկ մաքսային մարմինները հավաքագրել են 160.4 մլրդ դրամ՝ 7.5  մլրդ դրամով կամ 4.9 %-ով ավել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։

 Նույն ընթացքում հարկատուներին վերադարձվել է 50 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 48.6 մլրդ դրամի դիմաց։ 

Ինչ վերաբերում է գերավճարներին, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողների հարկային գերավճարները կազմել են 69.6 մլրդ դրամ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 43 մլրդ դրամ։

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

Gagik
Ինքը անցած 2018-ի առաջին կիսամյակը ամփոփելիս ասում էր, 650միլիարդ հարկա հավաքվել, էս ասուլիսին ասումա էս տարվա պլանը կազմվելա նախորդ տարվա կատարողականի վրա, այսինքն էլի ասումա որ 2018-ի առաին կիսամյակում 650միլիարդ հարկա հավաքվել։ Մյուս կողմից ինքն ու իմքայլականները, ասում են 2018-ի առաջին կիսամյակում 571միլիարդ հարկա հավաքվել հետևաբար էս տարի իբր 24տոկոսվ ավելա հավաքվել։ Հերիքա ժողովրդին խաբեք։ Կարողա 2020-ին 2019-ի թվերը հետին թվով թվերը իջացնեն, ասենք պարզվի որ ոչ թե 713միլիարդա հավաքվել այլ 625միլիարդ՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter