HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման հիմքով

Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում սպանված «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ համաներում կիրառելու հիմքով: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է դատախազության հանրային կապերի բաժինը:

Քրեական աշխարհում «Մասիվցի Անդիկ» և «Անդո Խրոմոյ» մականուններով հայտնի Անդրանիկ Հարությունյանի բնակարանում 2018 թվականի հունիսի 20-ի խուզարկությույամբ՝ հայտնաբերվել էր «մեթադոն» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

Անդրանիկ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ 0,33 գրամ զանգվածով «մեթադոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, սակայն ինչպես արդեն նշվեց, նրա նկատմամբ համաներում է կիրառվել:

Դատախազությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է նաև, որ քրեական գործի նախաքննությամբ չի հաջողվել պարզել, թե Անդրանիկ Հարությունյանն ումից է ձեռք բերել թմրամիջոցը: Անհայտ անձի կողմից Անդրանիկ Հարությունյանին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 20-ին հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որի վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը սպանվել էր այս տարվա հուլիսի 2-ի երեկոյան՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Դիակի վրա եղել է հրազենային 4 վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իրավապահ մարմիններին դեռևս չի հաջողվել հայտնաբերել սպանությունը կատարած անձին:

Հավելենք նաև, որ հուլիսի 8-ին տեղի է ունեցել Անդրանիկ Հարությունյանի հուղարկավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter