HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբերտ Պարսամյանը վերադարձել է պապական գյուղ բրուտագործությունն ու գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով

Բրուտագործ Ալբերտ Պարսամյանը 2015-ից տեղափոխվել է Տեղեր գյուղ՝ բրուտագործությունն ու գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով:

Բրուտագործությունն Արագածոտնի մարզում զարգացնելու առաջարկ Ալբերտ Պարսամյանը ստացել է 2014 թվականին միջազգային կազմակերպությունից։

Ծրագիրը սկսելու համար նա ընտրել է Տեղերը՝ պապական գյուղը։

«Հյուրատան տեղը դատարկ հող է եղել, պապուս տնկած պոպոկներն ունեինք՝ երկու հատ: Կամաց-կամաց ընտանիքով այս ամենը մեր ձեռքերով պատրաստեցինք»,- ասում է բրուտագործը:

Ալբերտ Պարսամյանը բրուտագործությամբ զբաղվում է 25 տարեկանից` արդեն 30 տարի:

Գյուղ տեղափոխվելու առաջին տարիներին Պարսամյանը արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին բրուտագործության դասեր էր տալիս: Հետագայում նրանց առաջարկով Ալբերտն ու ընտանիքը որոշեցին գյուղում հյուրատուն հիմնել՝ հաշվի առնելով գյուղի պատմամշակութային նշանակությունը: 

2016 թվականին Տեղերում արդեն բացվեց գյուղի առաջին հյուրատունը՝ «Բրուտագործության կենտրոն՝ Տեղերում»-ը: 

Հյուրատան յուրաքանչյուր դետալ ընտանիքն իր ձեռքով է պատրաստել: Փայտյա տնակներն Ալբերտի, հոր և որդու աշխատանքն են: Այստեղ հյուրերը ոչ միայն հանգստանում են, այլև բրուտագործությամբ, փայտի փորագրությամբ, դարբնությամբ, գորգագործությամբ են զբաղվում: 

Տեղերը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, գյուղում են գտնվում վանական համալիրն ու Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները: 

Ընտանիքը համոզված է՝ գյուղի պատմական նշանակության վայրերի, իրենց արվեստի դասերի միջոցով կկարողանան գյուղում պատմամշակութային և գյուղական տուրիզմը զարգացնել:

Պարսամյանները բնակվում են Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Գարնան մեկնարկին տեղափոխվում են Տեղեր, իսկ գյուղից հեռանում են ձմռանը: 

Հյուրերը տարբեր երկրներից են՝ Ֆրանսայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Անգլիայից:

Հյուրատան յուրահատկությունը մշակութային միջավայրն է. նկարներ կան, կավից պատրաստված իրեր: Դրանք մեծ մասամբ Ալբերտ Պարսամյանի աշխատանքներ են, որոշներն էլ՝ որպես հուշ, բրուտագործություն սովորած կամ վերապատրաստված զբոսաշրջիկներն են թողել:

«Սա տարիների աշխատանք է, շատ մեծ դժվարությունների միջով անցանք: Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, որ մի փոքր բան կարողացանք այս գյուղի համար անել, գյուղը վերականգնել»,-ասում է Ալբերտ Պարսամյանը:

Հյուրատան աշխատանքները կազմակերպում և կառավարում է Ալբերտի կինը՝ Ալվարդ Պարսամյանը: Նա է հյուրերին ընդունում, նրանց համար ուտեստներ պատրաստում։ Ասում է՝ հյուրատան հիմնական հյուրերը արշավականներն են, ովքեր այնտեղ գիշերում են և արշավների գնում դեպի Բյուրական, Ամբերդ, Արագած:

«Մեզ համար ամեն ինչը շատ կարևոր է, նույնիսկ ամեն մանրուք: Մենք ամեն ինչ անում ենք սիրով: Ուզում ենք մեզանից ամեն հեռացող հյուր իր հետ մի փոքր Հայաստան, մի փոքր ջերմություն տանի»,- ասում է Ալվարդ Պարսամյանը:

Մեկնաբանություններ (2)

Scott Umpleby
We stayed with Albert and Alvard last summer. They are welcoming hosts and staying at Tegher was the perfect start to our holiday.
Վարդան Պարսամյան
Ուղղակի ապրեք դուք ամեն ինչ շատ սիրուն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter