HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

3 միլիարդ դրամից ավելի գումար է վճարվել, և ՊԵԿ պաշտոնյաներին վերաբերող քրգործը կարճվել է

Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող քրեական գործը, որը քննվում էր ԱԱԾ վարույթում, կարճվել է: Խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի միջոցով մաքսազերծման գործընթացը կազմակերպելու և դրա հետևանքով պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դոլարի վնասի դեպքի մասին է: ԱԱԾ-ի լրատվականից «Հետք»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է 3 միլիարդ դրամից ավելի գումար, իսկ քրգործը կարճվել է:

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործընկեր Արմեն Ունանյանի ղեկավարած «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն այժմ գտնվում է լուծարային պրոցեսում:

Քրեական գործի շրջանակում հարցաքննության էր հրավիրվել ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: Կալանավորվել էին «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ունանյանը և իր աշխատակիցները: Ունանյանը հայտարարել էր, որ կվճարի պետությանը պատճառված վնասը:

Նախորդ տարի ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց և հաղորդեց, որ բացահայտել է խոշոր չափով հարկեր թաքցնող հանցավոր սխեմա: «Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում),  գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: … «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով»,- ասված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։ Ըստ ծառայության, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։