
ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը
Սահմանադրական դատարանը հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ՝ մասամբ վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Քննելով դիմումը՝ Սահմանադրական դատարանը որոշել է այն վարույթ ընդունել Քոչարյանին և մյուսներին վերագրվող 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը որոշելու հարցով, իսկ մյուս հարցերով դիմումը մերժել: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից:
Գործի դատաքննությունը կսկսվի օգոստոսի 20-ին, ըստ ՍԴ աշխատակարգային որոշման՝ դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:
Գործով զեկուցողներ են նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Արման Դիլանյանին, Ֆելիքս Թոխյանին, Արաիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանին, Հրանտ Նազարյանին, Արևիկ Պետրոսյանին:
ՍԴ մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում գործի քննությանն անհնարին է, քանի որ նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում:
Սահմանադրական դատարանը որոշել է գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:
Նշեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել է Մարտի 1-ից անջատված մասով մեղադրյալներ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանիժ գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան`խնդրելով քննարկել և պարզել իր վարույթում գտնվող քրեական գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված օրենքի) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին, մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել