HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց խախտված իրավունքները

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ բողոքի ակցիա-գործադուլ են իրականացնում: Նրանք կոմբինատի տնօրինությունից պահանջում են իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:

Ի պատասխան՝ կոմբինատի տնօրինությունը ակցիայի ակտիվ մասնակիցներից պահանջել է աշխատանքի չներկայանալու բացատրագրեր ներկայացնել:

Կոմբինատի աշխատակիցների բողոքի ակցիային այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադարձել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ են պահանջում կոմբինատի աշխատակիցները

Բողոքի ակցիան սկսվել է հուլիսի 2-ին՝ կոմբինատի տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցներից: «Հետք»-ը խոսել է արտադրամասի վարորդ Կարեն Սարգսյանի հետ՝ նրանց պահանջների և բողոքի ակցիայի պատճառների մասին:

Կարենն Սարգսյանն ասում է՝ իրենց բողոքի ակցիան խոր արմատներ ունի՝ պայմանավորված է արտաժամյա և վտանգավոր աշխատանքների դիմաց չվճարումով, սակայն այս բողոքի ակցիայի պատճառն այլ է: Նրա պատմելով՝ հուլիսի 2-ին արտադրամասի աշխատակիցները տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի պետ Օլեգ Կոզլովսկուն տեղեկացրել են, որ հանքում քարաթափումներ են, այդ պայմաններում չեն կարող աշխատել, հանք բարձրանալ: Աշխատակիցների այս դիտարկումներին, ըստ Կարենի, Ալեգ Կոզլովսկին պատշաճ չի արձագանքել: «Հանքում այնպիսի տեղեր կան, որ կյանքի համար վտանգավոր են, որտեղ եկել են փորձագետներ և հաստատել, որ դրանք կյանքի համար վտանգավոր պայմաններ են, բայց մենք աշխատել ենք մինչև հիմա: Ուղղակի այդ օրը սկսեց ահավոր քարաթափումներ մի քանի հատվածներում, մենք այդ հարցերով դիմեցինք Ալեգ Կոզլովսկուն, քանի որ նա է մեր անմիջական ղեկավարը: Ընդմիջման ժամն էր, ասեցինք՝ վիճակն ահավոր է, քարաթափումներ են տեղի ունենում: Ասաց՝ էդ ա, ուզում եք աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք, մեր պայմանները սա է»,- պատմում է Կարենը Սարգսյանը:

Այս արտահայտությունից և իրենց կյանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքից վրդովված՝ կոմբինատի աշխատակիցները որոշել են բողոքի ակցիա իրականացնել՝ կոմբինատից պահանջելով բարելավել աշխատանքային պայմաններ բարելավում և արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց հավելավճարներ:

Կարեն Սարգսյանն ասում է՝ կոմբինատը խախտել է իրենց հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, իրենց կատարած առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների համար նախատեսված, արտաժամյա, գիշերային ժամերին կատարած աշխատանքների գումարները տարիներ շարունակ չեն վճարվել: «Այս գումարները հաստատվում են որպես հավելավճար: Մենք ոչ մի անգամ ոչ մի հավելավճար չենք ստացել: Իրենց կողմից տրամադրված թղթերի մեջ ֆիքսված է, որ նման գումար գոյություն չունի: Իրենք մեզ պարզաբանում էին, որպեսզի թուղթը երկար չլինի, չենք գրել այդ թղթի մեջ, բայց այդ գումարն ընդհանուր արժեքի մեջ մտնում է: Բայց մենք ապացուցել ենք, որ նման գումար չկա: Հիմա մեկնաբանում են, որ այդ առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների, արտաժամյա աշխատանքների գումարը մտնում է գործարքային աշխատավարձի մեջ»,- նշեց աշխատակիցը:

Կարենը ընդգծում է, որ օրենքի խախտում է հավելավճարները հիմնական աշխատավարձի մեջ ներառելը: Ասում է՝ ունեն փորձագիտական, հաշվապահական կազմակերպությունների եզրակացություններ, որոնք հավաստել են՝ այդ գումարները ամեն ամիս որպես հավելավճար, առանձին ձևով պետք է վճարվեր:

Կարենը պատմում է, որ արտաժամյա աշխատանքի, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների կատարման դիմաց ստացվող հավելավճարների մասին տեղեկացել են նախորդ տարվա փետրվարին, երբ աշխատանքից իրեն հեռացրել են. կոմբինատի ղեկավարությունը նրան անվստահություն է հայտնել: Իրեն աշխատանքից անհիմն ազատելու որոշումը բողոքարկելու համար Կարենը որոշել է դիմել դատարան և կոմբինատից պահաջել է իր աշխատանքային պայմանագիրը: Դրա ուսումնասիրությունից պարզել են, որ կոմբինատը տարիներ շարունակ խախտել է աշխատակիցների աշխատանքային իրավունքները և առանձնապես ծանր, վտանգավոր աշխատանքների կատարման, արտաժամյա կատարած աշխատանքների համար նախատեսված հավելավճարները չի տրամադրել: Կարենը թեև հոկտեմբեր ամսին դատարանում հաշտություն է կնքել կոմբինատի հետ և վերադարձել է աշխատանքի, սակայն այդպես էլ նա և այլ աշխատակիցներ չեն ստացել արտաժամյա աշխատանքի դիմաց իրենց գումարները: «Եթե գործից չհանեին ու այդ աշխատանքային պայմանագիրը մեր ձեռը չընկներ, տենց ստրուկի պես էլ աշխատելու էինք: Այսինքն՝ մարդուն ամիսը 360 ժամ աշխատացնել ու դրա դիմաց ոչ մի կոպեկ ավել չվճարել: Դա արդեն նշանակում է մարդուն ստրկացնել»,- ասում է նա:

Կարեն Սարգսյանը և 15 այլ աշխատակիցներ այսօր կոմբինատի տնօրինությունից ստացել են աշխատանքի չներկայանալու բացատրագրի պահանջ: Նա նամակ է ուղարկել կոմբինատի ղեկավարությանը: «Իմ բացատրագրում գրել եմ, քանի որ դուք մեզ աշխատացրել եք ստրկատիրական պայմաններում, քանի որ մեր անվտանգությունը, ըստ աշխատանքային պայմանագրի, պարտավոր է ապահովել գործատուն, ստեղծված իրավիճակից վախենալով՝ դադարեցրել եմ աշխատանքս, քանի որ կապված է եղել կյանքի հետ»,- նշում է կոմբինատի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը նաև շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը: Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերերը Նիդեռլանդներում գրանցված GPM Armenia B.V-ն է, որի ճյուղերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն: 

Geopromining Investment (CYP) Limited-ի վերահսկիչ փաթեթը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված և անհայտ բաժնետերերի պատկանող 2 ընկերության է պատկանում (տես գծանկարում՝ Geiser և Tobali): Երկրորդ խոշոր բաժնետերը` Nakilep Overseas Limited-ը գրանցված է Կիպրոսում, որի բաժնետերը ռուսական «Ստարտ Աերո» ՍՊԸ-ն է (OOO "СТАРТ АЭРО"): Համաձայն ռուսական ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի` այն 2019թ. մարտից ամբողջությամբ ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Տրոցենկոյինն է: Նրա անունը կա նաև կիպրոսյան ընկերության տնօրենների ցանկում:

Կոմբինատի աշխատողների արհմիությունը դիմել է Տիգրան Ավինյանին

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցների արհմիությունն իրենց աշխատանքային պայմանագրի դրույթների խախտումների, չվճարվող հավելավճարների մասին օրեր առաջ գրությամբ տեղեկացրել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Փոխվարչապետը նամակը մակագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նախարարությունից հայտնեցին, որ աշխատակիցների պահանջները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում, այժմ միաժամանակյա աշխատանքներ են տարվում արհմիության և տնօրինության հետ, փորձ է արվում ձևավորել երկկողմ խնդիրների և պահանջների օրակարգ և նախանշել դրանց լուծման տարբերակները:

Նախարարությունից հավաստիացրին, որ պետությունը պատրաստակամ է միջնորդ հանդիսանալ և աջակցել գործատու-աշխատող իրավահարաբերությունների դաշտում առաջացած խնդիրների հաղթահարմանը:

Մեղրիի համայնքապետը հանդիպել է կոմբինատի տնօրինության և բողոքի ակցիայի մասնակիցների հետ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Խոշորացված Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպել է կոմբինատի տնօրինության հետ, սակայն նրանք հավաստիացրել են, որ կոմբինատի աշխատակիցների պահանջած հավելավճարները ներառված են եղել նրանց ստացած աշխատավարձերում: Կոմբինատի աշխատակիցները Մխիթար Զաքարյանին բողոքել են նաև կոմբինատի՝ Ռուսաստանից ժամանած անվտանգության ծառայության աշխատակիցների ստուգումներից: Հայտնել են, որ հաճախ աշխատակցիներին ստուգում են ոչ միայն աշխատանքի մտնելիս և դուրս գալիս, այլև աշխատանքի ընթացքում: Մխիթար Զաքարյանն ասում է՝ կոմբինատի բողոքող աշխատակիցներին հանդիպել է նաև մինչ գործադուլը, նրանց հորդորել է օրենքով սահմանված կարգով ակցիան իրականացնել: 

«Տնօրինություն ասում է՝ մենք ճիշտ ենք, խնդրենք, թող համապատասխան մարմինները գան, ստուգեն, եթե էնպես է, որ մենք սխալ ենք, մենք պատրաստ ենք կոմպենսացնել: Բայց հիմա ուրիշ պահանջներ են դնում (նկատի ունի տնօրինությունը- հեղ.): Ասում են՝ անօրինական հայտարարված գործադուլ է, որի հետևանքով մեր կրած վնասները պատրաստվում ենք հայցով ստանալ: Գործադուլի կազմակերպիչներին են իրենք թիրախավորել՝ 16 հոգուն ծանուցագիր են ուղարկել, բացատրագիր՝ ինչի չեն ներկայացել գործի: Մեր կարծիքով հող են նախապատրաստում աշխատանքից հեռացնելու»,- նշեց Մեղրիի համայնքապետը:

Իրավիճակի կարգավորմանը կմիջամտեն ԱԺ պատգամավորները

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բողոքի ակցիա-գործադուլին այսօր անդրադարձել են նաև ԱԺ ամբիոնից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վաղը մեկնելու է Մեղրի և կոչ արել իրավասու պաշտոնատար անձանց միանալ իրեն: «Ագարակում հազարից ավելի աշխատակից ունենք, Ագարակի ու Մեղրու բնակիչները, որոնք հիմնական մասն են կազմում աշխատավորության, գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները։ Նշվածից ելնելով՝ առաջարկում եմ Կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը»,- նշել է նա:

Պատգամավորը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անելիք ունի Աշխատանքի տեսչությունը, Կառավարության,  համապատասխան օղակները։ 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելել է, որ կոմբինատի շահագործման պատճառով հարակից տները հսկայական վնաս են կրել, և դա որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչպես նաև մարդկանց աշխատեցրել են արտաժամյա, որի դիմաց չեն վճարվել։ Պատգամավորը տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն՝ դատախազությունը քրեական գործ է հարուցել, այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Այդ ռեգիոնից ընտրված բոլոր պատգամավորներով պետք է հետամուտ լինենք, որ գործարանի աշխատակիցների շահերը պաշտպանվեն, որովհետև հույս ունեմ, որ մեր երկրում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները»,- նշել է պատգամավորը։

Լուսանկարները՝ Մարիամ Ծատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter