
Ալավերդցի մտավորականները՝ Սուքիասյան ընտանքին պատկանող բանկի դեմ
Այսօր Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի առաջ:
Մտավորականները բողոքի ակցիային ներկայացել էին «Սուքիասյաններ, հանգիստ թողեք ալավերդցիներին» և ««Հայէկոնոմբանկ» ձեռքդ հեռու տար պատկերասրահից» կոչերով: Բողոքի ակցիայի առիթ էր դարձել նաև այն փաստը, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր ենթականերին հրահանգել էր Ալավերդու պատկերասրահի նկարները տեղափոխել Ազգային պատկերասրահ:
«Ազգային պատկերասրահի ղեկավարը միայն Արման Ծատուրյանը չէ: Այնտեղ կան էլի աշխատողներ: Եթե պատկերասրահի տնօրենն անհիմն հրահանգ է տալիս, այն կատարող մարդիկ տեսնում են, որ դա անհիմն հրահանգ է՝ չեն կատարում: Տնօրեն Արման Ծատուրյանի առաքելությունը գեղանկարչությունը մեր ժողովրդին մատուցելն է, ոչ թե վերացնելը»,- ասում է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: Վերջինիս խոսքով՝ Ալավերդու պատկերասրահը ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից լավագույնն է: Այս առումով էլ Ռ. Ջավախյանը Ալավերդու պատկերասրահի փակելը անթույլատրելի համարեց:
«Եթե այս վիճակում հանձնարարվում է մեր պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ, էլ պատկերասրահը փակելը ոնց է լինում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահի շենքը յուրացնելու համար: Դրա պատճառն ընդամենն այն է, որ շենքի դիրքը ի սկզբանե դուր է եկել «Հայէկոնոմբանկի» սեփականատերերին՝ Սուքիասյանների ընտանիքին: Շենքը գտնվում է Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցում: Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքը՝ որպես պատկերասրահ, այսօր էլ համայնքի սեփականությունն է:
Սուքիասյաններին հաջողվել է շրջանցել Կառավարության որոշումը և Ալավերդու Քաղառի վարկային պարտքի դիմաց, շինծու փաստաթղթերով զավթել պատկերասրահի ամբողջ տարածքը: «Հետք»-ի հրապարակումից հետո Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին Քր. օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Արդեն 8 ամիս է քրեական գործը գտնվում Թումանյանի քննչական մարմնում, սակայն Սուքիասյաններին հաջողվել է ձգձգել գործի վարույթը: Մյուս կողմից նրանք պատկերասրահի շենքը վերջնականապես յուրացնելու համար Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի միջոցով փորձում են ընդհանրապես փակել Ալավերդու պատկերասրահը: Ալավերդու պատկերսրահի ճակատագրի մասին Կառավարության տեսակետը պարզելու համար այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս խնդրել է իրեն ուղարկել Ալավերդու պատկերասրահի մասին «Հետք»-ի հրապարակումները:
«Ալավերդի քաղաքում 5 բանկ է գործում: Բանկերի թիվը շատ է մեր քաղաքի բնակչության քանակի դեպքում, ավելի լավ է բանկերից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» փակվի, իսկ մեր քաղաքի բնակչության համար խիստ անհրաժեշտ պատկերասրահը իր շենքում հանգիստ գործի»,- ասաց Ալավերդու համայնքային թատրոնի ղեկավար Հրաչյա Պապինյանը:
«Հայ ազգին ոչնչացնելուց առաջ մեր թշնամիները նախ ոչնչացրել են մեր հոգևոր արժեքները: Հիմա մեր քաղաքի կարևոր հոգևոր արժեքներից մեկը ոչնչացվում է բանկիր Սուքիասյանների կողմից: Պատկերասրահն այսօր դարձել է մեր Աքիլեսյան գարշապարը: Կառավարության թողտվությամբ քայլ առ քայլ պատկերասրահի շենքը հանձնվում է մեծահարուստ բանկիրներին: Մեր նախազգուշական այս բողոքը տեղ չհասնելու դեպքում, պետք է ոտքի հանենք ամբողջ Ալավերդին»,- ասաց դերասանուհի Սիլվա Նազարյանը:
Նա կոչ արեց ալավերդցիներին մարտնչել պատկերասրահի շենքի համար և «Հայէկոնոմբանկի» հետ ընդհանրապես որևէ գործարք չկատարել:
«Հիմա մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որովհետև այսօր կամ վաղը մշակութային մի գեղեցիկ օջախ վերանալու է: Պատկերասրահը հեշտ չի ստեղծվել Ալավերդիում: Բայց Սուքիասյանների նման մարդկանց կողմից, այն վերացնելը կարող է շատ հեշտ լինել»,- ասաց դերասան Արթուր Սիմոնյանը:
«Առաջ էր, որ ասում էին մածունի մերանը Երևանից է գալիս: Հիմա միայն Երևանով չի սահմանափակվում մշակութի զարգացումը: Մարզերը պետք է համաչափ զարգանան: Ալավերդիում գործում է հանրապետության ամենահին նկարչական դպրոցը, էլ չեմ ասում թատրոնի մասին: Եթե այս տեմպերով գնա, ինչի մասին է խոսքը, Ալավերդին կվերանա»,- ասաց նկարիչ Արսեն Գրիգորյանը:
Նկարիչ Զավեն Օհանյանն ասում է, եթե Սուքիասյաններին հաջողվի զավթել պատկերասրահի շենքը, մի օր էլ մեկ ուրիշ բանկիր աչքը գցելու է Ալավերդու մշակույթի կենտրոնի և մյուս մշակութային շենքերի վրա:
«Արման Ծատուրյանը, ինձ թվում է, արվեստի ոլորտի ղեկավար չի կարող լինել, քանի որ Սուքիասյաններին հաճոյանալու համար հրահանգ է տալիս մեր ժողովրդին զրկել իր պատկերասրահից»,- ասաց Զ. Օհանյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Ալավերդու պատկերասրահի հետ կապված բողոքին Կառավարության չարձագանքելու դեպքում, ամբողջ ալավերդցիներով կփակեն «Հայէկոնոմբանկի» մուտքը և կխոչընդոտեն բանկի աշխատանքը:
Մեկնաբանել