HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուս-վրացական կրքերն ու Հայաստանի շանսերը

Վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Գեորգի Գաբունիայի օրեր առաջ արած հայտարարությունները, որոնք հայհոյանքներ ու վիրավորանքներ էին պարունակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, լարվածության նոր ալիք բարձրացրին Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններում։ Դրանից հետո Ռուսաստանում քննարկում էին Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Կառավարությանն առաջարկելով դադարեցնել Վրաստանից գինու և ջրի ներմուծումը։

Այս առաջարկին, սակայն, Ռուսաստանի նախագահը հավանություն չի տվել։ Մինչ նրա անհամաձայնության մասին հայտարարությունները, հայ տնտեսվարողները ակտիվորեն քննարկում էին՝ արդյոք հայկական գինին ու ջուրը կարո՞ղ են իրենց դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում՝ փոխարինելով վրացականին։ Սովորաբար, նման իրավիճակներում ակտիվանում են հայկական ապրանքներով այս կամ այն շուկան գրավելու քննարկումները։ Մոտ երեք շաբաթ առաջ էլ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարեց, որ խստացնում է վրացական գինու որակի վերահսկողությունը։

Հայկական գինի ու հանքային ջուր այսօր էլ է արտահանվում Ռուսաստան։ Սակայն այս շուկայում վրացական գինին ու ջուրն անհամեմատ ավելի մեծ պահանջարկ ու կշիռ ունեն։  Տվյալները վկայում են, որ եթե անգամ Ռուսաստանը հրաժարվեր վրացական գինուց ու հանքային ջրերից, և եթե նույնիսկ Հայաստանում արտադրված ամբողջ գինին ու ջուրը հասնեին Ռուսաստան, միևնույն է, վրացական ապրանքների բացը չէր լրացվի։ 

Ռուսաստան ներմուծվող գինու ավելի քան 9 %-ը վրացական է. Հայաստանն անհամեմատ ավելի քիչ գինի է արտադրում

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նախորդ տարի Վրաստանը արտահանել է ընդհանուր առմամբ մոտ 65 մլն լիտր գինի, որից 40 մլն լիտրը՝ միայն Ռուսաստան։ Այսինքն՝ արտահանվող վրացական գինու 62 %-ի գնորդը Ռուսաստանն է, ինչը նշանակում է, որ վրացական գինեգործության համար նախատեսվող պատժամիջոցները լուրջ հարված էին լինելու։ Ավելի փոքր ծավալով Վրաստանը գինի է արտահանում Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Լեհաստան և այլ երկրներ։

Իսկ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության տվյալներով` 2018 թվականին Ռուսաստան արտահանված վրացական գինու ծավալը փոքր-ինչ տարբերվում է՝ 38 մլն լիտր։ Ընդհանուր առմամբ, ըստ նույն աղբյուրի, նախորդ տարի Ռուսաստանը ներմուծել է մոտ 407 մլն լիտր գինի։ Այդպիսով, ներմուծված գինիների կազմում վրացական գինու կշիռը շուրջ 9.4 % է։  Այս ցուցանիշով Վրաստանը երրորդ տեղում է Ռուսաստանին գինի վաճառող երկրների շարքում։ Առաջին տեղում Իսպանիան է՝ 21.2 %-ով, երկրորդում՝ Իտալիան, որի տեսակարար կշիռը 19.9 % է։

Ռուսական «Կոմերսանտ» թերթն ավելի վաղ հարցում էր կատարել ռուսաստանյան սուպերմարկետների շրջանում՝ հասկանալու վրացական գինու կշիռը։ Ըստ ստացված տվյալների՝ Ռուսաստանում հայտնի «Աշան» սուպերմարկետների ցանցում վրացական գինիների կշիռը կազմել է 8 %, «Պյատյորոչկա» և «Պերեկրյոստոկ» ցանցերում՝  5–6.5 %, «Լենտա»-ում՝ 9 %։

Համեմատության համար նշենք, որ ըստ Հայաստանի մաքսային ծառայության՝ Հայաստանից նախորդ տարի արտահանվել է ընդամենը 2.5 մլն լիտր գինի, որից 2 մլն լիտրը՝ Ռուսաստան։ Նույն տարում, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 8.9 մլն լիտր գինի։ Այսինքն՝ նույնիսկ մեծ ցանկության ու հնարավորության դեպքում այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ռուսական շուկայում ամբողջությամբ փոխարինել վրացական գինուն։ Չնայած դրան՝ որոշ չափով արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություն կա։ Նման հնարավորություն Հայաստանը նախկինում ևս ունեցել է, երբ դեռևս 10 տարի առաջ վրացական գինու մուտքը Ռուսաստան արգելվել էր, սակայն հայկական կողմը տեսանելի արդյունքներ չգրանցեց։ 

Հայկական հանքային ջրերի շանսերն ավելի մեծ են

Մասնագետների գնահատմամբ՝ ռուսական շուկայում հայկական հանքային ջրերի ծավալն ավելացնելու շանսերն ավելի մեծ են, քանի որ հայկական հանքային որոշ ջրեր արդեն իսկ հայտնի են այդ շուկայում և որոշակի կայուն պահանջարկ ունեն։ Կրկին Դաշնային մաքսային ծառայության տվյալներով` 2018 թվականին Ռուսաստանը ներմուծել է 156 մլն լիտր հանքային ջուր, որից մոտ 73  մլն լիտրը կամ մոտ 46.6 %-ը Վրաստանից է։ Վրաստանն արտահանողների ցանկում այս ցուցանիշով դարձել է Ռուսաստանի համար մեկ մատակարարը հանքային ջրերի շուկայում։ Հաջորդում են Ֆրանսիան (15.9 %-ով) ու Իտալիան (9.2 %-ով )։

Համեմատության համար՝ նույն տարում Հայաստանից արտահանվել է 13.9 մլն լիտր հանքային ջուր (մաքսային ձևակերպմամբ. ջրեր` բնական կամ արհեստական հանքային, գազավորած, չքաղցրացրած, սառույց եւ ձյուն), որից Ռուսաստան է արտահանվել մոտ 12 մլն լիտրը։ Այսինքն՝ դեպի Ռուսաստան արտահանված հանքային ջրերի կազմում Հայաստանի կշիռը նախորդ տարի կազմել է 7.7 %, որը բոլորովին վատ ցուցանիշ չէ: Ըստ Վիճկոմիտեի՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 41 մլն լիտր հանքային ջուր։

Վրաստանը զգալի կորուստներ է կրում զբոսաշրջության ոլորտում. երկիրը կզրկվի շուրջ 710 մլն դոլարից

Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները սկսվել են այս տարվա հունիսի 20-ից` Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, որը ներկա էր Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի ժամանակ նա նստել է խորհրդարանի խոսնակի աթոռին և ներկաներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից անմիջապես հետո Թբիլիսիում բողոքի ալիք է բարձրացել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել, որով այս ամենի համար մեղադրել է Ռուսաստանին: Նա «թշնամի» և «օկուպանտ» է անվանել Ռուսաստանին: 

Մեկ օր անց՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից Վրաստան: Նաև հանձնարարվել էր ապահովել Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը:

Այս դեպքերից հետո Ռուսաստանցի զբոսաշրջիկները զանգվածաբար սկսել են չեղարկել իրենց ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում։ Այս տեղեկությունները օրեր առաջ վրաստանյան լրատվամիջոցներով հաստատեց Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։

Ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումը անմիջապես հարվածում է  Վրաստանի պետական բյուջեին։ Հարվածի տակ են հայտնվել այն քաղաքացիները, որոնք ծառայություններ են մատուցում զբոսաշրջության ոլորտում, և որոնց եկամտի հիմնական աղբյուրը ամռան ամիսներին Վրաստան մեկնող զբոսաշրջիկներն են։

Մարիամ Կվրիվիշվիլին լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենց հաշվարկներով Վրաստանը մինչև տարեվերջ կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից։ Արդյունքում իրենց երկիրը կզրկվի շուրջ 2 միլիարդ լարիից, որը կազմում է շուրջ 710 մլն ԱՄՆ դոլար։

Վրաստանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ նախորդ տարի Վրաստան է այցելել 1.4 մլն ռուսաստանցի, ինչի արդյունքում եկամուտը կազմել է 2 մլրդ լարի: Այս տարի արդեն ակնկալվում էր, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կհասներ 1.7 միլիոնի, իսկ ստացված եկամուտները՝ 2.5 մլրդ լարիի:

Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև վրացական լարիի կայունության վրա. այն արժեզրկվում է։

Հայաստանը կարող է Վրաստան չմեկնած զբոսաշրջիկների մի մասին հյուրընկալել. գնդակը բիզնեսի դաշտում է

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ  Հայկազ Ֆանյանի խոսքով՝ Հայաստանը կարող է որոշակիորեն շահել այս իրավիճակից՝ հյուրընկալելով այն ռուս զբոսաշրջիկներին, որոնք չեղարկել են դեպի Վրաստան իրենց ուղևորությունը։ «Բնականաբար, ոչ բոլորը կգան Հայաստան, սակայն նրանց մի որոշ մասը կգա։ Այսինքն՝ այս իրավիճակը որոշակի դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար։ Թե որքանով՝ դժվար է ասել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Ըստ նրա՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար ներկայում ավելի շատ աշխատանքներ ունի անելու մասնավոր հատվածը՝ բիզնեսը, տուրօպերատորները, քան պետական հատվածը։ «Պետության ուղղակի միջամտությունը չեմ պատկերացնում։ Պետական մարմինները կարող են միայն գովազդով զբաղվել, Ռուսաստանի հետ բանակցել չվերթների քանակի ավելացման, Գյումրիով չվերթները ակտիվացնելու ուղղությամբ։ Այստեղ գնդակն այժմ բիզնեսի դաշտում է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ռուս զբոսաշրջիկները կարող են Հայաստան գալ նաև մի քանի օր անց Վրաստան մեկնելու նպատակով։ Այստեղ ևս մեր զբոսաշրջության ոլորտը կարող է շահել. «Օրինակ զբոսաշրջիկը կարող է Նովոսիբիրսկից գալ Երևան, երկու օր մնալ այստեղ, հետո մեկնել Վրաստան»։

Ինչ վերաբերում է Հայաստանի  առաջարկած պայմաններին՝ տրանսպորտային ծախսեր, ծովի բացակայություն և այլն, ըստ Հայկազ Ֆանյանի՝ այս դեպքում Հայաստանի գլխավոր մրցակիցը դառնում է Աբխազիան։

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ներկայում որպես Վրաստանին այլընտրանք՝ ռուս զբոսաշրջիկները դիտարկում են Հայաստանը, Աբխազիան, ինչպես նաև՝ Ադրբեջանը։  

 

Լուսանկարը՝ Irakli Gedenidze / REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter