
Էրիկ Գրիգորյան. «Սևանում ստեղծված իրավիճակը երկար տարիների սխալ կառավարման հետևանք է»
Նախօրեին կառավարության արտահերթ նիստին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի նախարարություն հայտ է ներկայացրել Սևանա լճում լրացուցիչ մաքրման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ լճի կանաչելու գործընթացները զգալիորեն նվազել են, իսկ ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ ավել է:
«Ջրբացթողնման և ջրահեռացման մասին նշեմ, որ 25 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ է վերցվել, քան նախորդ տարի այս օրը, և 5 միլիոն խորանարդ մետրի չափով Արփա-Սևանով մուտք է եղել: Նաև նշեմ, որ Ջրային կոմիտեի ներկայացված հայտից պակաս ջրառ է կատարվում»,- ասաց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը իր հետ բերել էր նաև բնապահպանական տեսչության 2012թ. կատարած ստուգումների մասին արձանագրությունը, որից պարզ է դարձել, որ մաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարվել: Նախարարն ասաց, որ 2011-2017թթ. Սևանա լճում կատարված մաքրման աշխատանքների մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվել է և փոխանցվել դատախազությանը: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնառաջարկ է ներկայացրել այն մասին, թե որքան գումար կկազմի եթե Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրվեն: Ըստ գնառաջարկի՝ Մարտունու և Վարդենիսի համար տեղադրվող մաքրման կայանների համար առանձին-առանձին կպահանջվի 888 միլիոն դրամ, իսկ Գավառի համար՝ 1 մլրդ 184 մլն դրամ: Նախարարը հստակեցրեց, որ սա Հայաստանում գործող կազմակերպության մատուցած ծառայությունների գումարն է, սակայն տարբերակներ կան նաև այլ երկրներից:
«Հենց այս պահին կատարվում է նաև գետերի մաքրման ուսումնասիրություններ: Հենց հիմա էլ վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ կհաշվարկվի, թե ինչքան ծախսեր կլինեն, և կդիմենք գումար ստանալու համար: Եթե հնարավորություն լինի մինչև 2020 թվականը Սևանը ամբողջությամբ մաքրել, ապա ֆինանսավորում ստանալու համար կրկին կդիմենք կառավարությանը»,- ասաց շրջակա միջավայրի նախարարը: Էրիկ Գրիգորյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում նաև կողակի պաշարները վերականգնելու վերաբերյալ: Ըստ նախարարի՝ Սևանում ստեղծված իրավիճակը երկար տարիների սխալ կառավարման հետևանք է:
«Եթե նույնիսկ մենք ոչինչ չանենք, ավել ջրառ չիրականացնենք, աղտոտման աղբյուրները չավելանան, միևնույնն է՝ բացարձակապես արդեն բավարար չէ: Պետք է կատարել հստակ գործողություններ, քանի որ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը խախտված է»,- նշեց Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը նշեց, որ լճերն ունեն երեք կարգավիճակ՝ շատ մաքուր, միջին և ճահճացված, և Սևանա լիճը այժմ ունի միջին կարգավիճակ: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սառը շերտը այնքանով է կարևոր, որ թույլ չի տալիս ներքևից սնուցվող նյութերին վեր բարձրանան:
Մեկնաբանել